Համոզված եմ, որ ՌԴ-ն Հայաստանին մենակ չի թողնի․ Մարիամ Հովսեփյան

Համոզված եմ, որ ՌԴ-ն Հայաստանին մենակ չի թողնի․ Մարիամ Հովսեփյան

Սեպտեմբերի 13-ին` ադրբեջանական նոր ագրեսիայի օրը, մեր հայրենակից, մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ելույթ է ունեցել ՌԴ նախագահին կից գործող Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում՝ РАНХИС-ում, Հարավային Կովկասի ակտուալ խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ։ Նա առիթը բաց չի թողել` խոսակցությունն ուղղել հայ-ադրբեջանական վերջին սրացման կողմը, ցույց տալով, թե ինչպես են Ադրբեջանի գործողությունները սինքրոնիզացված Ուկրաինայի ռազմական պլաններին։

«Դեռ մարտից, երբ ադրբեջանական բանակը գրավեց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Փառուխն ու Քարագլուխը, Բաքուն սիստեմատիկաբար փորձում էր  անցնել թույլատրելիի սահմանները` ամեն անգամ ընդլայնելով դրանք․․․Օգոստոսի 1-3 -ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձեցին գրավել ռազմավարական նշանակության բարձունքներ` Լեռնային Ղարաբաղի արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածներում, և սա ևս համընկավ Ուկրաինայի հակահարձակման նախապատրաստական շրջանի հետ:  Հիմա, երբ Ուկրաինան ակտիվ գործողություններ է վարում, Ադրբեջանը հերթական էսկալացիայի գնաց` օգնելով Ուկրաինային, իր կողմը շեղելով ՌԴ ղեկավարության ուշադրությունը», - ասել է քաղաքագետը:

«Հրապարակի» հետ զրույցում նա պատմեց, որ ավելի վաղ էին պլանավորել այդ կոնֆերանսը, որի խորագիրն էր` «Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և ամսի 13-ին արդեն արթնացանք` ունենալով պատերազմ։ Ուստի թեման փոխվեց։ Մարիամին բոլորիս հուզող չորս կարճ հարց տվեցինք։

-Նենսի Փելոսիի այցն ի՞նչ տվեց մեզ։

-Որպես հայ` ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ Հայաստանը համագործակցում է տարբեր պետությունների հետ` ունենալով իր անկախ ստատուսը։ Բայց պետք չէր շիզոֆրենիայի հասցնել այն աստիճանի, որ ամերիկյան դրոշներով դուրս գալ, ցույց անել ու ասել՝ «Ազատ, անկախ Հայաստան»։ Հայերի մի սեգմենտի պատկերացմամբ, եթե դու ռուսական ազդեցությունից դուրս ես գալիս, մտնում ես եվրոպական կամ ԱՄՆ ազդեցության գոտի, դու անկախ ես։ Չկա էդպիսի բան։ Ո´չ այդ դեպքում ես անկախ լինում, ո՜չ էլ հիմա, երբ դու ունես ռազմական ու տնտեսական կախում ինչ-որ մի ուրիշ գերտերությունից։ Մյուս կողմից էլ պարզ է, որ ինֆորմացիոն պատերազմը ՌԴ-ի դեմ ընտիր վարում են, ոնց սկսեցին, այնպես էլ տարան։ Օրինակ, ՇՈՍ-ից Պուտինի լուսանկարը տարածեցին, բայց ոչ ոք հարց չտվեց, թե ինչու Փաշինյանը չգնաց այնտեղ ու չներկայացրեց, որ ագրեսիա է տեղի ունեցել Հայաստանի նկատմամբ։ Ասենք, երբ որ տեսնում ենք, որ տարբեր հարթակներում, ռուսական ԶԼՄ-ներում կա ինֆորմացիայի պակաս, դա նշանակում է, որ Հայաստանը  շատ վատ է աշխատում արտաքին լսարանի վրա, իսկ ներքին լսարանի վրա աշխատում են այնքանով, որ իրենց աթոռները պահեն։ Այսինքն, խնդիրը դրված է ոչ թե որ պատերազմում հաղթելու, այլ չկորցնելու իշխանությունը։ 

-ՀԱՊԿ-ից դուրս կգա՞նք, թե՞ չէ, ո՞ւմ է դա պետք։

-Մենք հիմա ՀԱՊԿ-ից դուրս չենք գա ու չենք էլ կարող դուրս գալ, քանի որ ուղղակի նպատակահարմար չէ: Այլ է, լծակներ ու կարողություն պետք է ունենալ։ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենք և Իրանի հետ, Ամերիկան էլ եկավ, ասաց՝ մենք ձեզ ինչ-որ չափով աջակցում ենք։ Եվ այս իրավիճակում լինել այդքան անտաղանդ, որ չօգտագործել հարևան պետություններին ի օգուտ քեզ, ուղղակի զարմանալի է։

-Ինչո՞ւ են այսքան շատացել հակառուսական շարժումները։

- Ես այս հակառուսական շարժումները որակում եմ որպես հերթական պրոամերիկյան պրոպագանդա։ Իրենք վերցրին ու օգտագործեցին հայերի էս էմոցիոնալ վիճակը։ Ոչ ոք չի ասում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելուց հետո լինելու է 100 տոկոսանոց անվտանգություն, որովհետև այնտեղ էլ չգիտենք, թե ինչ է լինելու։ Այնպես որ, իրավիճակը բարդ է, ու պատերազմի երկրորդ փուլը՝ անխուսափելի, և պետք է հասկանալ, թե ումից ինչ սպասելիք կարող ենք ունենալ այս իրավիճակում, ու ոնց օգտագործել էդ կապերը։

-ԱՄՆ-ն կարո՞ղ է ռեալ քաղաքական գործընկեր լինել։

-Ռեալ բան ես չեմ տեսնում ԱՄՆ-ի կողմից այստեղ։  Օգնություն՝ հա, պետք էր գալ, ընտրություններից առաջ ոգևորել հայերին, բայց տեսնելով, որ այդ ամենը պետք է օգտագործվի ի վնաս ՀՀ արտաքին քաղաքականությանը, ես դատապարտում եմ դա։ Ինչքան էլ ՌԴ-ն ամենալավ վիճակում չէ` նոր պատերազմ սկսելու ու վարելու համար, բայց եթե բանակցային փուլով չլուծվի կոնֆլիկտը, համոզված եմ, որ ՌԴ-ն Հայաստանին մենակ չի թողնի, անգամ այն պարագայում, որ 7 ամիս է, արդեն պատերազմ է վարում ամբողջ աշխարհի հետ Ուկրաինայի տարածքում։