Ազգային շահերը վնասող ցանկացած որոշում չի կարող լինել լեգիտիմ
Հունիսի 27-ին ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույց անցկացրեց ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նստացույցի նպատակն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել, որ չբավարարվեն լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու եւ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայի կազմակերպիչներից մեկն էր, այսօր հայտարարեց, որ ավարտում են ՄԱԿ-ի դիմաց ակցիան։ Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:
- Պարոն Խաչատրյան, ակցիայի մասնակիցները որևէ արձագանք ստացա՞ն ՄԱԿ-ի գրասենյակից:
- Ի՞նչ արձագանք էիք ակնկալում:
- Որևէ պատասխան: Դուք ոչինչ չէի՞ք ակնկալում:
- Պատասխանի ակնկալիք չկար էլ:
- Իսկ ակցիայի նպատակը ո՞րն էր, եթե դեսպանատներից չունեիք որևէ ակնկալիք:
- Մենք քաղաքական հստակ ուղերձ ենք հղել միջազգային հանրությանը: Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, իր կողմից ներկայացրած սկզբունքներին պետք է հավատարիմ լինի: Ակցիայի հաջորդ հասցեատերը Հայաստանի իշխանություններն էին: Որևէ համաձայնություն, որն այս իշխանությունները կարող են ձեռք բերել, առ ոչինչ է, եթե հակասեն ազգային շահերին: Ազգային շահերը վնասող ցանկացած որոշում չի կարող լինել լեգիտիմ:
- Օրինակ, ՄԱԿ-ի գրասենյակից որևէ արձագանք չեղա՞վ, որեւէ մեկը մոտենար, հարցեր տար, ինչ-որ բան ճշտեր, իրենց դիրքորոշումն ու կարեկցանքը հայտնեին:
- Չէ, զուտ նամակներ են հանձնվել, իսկ ահա ՄԱԿ-ի գրասենյակին առհասարակ ոչ մի նամակ չի էլ հանձնվել, զուտ բանավոր խոսք ենք հղել:
- Իսկ ի՞նչ նամակներ են ուղարկվել դեսպանատներին:
- Որ միջազգային հանրությունը պետք է իր սկզբունքներին հավատարիմ մնա:
- Նման ակցիաներ առաջիկայում նախատեսո՞ւմ եք:
- Չեմ բացառում: Կարող են տարբեր պատճառներ լինել նոր ակցիաների: Բավականին թեական հարց է:
Կարծիքներ