ՀԱՊԿ-ն մեր դաշնակիցը չէ`մեր ինֆորմացիաները տալիս է թշնամիներին
«Հրապարակի» զրուցակիցը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն է:
- Վերջին օրերին Հայաստանի իշխանությունները փորձում են ակտիվ հակառուսական տրամադրություններ գեներացնել: Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ սառեցրել է: Ի՞նչ ասել է՝ «սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»: Կա՞ առհասարակ նման եզրույթ:
- Նման եզրույթ իրականում չկա: Այդ հայտարարությունը կարելի է ուղղակի ընդունել որպես փոխաբերական իմաստով ասված միտք: Կարծում եմ` այդ հայտարարությանը պետք չէ լուրջ վերաբերվել: Ես խորհուրդ չեմ տա:
- Ի դեպ, արդեն գրեթե հաստատված է, որ մարտի 4-ին Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս պրոցեսներն ինչպե՞ս կընկալի Ռուսաստանը:
- Ռուսական կողմի ընկալումները ռուսական կողմի խնդիրն է, իրենց պրոբլեմն է: Այդ հարցը չպետք է մեզ հետաքրքրի: Արտաքին հարաբերությունների առումով պետք է հնարավորինս շատ պետությունների հետ համագործակցել, որովհետեւ մենք վերջերս հասկացանք, որ վերջին 30 տարվա քաղաքականությունը բերել է նրան, որ մենք Ռուսաստանից բացի այլ բարեկամ չունենք, իսկ ամենավերջում պարզվեց, որ Ռուսաստանը մեր բարեկամը չէ:
- Մինչ մենք թերագնահատում ենք մեր դաշնակցին, Փաշինյանը նոր պատերազմի մասին է գուժում: Փաստորեն, այս ընթացքում հին դաշնակիցը դարձավ վատը, նոր դաշնակիցներ ձեռք բերելու փոխարեն նոր թշնամիներ ենք ձեռք բերել:
- Հարաբերությունները սառեցնել Ռուսաստանի հետ՝ ոչինչ չի նշանակում: Իրավական նման կատեգորիա չկա: Այդ հայտարարությունը պոպուլիստական հայտարարություն էր: Ասել, թե այդ հայտարարությունից մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ փչանում են, այդպես չէ: Նոր չէ, որ Փաշինյանն իր հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացրել է: ՀՀ-ն փաստացի չի արել որեւէ քայլ, որից կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ ենք փչացնում:
- Իսկ Զելենսկու հնարավոր այցը...
- Այսօր աշխարհում երկու բեւեռների պայքար է գնում: Հայաստանը չունի այլընտրանք: Կա՛մ մենք լինելու ենք դեմոկրատական աշխարհում ինտեգրված երկիր, կա՛մ դադարելու ենք լինել ինքնիշխան պետություն` իր բոլոր հետեւանքներով, ընդհուպ կարող է այնպես լինել, որ Հայաստանից մարդիկ զորակոչվեն ուկրաինական բանակ:
- Ինչո՞ւ պետք է նման անձնազոհության գնա Հայաստանը:
- Որովհետեւ Հայաստանն ու Ուկրաինան ունեն ընդհանուր շահեր: Ուկրաինային ձեռնտու չէ, որ ՀՀ-ն կորցնի ինքնիշխանությունը, եւ հայ ժողովուրդը ռուսական ճակատից կռվի իր դեմ, իսկ Հայաստանին ձեռնտու չէ, որ կորցնի իր ինքնիշխանությունը: Կարելի է բազմաթիվ հարցեր քննարկել, որոնք մեր երկու պետությունների պետական շահերից են բխում:
- Այսինքն` կողմ եք, հավանաբար, որ սահմանադրություն փոխվի, Հայաստանից դուրս բերվի ռուսական ռազմաբազան:
- Ես կարծում եմ, որ այդ ռազմաբազան Հայաստանից հանելու համար քաղաքական կամք է պետք: Սահմանադրություն փոխելու կարիք չկա, եթե կա այդ քաղաքական կամքը: Պետք է սեփական ուժերի նկատմամբ վստահություն լինի: Սահմանադրությունը եթե դրա համար են փոխում, ապա դրա կարիքը չկա: Դրանով մարդկանց զուր հույսեր են տալիս, ինչ-որ ուժերի էլ՝ հաթաթա:
- 2022-ին Դուք եւ «Դուրս ՀԱՊԿ»-ից նախաձեռնության անդամներն ԱԺ էիք գնացել` ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար: Ի՞նչ ընթացք ստացավ:
- Մենք նաեւ ռազմաբազա էինք գնացել, Ռուսաստանի դեսպանատան մոտ ենք հավաքվել` ակցիա իրականացրել: Ազգային ժողով գնալու նպատակն այն էր, որ հասկանանք, թե կառավարող ուժն ինչ քայլեր է իրականացնում: Այլեւս հանդիպումներ չեղան: Ամեն ինչ հանրային է եղել:
- Ինչո՞ւ:
- Պրոցեսներ տեղի ունեցան, եղան հայտարարություններ: Հայաստանը սկսեց չմասնակցել ՀԱՊԿ-ի ժողովներին, ներկայացուցիչ չուղարկեց եւ այլն: Այդ ամենը նաեւ ինչ-որ տեղ մեր շարժման բերումով տեղի ունեցավ:
- Բայց իմաստը ո՞րն է՝ անդամակցել ՀԱՊԿ-ին ու չմասնակցել նիստերին, ներկայացուցիչ չուղարկել: Այդ դեպքում թող դադարեցնեն անդամակցությունը:
- Այդ ամենը պետք է անել ոչ թե ենթադրյալ կամ գոյություն չունեցող բարոյական սկզբունքների հիման վրա, այլ` լուրջ վերլուծությունների արդյունքում: Պետք է հեռահար ու կարճաժամկետ շահերը գնահատվեն: Ասել` կա՛մ դուրս եկեք ՀԱՊԿ-ից, կա՛մ մասնակցեք նիստերին, այնքան էլ արդար չէ: Միջազգային հարաբերություններն այդպես միանշանակ սեւ ու սպիտակ չեն:
- Իսկ նպատակը ո՞րն է այդ դեպքում՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու:
- Ես չեմ կարող հստակ ասել, պետք է այդ մասին խոսեն իրավաբաններն ու միջազգայնագետները: Ես գտնում եմ, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ: Եթե ինձ հարցնեք` օր առաջ շուտ նույնիսկ:
- Ենթադրենք՝ դուրս եկանք ՀԱՊԿ-ից, հաջորդիվ ի՞նչ են անելու այս իշխանությունները: Ո՞ւր է տանում նրանց վարած քաղաքականությունը:
- ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո պետք է անեն այն, ինչ պետք է անեն ՀԱՊԿ-ից դուրս գալուց առաջ: ՀԱՊԿ-ից դուրս գալը պետականաշինության մեջ մի փոքր հարց է: Պետք է վերափոխել բանակը, օրենքներ պետք է ավարտին հասցնել, թափ տալ մոբիլիզացիոն ուժերը եւ այլն: Ամեն ինչ պետք է վերանայել: Մեր բանակը պետք է դառնա 21-րդ դարի մարտահրավերներին համահունչ բանակ:
- Իսկ արտաքին ո՞ր ուժերի հետ պետք է համագործակցի ՀՀ-ն:
- Կարելի է շատ ուժերի հետ համագործակցել: Օրինակ` սկանդինավյան պետությունների հետ, որոնք լավ փորձ ունեն ազգ-բանակ մոդելը կիրառելու հարցում: Այսօր մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան է պատրաստակամություն հայտնում այդ հարցում: Պետք է հնարավորինս դուրս գանք ռուսական մոդելից ու կառուցենք նոր բանակ` իրական բարեկամների հետ:
- Առանց ի դեմս Ռուսաստանի` հավելյալ թշնամի ձեռք բերելու հնարավոր չէ՞ համագործակցել այլ պետությունների հետ: Ռուսաստանին սադրելը պարտադի՞ր պայման է:
- ՀԱՊԿ-ն ունի սահմանափակումներ: Մեր զենքերի մասին պետք է ՀԱՊԿ-ին պարտադիր տեղեկացնենք, բայց մենք գիտենք, որ նույն այդ ՀԱՊԿ-ն մեր դաշնակիցը չէ, մեր ինֆորմացիաները տալիս է թշնամիներին: Ռուսաստանը ՀԱՊԿ-ի տեսքով մեր թշնամին է այս փուլում: Այն մի պետություն է, որի հետ մեր շահերն ուղիղ հակասության մեջ են: Այսօրվա Կրեմլն այսօր կա, վաղը չկա, Ռուսաստանի հետ պետք է պահել հարաբերությունները: Դարավոր մշակութային, տնտեսական կապեր ունենք, հետաքրքրություններ, այնպես չէ, որ եթե այսօր Կրեմլում նստածները հանցագործ են, մենք պետք է ՌԴ-ի հետ բոլոր առումներով խզենք մեր կապերը, բայց ՀԱՊԿ-ն խանգարում է մեզ: Մեր խնդիրը ռուս ժողովրդի հետ չէ, ՀԱՊԿ-ի հետ է:
Կարծիքներ