Երազանքի իրականացումը

Երազանքի իրականացումը

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին: Հրավիրվել են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։

Այսօրինակ տեղեկատվության հակասությունը ենթադրել է տալիս, որ կողմերից մեկը սխալվում է: Եթե այս ամենը տեղի ունենար նախկինների օրոք, ապա հանգիստ կարելի էր մտածել, որ կեղծ տեղեկատվության աղբյուրը թուրքական լրատվամիջոցներն են: Բայց, ի դժբախտություն մեզ, նախկինների փոխարեն այսօր վարչապետի պաշտոնին ունենք Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձին: Իսկ վերջինիս օրոք թուրքական լրատվամիջոցներին սխալ համարել հնարավոր չէ: Ի սկզբանե (by default) նրանք սխալ լինել չեն կարող՝ հատկապես որ, որպես տեղեկատվության աղբյուր, նշվում է այդ երկրի փոխնախագահի անունը: 

Մնում է երիտասարդ քայլարածը, որը, համենայն դեպս առաջին հայացքից, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է մատուցել հանրությանը: Իսկ ավելի պարզ ասած՝ տվել է սխալ ինֆորմացիա: Ինչը նորմալ է՝ այս իշխանությունը ծնվել է կեղծիքի ու ստերի մեջ: Եվ կեղծիքի ու ստերի մեջ էլ շարունակել և շարունակում է գոյատևումը: Օրինակ եք ուզո՞ւմ: Խնդրեմ՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյայի հերոս Աբաջյանի կեղծ պապիկի ելույթը, ոմն ոստիկան Աշոտին նրա կեղծ տատիկի մասին հաղորդումը, կեղծ հայրենասեր պապին, որ Ծիծեռնակաբերդ էր գնում: Չիմացանք ով էր՝ մուրացի՞կ, թե՞ հատուկ պահպանվող պաշտոնյա. ոստիկանական մեքենայով էին հասցրել հավերժական կրակի մոտ: Իսկ ներկով ծածկվող ճանապարհային կարմիր գծերի ու ներքնաշորով ծածկվող արագաչափերի մասին էլ չեմ խոսում: Ինչ մնում է գոյատևմանը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ֆեյսբուքյան էջը թերթելով՝ կգտնեք միմյանց բացառող բազմաթիվ դատողություններ: 

Բայց դա միայն առաջին հայացքից (սխալ ինֆորմացիայի առումով): Իսկ հետո մտածում ես. բայց ինչու պիտի քննարկվեր այդ հարցը: Հո այց չի դրկից հարևանի տուն, որ քննարկվի: Թուրքը հրավիրել է նրան համաժողովի՝ վազելով կգնա: Էլ ինչ քննարկում: Ու կստացվի, որ Վահանը հեչ էլ սուտ չէր խոսում: Մարդը ողջ գիտակցական կյանքում երազել է ռուսներին այստեղից հեռացնելու ու թուրքի հետ բարիդրացիություն հաստատելու մասին: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ ճաշի սկանդալային պատմությունը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդհարապես ռուսական քաղաքականությունն ու ՀԱՊԿ-ը հայհոյելը) վկա: 
Նաև անցյալ տարի չէ՞ր, որ վրացի գործընկերոջը խնդրում էր հանդիպում կազմակերպել Էրդողանի հետ: Բայց ռանգի առումով սխալվել էր. աշխարհի մեծամեծների հետ հարց լուծող Էրդողանը նրա հետ հանուն ինչի պիտի հանդիպեր: Ուր Թուրքիան՝ տնտեսությամբ G20-ի անդամ ու սպառազինությամբ աշխարհի տասնյակում տեղ գրավող, ուր խեղճ ու կրակ Հայաստանը: Այն Հայաստանը, որ ադրբեջանցիներին է պարտվել: Մի խոսքով, մեր հերոսը (չէ, կներեք, հակահերոսը) մի փոքր սխալվել էր՝ ինքն իր քաղաքական կշիռը չէր պատկերացրել: Իրեն թվում էր, թե «ժողովրդավարության բաստիոն» կոչված թատրոնն արժեք ունի Էրդողանի աչքում: Չէ մի չէ՞:  

Բայց իր պարտվողական խաղաղասիրական քաղաքականությամբ հասավ... Չէ, ոչ թե իր վարչապետության շնորհիվ ծագած բազմաթիվ խնդիրներից գոնե մեկ-երկուսի հայանպաստ լուծմանը, այլ հենց իր երազանքին: Իսկ դա Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպելն էր:  Ի վերջո՝ հրավերի վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահի մակարդակով հայտարարելն աչրդեն լուրջ նվաճում է: Համաժողովին էլ կհանդիպի ու ձեռքով կբարևի Էրդողին: Ու իր երիտասարդ տարիքի երազանքն էլ ի կատար կածվի: Էլ ինչ քննարկում՝ վազելով կգնա: Եթե, իհարկե, այդպես ավելի հարմար ու արագ լիներ Անթալիա հասնելու համար: Մարդը հասավ իր մուրազին, մենք էլ հասնենք մեր ցանկության իրականացմանը՝ քայլարածների իշխանությունից Հայաստանն ազատելուն: