Դատախազները պնդում են՝ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունները հիմնավոր չեն

Դատախազները պնդում են՝ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունները հիմնավոր չեն

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստին մեղադրողները առարկեցին երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդություններին։

Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը միջնորդել էր վերացնել խափանման միջոցը կամ կիրառվել գրավ, բացի դրանից այսօր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետները, որոնք անձնական երաշխավորություն ներկայացրին։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ խափանման միջոցը վերացնելու  կամ փոփոխելու վերաբերյալ անհիմն է եւ դրանք ենթակա են մերժման․ «Լրացուցիչ փաստարկ ներկայացվեց՝ համավարակի տարածումը ՀՀ-ում, ներկայացվեցին փաստաթղթեր, բայց որեւէ փաստաթղթում չկա ուղիղ մատնանշում կամ արձանագրում, որ պետությունները պարտավոր են խոցելի խմբում գտնվող անձանց համավարակով պայմանավորված ազատ արձակել եւ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառել, նման միջազգային փաստաթուղթ չկա»։

Մյուս մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը եւս նշեց՝ միջնորդությունները ենթակա են մերժման՝ հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ։

«Շեշտադրվեց օրվա խորհրդի համատեքսում, որ անձինք, ովքեր Շուշիի ազատագրման համար մեծ ներդրում են ունեցել, ինչ կարգավիճակում են, ուղղակի համառոտ․ որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար էստեղ նստած չի։ Հիմա, ըստ էության, պաշտպանության կողմի միջնորդությունների հիմքում առավելապես դրված է գործի քննության ընթացքը, Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը եւ այդ ընթացքում տեղի ունեցած դատական նիստերը, դրա պատասխանատուն բացառապես պաշտպանական կողմն է․ մենք ականատես ենք եղել դատական նիստերի այնպիսի պատճառաբանումներով հետաձգումների, որոնք կրել են ակցիայի բնույթ»,-նշեց դատախազը։