Հրեշից՝ Նորին կայսերական մեծություն

Հրեշից՝ Նորին կայսերական մեծություն

Անընդհատ ասել եմ՝ շուրջ 20 տարի կռիվ եմ տվել նախկինների դեմ, բայց 2021-ի հունիսի 20-ի Ազգային ժողովի ընտրությանը, հանուն հայրենիքի փրկության, ձայն եմ տվել հիմնականում նախկիններից բաղկացած «Հայաստան» դաշինքին: Կարծում եմ, որ այդ հարցում միակն ու բացառիկը չէի. ինձ նման բազմաթիվ գրագետ ու մտածող անհատներ արել են նույնը: Դրանով կատարել են իրենց քաղաքացիական պարտքը՝ ինչպիսի վերաբերմունք էլ ունենային ՀՀ երկրորդ կամ երրորդ նախագահների նկատմամբ: Իսկ ինչո՞ւ հենց «Հայաստան» դաշինքին: Որովհետև ենթադրում էի, որ երեք տարի առաջ մերժվելուց հետո ՀՀ երրորդ նախագահի կողմից ղեկավարվող «Պատիվ ունեմ» դաշինքը չէր կարող հաղթահարել Փաշինյան Նիկոլի նկատմամբ դեռևս պահպանվող հակաքաղաքացիական և աննորմալ պաշտամունքը: Եվ դրան չէր կարող նպաստել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գտնվելն այդ դաշինքում: Քանի որ վերջինիս բարձր հեղինակությունը ձևավորվել էր Նիկոլի, որպես նրա աջ ձեռք, ստվերում: Եվ չնայած ընդդիմադիր դաշինքները պարտվեցին Նիկոլին, դեռևս հույս ունեի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրն ազատել Նիկոլից: Այդ հույսը հիմնված էր թե՛ հաղթական Արցախյան առաջին պատերազմում նրա դերակատարման և թե՛ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո առաջացած ճգնաժամային իրավիճակի հաղթահարելու և տնտեսական լրջագույն ձեռբերումների վրա: 

Բայց Ռոբերտ Քոչարյանի հետ վերջինիս համակիրների վերջին հանդիպումը լուրջ կասկածներ առաջացրեց մեջս: Այն աստիճան, որ մտածում եմ, որ երկիրը Նիկոլից ազատելը նրա ուժերից վեր է: Որովհետև եթե Քոչարյանը սպասում է, որպեսզի փոխվի մարդկանց մտածողությունը, իսկ հետո ինքը, որպես սպիտակ ձիավոր, առաջնորդի նրանց, ապա դա իմ պատկերացրած առաջնորդը չէ: Ասել եմ՝ առաջնորդն այն անձն է, ով զանգվածներին իր խարիզմայով ոգևորելով՝ տանում է նրանց իր հետևից նույնիսկ ընդդեմ սատանայի: Կամ ինչպես Մաքսիմ Գորկու «Պառավ Իզերգիլը» պատմվածքի երրորրդ մասի հերոսը՝ Դանկոն, պատրաստ է զոհաբերել իրեն հանուն ժողովրդի և նրանց փրկելու իր վառվող սրտի օգնությամբ։ Իհարկե, դա ընդամենը ստեղծագործություն է, այն էլ՝ ռոմանտիկ հերոսի կերպարով: Սակայն 44-օրյա պատերազմից և հետպատերազմական իրադարձություններից շոկի մեջ ընկած հանրության պայմաններում հենց Դանկոյի նման մեկը կարող է հայրենիքը փրկել գործող իշխանությունից: Եվ այդ դեպքում նշանակություն չունի, թե ինչպես է տրամադրված ողջ ժողովուրդը: Եվ ինչ վերաբերմունք է եղել իր նկատմամբ նախկինում: Եվ եթե ինքը սպասում է, որպեսզի ողջ ժողովուրդն արթնանա, ու ինքը առաջնորդի նրան, ապա խիստ է սխալվում: Որովհետև ոչ միայն ողջ, այլև նույնիսկ ժողովրդի մեծամասնությունը երբեք չի արթնանա: Չի արթնանա, քանի որ չարթնացավ 44-օրյայի խայտառակ պարտությունից հետո: 

Ինչ մնում է էմոցիաներով առաջնորդվելուն, ապա ոչ թե պետք է ընդդիմանալ դրան, այլ այն դարձնել դաշնակից: Որովհետև սովորաբար էմոցիաներով են առաջնորդվում զանգվածները, և հաջողության են հասնում այն առաջնորդները, ովքեր կարողանում են ոչ թե սանձել, այլ ղեկավարել այն: Իզուր չէր, որ համարձակությամբ երբեք աչքի չընկնող Նիկոլը 2018-ի ապրիլյան օրերին օգտագործեց «դուխով» գլխարկը: Հենց այդ «դուխն» էր կամ ոգին, որով հաղթանակ տարանք Արցախյան առաջին պատերազմում: Բայց այդ ոգու մասին շատ-շատերից շատ ավելի իմացող Քոչարյանը կորցրեց հավատը սեփական ուժերի նկատմամբ Ազգային ժողովի ընտրությունում իր (և այդ թվում՝ մեր բոլորիս) պարտությունից հետո: Սակայն խնդիրն այն է, որ ընտրական գործընթացն այլ կանոններով է շարժվում, իսկ բողոքայինը՝ լրիվ այլ: Եվ այն, ինչը չի աշխատում առաջին դեպքում, կարող է վճռական գործոն դառնալ երկրորդի ժամանակ: Բայց եթե, այնուամենայնիվ, ընտրական պարտությունը ջարդել է Քոչարյանի ոգին, ապա ավելի լավ կլիներ, որպեսզի ինքը հայտարարեր հրաժարման մասին: Որովհետև կասկածով առաջնորդվելու դեպքում հաղթանակ չեն տոնում: Երիտասարդ գեներալ Նապոլեոն Բոնապարտն, օրինակ, փառքով չէր պսակի ֆրանսիական դրոշըը: Ալեքսանդր Մակեդոնացին 60 հազարանոց հունա-մեկեդոնական զորքով չէր պարտության չէր մատնի աքեմենյան հսկայական բանակն ու չէր հասնի Հնդկաստան: Կամ էլ 1917 թվականի հոկտեմբերի վերջին Լև Տրոցկին ինքն իրեն նվեր չէր մատուցի իր ծննդյան օրվա կապակցությամբ՝ 3000 նավաստիներով կազմակերպելով պետական հեղաշրջում:  

Որպես վերջաբան ներկայացնեմ խորհրդային պատմաբան Եվգենի Տարլեի «Նապոլեոն Բոնապարտ» աշխատության մեջ զետեղված պատմական մի հետաքրքիր անեկդոտ։ Այն առնչվում է համաշխարհային պատմության ամենաարտասովոր իրադարձություններից մեկին՝ 1815 թվականին Էլբա կղզու պատվավոր աքսորից (1812 թվականից) Նապոլեոն Բոնապարտի փախուստին և գահ վերադառնալուն: Փարիզյան մամուլի կողմից Նապոլեոնին մի քանի օրվա ընթացքում տրվող մակդիրների փոփոխությունը ներկայացնում է Փարիզում տիրող մթնոլորտը: Ասեմ, որ իրականում հենց այսպիսի որակումներ չեն եղել, հատկապես, որ թերթերի հոդվածները դեռևս վերնագրեր չեն ունեցել, բայց դրանից Վիկտոր Հյուգոյի կողմից ժամանակին օգտագործված, այնուհետև Տարլեի կողմից  մեջբերված անեկդոտը չի կորցնում իր գրավչությունը: Լուր առաջին՝ «Կորսիկացի հրեշը ափ իջավ Ժուանի ծոցում», լուր երկրորդ՝ «Մարդակերը գնում է դեպի Գրաս», լուր երրորդ՝ «Հափշտակիչը մտավ Գրենոբլ», լուր չորրորդ՝ «Բոնապարտը գրավեց Լիոնը», լուր հինգերորդ՝ «Նապոլեոնը մոտենում է Ֆոնտենբլոյին և վերջին լուրը՝ «Նորին կայսերական մեծությանը այսօր սպասում են իր հավատարիմ Փարիզում»։