Արդյոք Հայաստանում կա՞ «ընդդիմության «փրկիչ լիդերի» պահանջարկ

Արդյոք Հայաստանում կա՞ «ընդդիմության «փրկիչ լիդերի» պահանջարկ

«Հրապարակի» «Ընդդիմության առաջնորդների պոտենցիալ թեկնածուների ցանկը մեծ չէ» հոդվածի բովանդակությունը չվերաշարադրելով, միայն նշեմ, որ կոնկրետ անուններ են նշվում, թե ինչու Հայաստանում հնարավոր չի լինում ընդդիմությանը համախմբել եւ միասնական լիդեր ունենալ։ Հոդվածում ներկայացված որոշ թեզերի հետ համակարծիք եմ, որոշների հետ՝ ոչ։ Դժվար է չհամաձայնել, որ Հայաստանում քաղաքական կապիտալ հավաքելը բարդ բան չէ, ավելի բարդ է զարգացնելը եւ հատկապես՝ այն պահպանելը։ Ժամանակակից տեխնոլոգիաները եթե հաշվի առնենք, ապա կարճ ժամանակում իրոք հնարավոր է հավաքել քաղաքական կապիտալ, եթե ճիշտ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառվեն, հանրային հստակ խոսք եւ որոշ այլ գործողություններ։ Զարգացնելն էլ բարդ չէ, կարծում ենք, եթե ճիշտ ու գրագետ աշխատանք իրականացվի։ Այ, պահպանելը դժվար է, նույնիսկ՝ չափազանց դժվար, որովհետեւ հենց պահպանելու հարցում են ծագում բարդությունները, որովհետեւ ամենաբարդը ոչ թե մարդկային գիտակցության կամ հանրային գիտակցության, հանրային կարծիքի վրա ազդելն է, այլ այդ ազդեցության էֆեկտը պահելը։

Դա արդեն պահանջում է ամենօրյա տքնաջան թիմային աշխատանք, որոշակի խիզախություն եւ էլի որոշ որակներ ու, բնականաբար՝ նաեւ հանրային պահանջարկ։ Հենց այստեղ է, որ համաձայն չենք հոդվածագրի կարծիքի հետ․ «Մարդիկ ուղղակի խնդրում են, տենչում են, որ ինչ-որ մեկը հայտնվի` առաջնորդի իրենց, իրավիճակին ադեկվատ արձագանքի»։ Նման պահանջարկ, եթե անկեղծ լինենք, Հայաստանում հիմա չկա։ Կան, իհարկե, իշխանափոխության մասին խոսողներ, նաեւ՝ հանրային խմբեր, որոնց համար իշխանափոխությունն օրակարգ է, սակայն ասել, որ հայաստանյան հանրությունը 50 տոկոս +1 անձով ցանկանում է իշխանափոխություն կամ նոր առաջնորդի բաղձանք ունի, նման բան թերեւս չկա։ Եթե լիներ, ապա վաղուց այդ լիդերը «ծնված» կլիներ՝ «թեկնածուների» ողջ բազմազանությունից։ Այս պնդումն իշխանամետ արձանագրում համարելը սխալ է։ Ուղղակի իրերի օբյեկտիվ վիճակն է այդպիսին։ Հետպատերազմական Հայաստանում հասարակությունը հիմա պարզապես գերհոգնած է, կարելի է ասել՝ համարյա ջլատված ու սպառված՝ քաղաքական առումով։

Առանց այն էլ մեր հասարակությունը միայն «խոհանոցային քաղաքագիտության» մաստեր կլասներ տալուց էր լավ, բայց ոչ երբեք գործնականում քաղաքականությամբ զբաղվելուց կամ քաղաքական պրոցեսների վրա ներազդելուց, ուր մնաց թե հիմա, երբ առկա են համընդհանուր հոգնածություն եւ անտարբերություն։ Այս վիճակը, ի դեպ, հարատեւ լինել չի կարող, ուղղակի, իր բարդությամբ պայմանավորված, վերականգնումն էլ դանդաղ ընթացքով է առաջ գնում։ Իսկ ժամանակը մեր երկրի օգտին չի աշխատում։

Խնդիրը հենց դա է։ Եվ, բացի այդ, չպետք է մոռանալ, որ այնպիսի շրջադարձեր, ինչպիսին, օրինակ, իշխանափոխությունն է, չի կարող տեղի ունենալ որեւէ փոքր երկրի ներսում, եթե «դրսում» դրա հետ կապված «դրական կոնսենսուս» չկա ձեւավորված։ Այսինքն, ընդդիմության լիդերը, ով պետք է հավակնի իշխանության, նաեւ պետք է դրսին համոզի, որ ինքն ավելի լավ «գործակատար» կարող է լինել, քան իշխանության ղեկին գտնվող գործող լիդերն է, որպեսզի դրական կոնսենսուսի վեկտորը նրա վրայից իր վրա ուղղորդի։ Այլապես ներքին խմորումները քիչ են արդյունքի հասնելու համար։ «Հրապարակի» էջերում այս մասին խոսելու առիթներ ունեցել ենք, նորից նշենք՝ 2018 թվականին տեղի ունեցածը եզակի եւ բացառիկ էր հայաստանյան հասարակության, առհասարակ՝ հայկական մենթալիտետի համար, եւ ավելի հավանական է, որ նոր քաղաքական շրջադարձը «դրսի» աշխատասենյակներում լինի, քան հրապարակի բազմության միջոցով։ Եվ հատուկ ներսի լսարանի համար էլ՝ «փրկիչ լիդերը» պետք է լինի շատ ավելի պարզ ու հասկանալի, քան գործող լիդերն է, որպեսզի կարողանա մրցակցել ու սիրաշահել այն զանգվածին, որին ուսյալ չես համարի, որը, սակայն, պայմանականորեն «խաժամուժ ամբոխ» լինելով՝ նաեւ որոշակի վճռորոշ տոկոս է ապահովում որպես էլեկտորատ։