«Ինչպես ես անցկացրեցի ամառային արձակուրդները» ոճի մեջ մեղադրանք է

«Ինչպես ես անցկացրեցի ամառային արձակուրդները» ոճի մեջ մեղադրանք է

«Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Տեր-Հարությունովի պաշտպան Մհեր Հակոբյանի կարծքով՝  իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անորոշ է, մինչդեռ նա մինչ այժմ կալանավորված է։ 

«Տիգրան Տեր-Հարությունովն այս պահին գտնվում է նախնական կալանքի տակ, բայց կալանավորումը լրիվ ապօրինի է, ապօրինի էլ մեղադրանք է։ Անձին մեղադրանք է առաջադրվել «հանցագործին» օժանդակելու համար, սակայն թե կոնկրետ ո՞ւմ է օժանդակել մեղադրանքի մեջ, նշված չէ։ «Ինչպես ես անցկացրեցի ամառային արձակուրդները» ոճի մեջ մեղադրանք է։ Եթե Քննչական կոմիտեն օբյեկտիվ քննություն է կատարում, թող հրապարակի մեղադրանքի բովանդակությունը։ Ցանկացած քրեական իրավունքի մասնագետի հարցրեք՝ կարո՞ղ է այսպիսի մեղադրանք գոյություն ունենալ»,- ասաց Մհեր Հակոբյանը։ 

Պաշտպանի խոսքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ Տիգրան Տեր-Հարությունովը առողջական խնդիրներ ունի․ «Մի ականջը 100 տոկոսով չի լսում, մյուսն էլ՝ 50։ Բժշկական եզրակացության հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատ է արձակվել։ Որ ասեմ՝ այս պահին ինչ-որ հիվանդություն ունի, սուտ կլինի, բայց որ լսողական խնիրներ ունի ու այդ հիմքով զինվորական ծառայությունից ազատվում է, միանշանակ է։ Երբ ինքնակամ ներկայացել է, ցուցմունք է տվել, այդ պայմաններում իրեն ասել են, որ դու կարող ես թաքնվել վարույթ իրականացնող մարմնից։ Երբ ձերբակալվեց ամսի 28-ին, իրեն նախապես հեռախոսազանգով կանչել էին ամսի 27-ին, հետո նորից են զանգել ասել են՝ չէ, կգաս 28-ին։ Ու սա այն պայմաններում, որ իրեն ասել են՝ կարող ես թաքնվել վարույթ իրականացնող մարմնից։ Հիմա ո՞նց է ստացվում, որ այս մարդուն թույլ են տվել 48 ժամ դուրսը ման գա։ Այս հարցը մենք մարդու իրավունքների պաշտպանի մոտ էլ ենք բարձրացրել, իրենք ասեցին՝ կքննարկենք, բայց դեռ ոչ մի արձագանք չկա»։

Մհեր Հակոբյանը գրառման վերջում կոչ էր արել իրավապաշտպան կազմակերպություններին իրենց աջակցությունը ցուցաբերել՝ ազատելու Տիգրան Տեր-Հարությունովին ու վերականգնելու արդարությունը։ Հարցին, թե այս պահի դրությամբ կա՞ որևէ արձագանք որևէ կազմակերպության կողմից, փաստաբանը պատասխանեց, որ դեռևս ոչ ոք չի արձագանքել։

Հիշեցենք՝  Տեր - Հարությունովին մեղադրանք էր առաջադրվեր ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակիցների և տնօրինության կողմից կեղծ գնահատման հաշվետվություններ տրամադրելու և իրենց լիազորությունները չարաշահելուն օժանդակելու արդյունքում՝ մի դեպքում շուկայականից ցածր, իսկ մյուս դեպքում՝ անհամեմատ ցածր արժեքներով գնահատելու արդյունքում՝ 63.400.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքը 22.08.2013թ. 47.520.000 ՀՀ դրամ գումարով, իսկ 33.550.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 տարածքը՝ 20.01.2014թ.-ին 3.800.000 ՀՀ դրամ գումարով, Երևանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել վերը նշված անշարժ գույքերը, որոնք հետագայում լիազորագրերի օգտագործմամբ կամ առանց դրանց, նույն քաղաքացիների անուններից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել են նոտարներին: