Արտակ Դավթյանը չհերքեց, որ բանակում կան արտոնյալներ, և առկա են քրեական ենթամշակույթի տարրեր

Արտակ Դավթյանը չհերքեց, որ բանակում կան արտոնյալներ, և առկա են քրեական ենթամշակույթի տարրեր

Երեկ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությամբ փակ հանդիպում էր կազմակերպվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ։ Մարդու իրավունքների հանձնաժողովից զատ՝ նիստին ներկա էին նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, հավանաբար, ցանկացել էր ամեն ինչ ԲՀԿ-ական գործընկերոջ վրա չթողնել, որ հանկարծ իր վերահսկողությունից դուրս չգա նիստը, եւ կարողանա կանխել ԳՇ պետին ուղղված տհաճ հարցերը։ Այդպես էլ եղել է։ Մեզ պատմեցին, որ Քոչարյանն ամբողջ նիստի ընթացքում փորձել է թույլ չտալ, որ «վատ» հարց տան ԳՇ պետին, անգամ հեգնական, տեղ-տեղ ծաղրական ռեպլիկներ է բաց թողել որոշ պատգամավորների հարցերի հետ կապված, թե «էս ինչ հարցեր են տալիս»։

Մինչդեռ ասացին, որ Արտակ Դավթյանը կոռեկտ ու համբերատար պատասխանել է բոլոր հարցերին ու մանրամասն անդրադարձել վերջին մեկուկես ամսում բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Նույն անզուսպ ոճը Քոչարյանը շարունակեց նաեւ փակ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Երբ Արտակ Դավթյանը պատասխանում էր մեր հարցերին, նա անընդհատ մեջ էր ընկնում ու փորձում էր թույլ չտալ, որ «ընդդիմադիր լրագրողները» հարց տան։

Արտակ Դավթյանն այս դեպքում էլ համբերատար պատասխանում էր բոլոր հարցերին։ Սպառիչ էին դրանք, թե ոչ՝ դժվար է ասել, քանզի կային տեղ-տեղ խուսափողական եւ ոչ հստակ պատասխաններ։ Որոշ հարցերում Դավթյանը պարզապես չէր կարող փակ հանդիպման փակագծերը բացել։ Առաջին հարցն այն էր, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, հրաժարական տալ՝ կապված բանակում տեղի ունեցած վերջին ցավալի իրադարձությունների հետ։ Հատկապես, որ մամուլում արդեն խոսվում է պաշտոնանկությունների մասին։ Դավթյանը միանգամից ասաց՝ հրաժարական չի պատրաստվում տալ։ Ապա հարց հնչեց վերջին մեկուկես ամսում գրանցված 13 զոհերի վերաբերյալ, թե արդյոք Դավթյանը գնացե՞լ է  զորամասեր, պարզե՞լ է, թե ով ինչ հանգամանքներում է զոհվել։ Նա նախ  ասաց, որ 13 զոհերից 8-ի մահվան պատճառն իրենք հստակ գիտեն․ 4-ը հիվանդության պատճառով են մահացել, 4-ը՝ դժբախտ պատահարի։ ԳՇ պետը նկատի ուներ օրեր առաջ ձնահյուսի տակ մնացած զինվորների մահվան ողբերգական դեպքը։ Ապա ավելացրեց, որ ինքը եղել է ե՛ւ զորամասերում, ե՛ւ մասնակցել զոհված զինվորների հուղարկավորությանը։

Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա Դավթյանն ասաց, որ կադրային փոփոխություններ սպասվում են, որի վերաբերյալ կհայտարարվի պաշտոնապես։ «Հրապարակը» հետաքրքրվեց Արտակ Դավթյանից՝ ի վերջո այս զոհերի համար ո՞վ է պատասխանատվություն կրելու, կա՞ն մարդիկ՝ սկսած զորամասերում հրամանատարական կազմից մինչեւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պետք է պատասխանատվություն կրեն։ Դավթյանը նախ հիշեցրեց, թե մենք ունենք օրենք, որի առջեւ հավասար են բոլորը, իսկ մեղավորները կորոշվեն դատարանի վճռով։

«Այնպես որ, նշանակել պատասխանատու՝ որեւէ դեպքի հետ կապված, գտնում ենք ոչ ճիշտ։ Ինչ վերաբերում է կարգապահական կանոնադրության հարցով տույժերին, այո, բոլոր դեպքերով ծառայողական քննություններ անցկացվում են, մենք ունենք սպայական կազմում ե՛ւ պաշտոնից հեռացումներ, ե՛ւ զորացրումներ, այսինքն՝ կարգապահական տույժերի բոլոր գամմայով ունենք տարբեր իրավիճակներ։ Նաեւ ասեմ, որ ունենք խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանությունները»,-ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետը։

Հարցրինք նրան՝  բանակում կա՞ արդյոք, քրեական ենթամշակույթի դրսեւորում, ինչի մասին այդքան խոսում է վարչապետը։ Նաեւ նկատեցինք, որ տեսակետ կա, թե հասարակությունում այսօր առկա ատելության մթնոլորտը տեղափոխվել է նաեւ բանակ, կա՞, արդյոք, նման բան։ Դավթյանը չհերքեց, որ բանակում առկա են քրեական ենթամշակույթի դրսեւորումներ։

«Դրա պատասխանը պետք է տրվի քրեական գործի շրջանակներում, բայց ընդհանուր մեծ, գլոբալ՝ այն, ինչ որ մենք պատկերացնում ենք, էլեմենտներ, իհարկե, պարունակվում են, ինչպես նաեւ հասարակության մեջ։ Եվ չեն կարող հասարակության մեջ լինել, բանակում չլինել ինչ-որ երեւույթներ, էն հասկացությամբ, որն ասում ենք։ Իհարկե, կան։ Եվ էդ հարցով այս փակ հանդիպմանը բավականին շատ հարցեր եղան, պարզաբանումներ, ու նաեւ բավականին շատ աշխատելու դաշտ ունենք»,- ասաց Արտակ Դավթյանը։

Հարց հնչեց նաեւ, թե ինչպես կգնահատի Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի աշխատանքը, որի մասով այս օրերին լուրեր են շրջանառվում, թե պետք է հրաժարական տա։ Դավթյանը չցանկացավ գնահատական տալ ՌՈ պետի աշխատանքին՝ նշելով, որ դա իր իրավասությունների մեջ չի մտնում։ Իսկ կա՞ն զորամասերում արտոնյալ զինվորներ։ Դավթյանն այս հարցում էլ չհերքեց, որ նման բան կա, բայց դարձյալ հստակ բան չասաց։

«Արտոնյալների հետ կապված՝ այո, աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, հաշվառումներ ունենք, ե՛ւ օպերատիվ ճանապարհով ստացված, ե՛ւ զորամասերում աշխատողների միջոցով այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք։ Թե կոնկրետ ինչ աշխատանքներ, ես այս հանդիպման ժամանակ մանրամասներ չեմ ուզում հրապարակել, որպեսզի բացենք այն ռազմավարությունը, որն իրականացնում ենք»,- ասաց Դավթյանը։