Փաշինյանի իշխանությունը ջրից էլ փող կշինի

Փաշինյանի իշխանությունը ջրից էլ փող կշինի

Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին փողից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում. փող, որքան հնարավոր է շատ փող պոկել շարքային քաղաքացիներից, որ Փաշինյանը կարողանա հպարտանալ, թե՝ այսքան շատ փող ենք հավաքել: Իրենք փող հավաքելու ռեկորդներ են սահմանում՝ մտածելով, որ դրա համար առանձնակի շնորհք է պետք: Փող հավաքելու համար մեծ խելք պետք չէ. ընդամենը պետք է բարձրացնել հարկերն ու տուրքերը, բարձրացնել եղածների դրույքաչափերը, մարդկանց տուգանելու նոր մեթոդներ գտնել, ինչով էլ զբաղվում է իշխանությունը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում ասում է, որ պետք է ոռոգման ջրի սակագինը բարձրացնել, որ գյուղացիները խնայողաբար ջուրն օգտագործեն: «Ջրի տնտեսումից նրանք ֆինանսապես այդքան էլ չեն շահում։ Գուցե նաեւ այն պատճառով, որ կառավարությունը սուբսիդավորում է դրա ինքնարժեքի զգալի մասը։ Ջուրը պետք է թանկանա, որպեսզի ֆերմերները տնտեսելու ավելի մեծ մոտիվացիա ունենան»,- ասում է Քերոբյանը: Կարելի է միանգամից ջուրը սարքել ոսկու գին, ու ընդհանրապես ջուր չեն օգտագործի, ջրի ավելցուկ կառաջանա: 

Քերոբյանը ներշնչվում է իր ղեկավար Փաշինյանից, ով նույնպես գյուղացիներին ասում է, որ ջուր չկա կամ քիչ է, պետք է եղածով բավարարվել: Իսկ ինչը քիչ է, պետք է թանկանա` սովորական առեւտրականի հոգեբանություն: Քերոբյանն ու իր ղեկավարը գյուղացիներին բացատրում են, որ պետք է անցնել կաթիլային ոռոգման, որ ջուրը խնայողաբար օգտագործեն: Բայց Փաշինյանը եւ Քերոբյանը գյուղացիների հետ հետադարձ կապ չունեն. Գյուղացին, իր հեռուստացույցի առաջ նստած, լսում է սրանց ասածները, բայց չի կարողանում բացատրել, որ իրենց առաջարկածն անիրատեսական է, իրենք կաթիլային ոռոգումից ու ընդհանրապես գյուղատնտեսությունից չեն հասկանում, որ մի բան էլ խորհուրդներ տան: Հեռուստացույցը միայն իշխանության տեսակետն է փոխանցում գյուղացուն, բայց գյուղացու խոսքն իշխանությանը չի փոխանցում, քանի որ հեռուստատեսությունը դարձել է միայն իշխանության խոսափողը:

Հայաստանում կաթիլային ոռոգման լայն ներդրման հնարավորությունները սահմանափակ են: Նախ՝ կաթիլային ոռոգման անցնելու համար պետք է էլեկտրամատակարարման լայն ցանց` դաշտերում պետք է էլեկտրաէներգիա լինի, կաթիլային ոռոգումն առանց պոմպերի չի աշխատում: Դա միլիարդավոր դրամների ներդրում է, որը ոչ մեկը չի անի` գյուղացին ի վիճակի չէ, բաշխիչ ցանցերն էլ դրա տակից դուրս չեն գա: Կաթիլային ոռոգում հնարավոր է միայն նորատունկ այգիներում, եթե մարդն ունի 10-20 եւ ավելի տարվա ծիրանի կամ խաղողի այգի, կաթիլային ոռոգումը չի աշխատի, այդ ծառերի արմատային համակարգն այլ ձեւով է զարգացել: Մի խոսքով, նրբությունները շատ են, բայց դա ո՛չ Քերոբյանին է հետաքրքրում, ո՛չ էլ վերադասին, նրանց ավելի շատ փող է պետք, իսկ դրան հնարավոր է հասնել ամեն ինչ թանկացնելով:

Եթե որոշել են ոռոգման ջուրը թանկացնել, ուրեմն կթանկացնեն: Դրա հետեւանքը չի լինի ջրի խնայողությունը, հետեւանքը կլինի գյուղացիների ավելի աղքատացումը: Կարող էինք ասել, որ գյուղացին էլ իր ապրանքը կթանկացնի, բայց հնարավոր չէ, քանի որ սպառում չկա, հիմա գյուղացին շատ ապրանքներ ինքնարժեքից ցածր գնով է վաճառում: Օրինակ, կարտոֆիլն այնքան էժան է, որ նույնիսկ բերքահավաքի ծախսերը չի փակում, մարդիկ այն թողնում են հողի մեջ: Բայց էլ ինչքա՞ն կարող է գյուղացին աղքատանալ, սրանից էլ դառը աղքատություն դժվար է պատկերացնել: Մարդիկ ստրկության մեջ են ապրում. նրանց աշխատածը չի հերիքում նույնիսկ սննդին ու կոմունալ ծախսերին: Փաշինյանը բեմականացված մի քանի հանդիպում է ունենում գյուղացիների հետ, որտեղ հավաքում են նախօրոք պատրաստված եւ ստուգված գյուղացիներ, որ հանկարծ բերաններն ավելորդ չբացեն, ով էլ հանկարծ բացում է, բերանին գալիս են, լռեցնում: Կամ՝ որտե՞ղ է նման բան հնարավոր, որ սոված ու իրավազուրկ գյուղացին բողոքի հարյուրավոր ոստիկաններով ու անվտանգության աշխատակիցներով շրջապատված իշխանավորից: Սրանք բոլորը՝ կերած-խմած, մարզված, ինքը՝ իրավազուրկ, կիսասոված ու տանջված: Մի քանի բողոքողի էլ կալանավորում են, ծեծում՝ հերիք է, մարդիկ դառնում են համր ու հնազանդ:

Քերոբյանը իբրեւ թե տնտեսությունից մի բան հասկացողի նման ասում է, որ պետք է բարձրացնել Հայաստանում արտադրված գյուղմթերքի մրցունակությունը: Թե որտեղից է լսել  «մրցունակություն» բառը, դժվար է որոշել, բայց հաստատ դրա իմաստը չի հասկացել, ուղղակի մտածում է՝ նոր բառ է, օգտագործեմ, կարող է մտածեն՝ ես էլ սիրուն բառեր գիտեմ: Որ «մրցունակություն» բառի իմաստը հասկանար, չէր ասի՝ ոռոգման ջուրը թանկացնենք: Ոռոգման ջուրը թանկացնելով՝ գյուղացու ապրանքի ինքնարժեքն ավելի է թանկանում, դառնում անմրցունակ: Հայաստանի գյուղմթերքի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան`կեռաս, ծիրան, սալոր, խաղող, բանջարեղեն: Ռուսական շուկան հեղեղված է ուզբեկական գյուղմթերքով: Ուզբեկստանում մեկ հեկտար ոռոգման ջրի գինը փոխարժեքով 20 հազար դրամ է: Հայաստանում 100 հազար եւ ավելի: Հիմա էլ ուզում են էլ ավելի թանկացնել: Հաստատ՝ մրցունակությունը կբարձրանա:

Հայաստանի գյուղատնտեսությունն իր փոքր չափերով, իր սահմանափակ հողային ռեսուրսով, Ռուսաստանի շուկաներին հասանելիությամբ չի կարող մրցել Ուզբեկստանի հետ: Չնայած դրան՝ Ուզբեկստանում նորմալ իշխանություն կա, որը մտածում է ոչ թե գյուղացիներից շատ փող պոկելու, գյուղացու վերջին շապիկն էլ վրայից հանելու մասին, այլ գյուղացուն արտադրելու եւ իր արտադրանքը վաճառելու հնարավորություն է տալիս: Ամոթ է անգամ Ուզբեկստանը Հայաստանի հետ համեմատելը, բայց այդ երկրի գյուղատնտեսության նախարարը հաստատ գիտի «մրցունակություն» բառի իմաստը եւ դա օգտագործում է ոչ թե իր ելույթների ժամանակ, իր խելքը ցույց տալու համար, այլ իրական կյանքում, ինչի ապացույցն ուզբեկական գյուղմթերքի հաղթարշավն է:

Քերոբյանի ելույթից հետո շատերն ասում են, որ դա արվում է, որ Հայաստանի գյուղատնտեսությունն ընդհանրապես կորցնի մրցունակությունը, եւ Հայաստանը հեղեղվի թուրքական գյուղմթերքով: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հայ գյուղացի կամ ֆերմեր կարող է ընդհանրապես չլինել՝ գյուղացիները վերածվելու են բատրակների, որովհետեւ ավելի շահավետ է լինելու թուրք գյուղացու դաշտերում բանվորություն անելը, քան սեփական հողը մշակելը: Դե, որ հողն էլ չմշակեցին, պետք է ծախեն թուրքերին: Քերոբյանն ու այս իշխանության մյուս ներկայացուցիչները սա հասկանում են, բայց մտածում են, որ մինչ այդ իրենք իրենցը կառնեն, այնքան կարողություն կկուտակեն, որ մի քանի պորտ կհերիքի: Գյուղացու աղքատությունն իր գլխում է. եթե գլխում խելք ունենար, ոչ թե հող կմշակեր, գյուղմթերք կարտադրեր, այլ կուսակցություն կստեղծեր, սրան-նրան մեծ-մեծ խոստումներ տալով՝ իշխանությունը կբռնազավթեր՝ լավ կապրեր, իր հարազատներին էլ լավ ապրելու հնարավորություն կտար: Հիմա որ խելք չունեն, հող են մշակում, դրա համար Քերոբյանն ու Փաշինյանը մեղավոր չեն:

Ավետիս Բաբաջանյան