Այդ մեխանիզմներն այսօր էլ արդիական են

Այդ մեխանիզմներն այսօր էլ արդիական են

Հարցազրույց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ

- Առաջներում թաղային հեղինակություն ասվածները մեծ ազդեցություն ունեին ընտրությունների եւ դրա արդյունքների վրա: Դա հստակ աշխատող մեխանիզմ էր նախկինների ժամանակ: Ինչպես հստակ աշխատող էր փողի գործոնը: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Իշխանությունը փոխվելու հետ, ենթադրվում էր, որ պետք է փոխվեին նաեւ իշխանական քարոզչամեքենան, ընտրական մոդելները: Հետաքրքիր է, այս առումով ի՞նչ է փոխվել:

- Եթե ուշադրություն դարձնենք վերջին տարիներին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ապա կտեսնենք, որ թե՛ իշխող եւ թե՛ ընդդիմադիր ուժերը շարունակում են այնպիսի մեկին ընտրել որպես թեկնածու, որը քիչ թե շատ հեղինակություն ունի տվյալ քաղաքում: Դա ամենեւին չի նշանակում, որ նրանք պետք է կրիմինալ դեմքեր լինեն, պարզապես մարդիկ են, ովքեր ունեն հեղինակություն:

- Խոսքը կոնկրետ թաղային հեղինակությունների մասին է: Այսօր կարո՞ղ են նրանք ձայն բերել, ինչպես արել են անցյալում շատ ու շատ անգամներ:

- Այո, եթե ինչ-որ մարդիկ կարող ուժեր են, շրջապատ ունեն, ապա կարող են: Փոքր համայնքներում ամենամեծ գերդաստանն ունեցող մարդիկ են առաջադրվում եւ վերջում հաղթում են: Երեւանում եւս կան ձայն բերողներ: Եթե մի ժամանակ արվում էր 5000-10․000-ով, ապա այսօր դա այնքան էլ այդպես չէ, գուցե դա էլ արվի, չեմ կարող պնդել, սակայն կան այլ ձեւեր: Կան գործատուներ, բիզնեսմեններ, որոնք կարող են իրենց աշխատողների վրա ազդեցություն ունենալ, հետեւաբար՝ ի վիճակի են ձայներ բերելու:

- Մարդկանց մտածողության մեջ փոփոխություն չկա՞ այս առումով: Վարչապետն ասում է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: Գուցե հանրության մտածողության մեջ այս առումով կա՞ փոփոխություն:

- Ես վաղուց այդ անձի ասածներին եւ իշխող կուսակցության անդամների հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում, նույնը խորհուրդ կտամ Ձեզ:

- Գուցե հասարակությունը լուրջ վերաբերվի եւ մտածի, որ իրավիճակ է փոխվել, եւ իրենք ում ցանկանան, կընտրեն:

- Անկեղծ ասած, չեմ կարող հստակ բան ասել այս մասով, ես առայժմ չեմ տեսնում նման միտում:

- Այսինքն` կարծո՞ւմ եք, որ նման մեխանիզմներն այսօր էլ արդիական են:

- Այո, դրանք աշխատել են ու աշխատում են, մոտակա ժամանակներս էլ դեռ աշխատելու են: Ես ոչ մի տենդենց այս առումով չեմ տեսնում:

- Էլ ի՞նչ նման մեխանիզմներ կարող են աշխատել առաջիկա ընտրություններում:

- Այն, ինչ անում են այսօր. ճնշումներ, բռնաճնշումներ, քաղաքական ձերբակալություններ, քաղաքական կալանքներ: Սրանք եւս ազդեցություն ունեն:

- Ինչպիսի՞ ազդեցություն:

- Վախ են մտցնում մարդկանց մեջ: Վախի մթնոլորտ են ստեղծում:

- Մի քանի օրով փակվեց «Մալաթիա» առեւտրի կենտրոնը: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Երեւանի առաջիկա ընտրությունների վրա:

- Կարծում եմ՝ Մալաթիայի տոնավաճառը փակելն ունենալու է այն նույն էֆեկտը, երբ Նիկոլ Փաշինյանը մարդկանց ասաց` աղքատությունը ձեր ուղեղներում է, սակայն հասկացավ, որ այդկերպ կարող է ընտրազանգված կորցնել: Նա ամեն ինչ անում է իր ընտրազանգվածի համար, աշխատում նրանց վրա: Հասկանալով, որ տոնավաճառի փակումը կարող է ազդել ընտրազանգվածի վրա, նա անպայման կվերաբացի շուկան: