Անձրեւները սկսվելուց հետո «թռել» են

Անձրեւները սկսվելուց հետո «թռել» են

Օրերս Hraparak.am կայքը տեղադրել էր Մարզահամերգային համալիրի գետնանցման լուսանկարները, որոնք պարզ ցույց էին տալիս, թե ինչ ավերակներ են գոյացել այնտեղ։ Շինարարական աղբը, բահերը, սալիկները ոտքի տակ թափված էին, մարդիկ անցուդարձ էին անում քանդված գետնանցումով։ Տարածքը որեւէ կերպ փակված չէր, ոչ մի տեղ նշված չէր, թե ովքեր են շինարարները։

Տպավորություն էր, թե ինչ-որ մարդիկ ծանոթով գործ էին կպցրել Մարզահամերգայինի տարածքում ու լավ-վատ՝ «բզբզում» էին»։ Վայրագ շինարարության թեմային մեր անդրադարձից հետո ձեւական միջամտություն եղավ։ Քաղաքապետարանից խոստացան զբաղվել այս հարցով։

Փաստորեն, զբաղվել են։ Ինչ-որ մարդիկ գետնանցման մուտքերի վրա կարմիր ժապավեններ փակցրին՝ իբր, սահմանազատելով շինհրապարակը։ Սակայն երկու օրից կարմիր ժապավենները՝ պոկված, քարշ էին գալիս գետնով, ցեխերի մեջ ընկած։ Իսկ շինարարական կազմակերպության անունն այդպես էլ ոչ մի տեղ չնշվեց։ Ամենայն հավանականությամբ, նման կազմակերպություն պարզապես չկա։ Քաղաքապետարանի հայտարարած գնումների ցանկում մեր կատարած բոլոր պեղումներն անհաջողության մատնվեցին։ Հավանաբար, իրոք, ինչ-որ մեկն «ախպերականով» գործ է կպցրել, բայց անձրեւները սկսվելուց հետո «թռել» են։ Արդեն մի քանի օր է՝ այս տարածքում նույնիսկ բանվորներ չեն երեւացել։