Առաջնայինը Երիտասարդության պալատի վերականգնումն է

Առաջնայինը Երիտասարդության պալատի վերականգնումն է

2018 թվականի Երեւանի ընտրություններին մեծ թվով մասնակիցներ կային, որոնց մի մասին մենք այսօր չենք հիշում։ Նրանցից մեկը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն էր, ով առաջադրվել էր «Գալա» կուսակցությամբ: 2018-ին Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը գլխավորում էր դերասան Հայկ Մարությանը, ԲՀԿ ցուցակը՝ Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր ծիրանի»-ն՝ Զարուհի Փոստանջյանը։ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն ընտրություններին մասնակցում էին միասին, եւ ավագանու ցուցակը գլխավորում էր արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ 2018-ից հինգ տարի անց` այսօր, Անահիտ Թարխանյանը կարծում է, որ ընտրություններին իր մասնակցելու հանգամանքը ոչ այլ ինչ էր, քան զուտ ալտերնատիվ մի բան: Թարխանյանն ասում է, որ մայրաքաղաքային խնդիրներին այսօր չի տիրապետում: «Ես պարզապես ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրեցի, բայց պրոֆեսիոնալ քաղաքագետ չեմ ու շատ բան չեմ հասկանում»,- ասում է նա:

- Իսկ այս տարի չե՞ք ցանկանում ընտրություններին մասնակցել:

- Չեմ մասնակցելու:

- Ինչո՞ւ:

- Դե, ամեն մի ժամանակ ունի իր անհրաժեշտությունը: Այս տարի չկա իմ անհրաժեշտությունը:

- Քաղաքապետի ընտրությունը քաղաքական պայքա՞ր է, թե՞ ավելի շատ քաղաքի մենեջերի ընտրություն:

- Ինձ թվում է՝ ամեն դեպքում, քաղաքապետի ընտրությունը պետք է մնա որպես քաղաքի մենեջերի ընտրություն:

- Այսօրվա պայքարն ինչպիսի՞ պայքար է:

- Չեմ խորացել, դժվարանում եմ պատասխանել: Դա էնքան հեռու է իմ մասնագիտությունից:

- Բայց Դուք քաղաքապետի թեկնածու եք եղել, ինչո՞ւ է հեռու:

- Բայց դա լրիվ այլ է: Ես ալտերնատիվ թեկնածու էի` ոչ մասնագետ, բայց մասնագետի: Ոչ ավելին:

- Այժմ համագործակցում եք «Ապրելու երկիր» կուսակցության հետ: Գուցե նրանց հետ համագործակցեք:

- Չէ, դա քաղաքական համագործակցություն չէ, դա հանրային մասնագիտական համագործակցություն է, որը միտված է Երիտասարդության պալատը վերազինելուն: Պետք է դրան բոլորը մասնակցեն, ես գտնում եմ, որ դա շատ կարեւոր է բոլորիս համար: Այնպես որ, դա քաղաքական համագործակցություն չէ:

- Գուցե «Ապրելու երկիր» կուսակցությանն եք աջակցելո՞ւ առաջիկա ավագանու ընտրություններում:

- Դա մասնագիտական համագործակցություն է, ի՞նչ եք կարծում՝ պետք է այն միանգամից ազդի՞ քաղաքական գործունեության վրա:

- Չի՞ ազդում:

- Չգիտեմ, ինձ համար երկրորդական է: Առաջնայինը Երիտասարդության պալատի վերականգնումն է։