Զինվորական ծառայության պետք է մեկնեն առնվազն 21 տարեկանից

Զինվորական ծառայության պետք է մեկնեն առնվազն 21 տարեկանից

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Մեր օրերում չպարզված հանգամանքներում մահվան հանգամանքը դարձել է սովորական երևույթ: Զինվորները մահանում են անհայտ հանգամանքներում, գործեր են հարուցվում եւ անվերջ քննվում` ոչ բացահայտվում են և ոչ էլ մեղավորներն են պատասխանատվության ենթարկվում: Վերջին տարիներին տպավորություն է, թե մեր հանրությունը նման դեպքերի վերաբերյալ իմունիտետ է ձեռք բերել` մահը մեր իրականության մեջ դարձել է շատ սովորական մի բան, իսկ զինվորի կյանքը` զրո արժեք ունի: Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ կարող էր 44-օրյա պատերազմը չլինել եւ 5000 զոհ չունենայինք, բայց եղավ, որ իրեն դավաճան չասեն` հենց այդ պատճառով ինքը ժամանակին չի կանխել պատերազմը, էլ ի՞նչ կարող ենք սպասել նման իշխանությունից եւ նրա վարած քաղաքականությունից: 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով զինծառայողների հետ կապված թեմային՝ նշում է. «Բանակային ռեֆորմն անհրաժեշտ է այսօր: Այն կառուցվածքը, որն ունի բանակն այս պահին, բոլորովին չի համապատասխանում թե ժամանակակից խնդիրներին, և թե առկա բարոյահոգեբանական վիճակին, որը տիրում է մեր երկրում: Բանակում կանոնադրական հարաբերություններն անընդհատ խախտվում են և չունեն որևէ հստակ վերահսկողության, սահմանազատման չափորոշիչներ, որոնք հստակ կպահպանվեն: Նման դեպքերում դինամիկա չի արձանագրվում: Մահը գրանցվում է, գործ է հարուցվում և վերջ: Համակարգային առումով ոչինչ չի փոխվում, ոչինչ չի վերանայվում, իսկ դա սարսափելի է պարզապես: Ես պնդում եմ, որ բանակային ծառայության շեմն օր առաջ պետք է բարձրացվի: Զինվորական ծառայության պետք է մեկնել առնվազն 21 տարեկանից: 18 տարեկանները նախ պետք է կրթություն և մասնագիտացում ստանան: 18 տարեկանից բանակ զորակոչվելը վնասում է բոլոր կողմերին: Զինվորը պետք է հստակ մասնագիտություն ունենա, նոր միայն ծառայության անցնի: Ինչպես այլ ուժային ստորաբաժանումներն են պրոֆեսիոնալ, օրինակ, ոստիկանությունը, այդպես էլ բանակը պետք է լինի: Բանակը հիմնված է էժան մարդկային ուժի վրա: Զինվորը դառնում է թնդանոթի միս: Մահերն այսքան շատ են ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում: Մյուս խնդիրն էլ, որի մասին պետք է խոսեմ, բանակում ծառայության գրաֆիկի բացակայությունն է: Ես շատ եմ խոսում երիտասարդների հետ: Զինվորի ժամանակը չի լրացվում ու դա հանգեցնում է միջանձնային հարաբերությունների սրման: Տպավորություն է, որ տեղ զբաղեցնելու և թիվ համալրելու համար են բանակ զորակոչվում: Ունենք ողբերգական պատկեր: Երեխան դառնալով չափահաս, կատարում է իր պարտքը պետության առաջ, երկու տարով մեկնում է զինվորական ծառայության, բայց այդ երկու տարիների ընթացքում պետությունը որևէ պատասխանատվություն չի կրում զինվորի կյանքի և առողջության համար»։

Նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակներից սպանությունների գործեր կան, որոնք մինչ օրս չեն բացահայտվել, նրանց ծնողներն առ այսօր կառավարության շենքի դիմաց հանուն արդարության բողոքի ակցիա են իրականացնում, մեր զրուցակիցը նշեց. «Այդ ծնողները վիշտը ժամանակին շատ լավ օգտագործեցին, բավականին բարձրագոչ հայտարարություններ արվեցին, գործերը վերաբացեցին, նոր քննություններ իբրև սկսեցին և այլն, սակայն ծնողները հայտարարում են, որ չկա ոչ մի առաջընթաց և իրենք շարունակում են մնալ իրենց հարցերի հետ անպատասխան: Այդ գործերը հիմնականում ինքնասպանություններ էին որակվում, սակայն մինչ օրս դրանք չեն բացահայտվել: Մենք ոչ նախկինում, ոչ էլ հիմա բանակի գործերի վերաբերյալ չունենք գործերի անաչառ քննություններ: Երեխան մարդու կյանքում ամենաթանկն է, պետք է քաղաքացին բանակի նկատմամբ ունենա վստահություն, իր ամենաթանկը բանակին վստահելու համար: Անգամ խիստ աղմկահարույց դեպքերը չեն բացահայտվում, օրինակ, Ազատ գյուղի հրդեհը: Ամեն պաշտոնյա իր վարկածը, իր թվերն է առաջ քաշում: Հասարակությունն անվստահություն ունի բանակի ու պետության հանդեպ», - եզրափակեց Հովհաննիսյանը: