Հրաժարական չտալը ավելի լուրջ հիմք ունի․․․

Հրաժարական չտալը ավելի լուրջ հիմք ունի․․․

2018-ին, երբ չարիքը եկավ ու նախկիններից շատերին վախեցնելով՝ սկսեց փողաորսը,  ունեցքաորսը, նախկիններից բավականին հայտնի մեկը անկեղծացել էր ինձ մոտ՝ ես քրեական հետապնդումից չեմ վախենում, ոչ էլ ձերբակալությունից, ես վախենում եմ այն բանից, որ Նիկոլը մարդու անունը այնպես, այնպիսի միջոցներով է կեղտոտում, որ հետո հնարավոր չի լինելու մի կյանքի ընթացքում կեղտը մաքրել։ Հետո ես ուշադիր եղա ու հասկացա, որ նրա խոսքում մեծ ճշմարտություն կա։ Նիկոլը «հարաբերական թշնամուն» պլոկելուց, բանտարկելուց առաջ այնպիսի բաներ է հորինում, տարածում հանրության մեջ, այնպես է նսեմացնում, որ այդ մարդը դառնում է «փալաս» ու նրա վրա են թափվում ոչ միայն ԱԱԾ-ի դիմակավորվածները, այլ ողջ հանրությունը։ Սա է Նիկոլի աշխատաոճը եղել։ Հետո այդ նույն մեթոդը տարածեց Արցախի, Հայաստանի վրա՝ Շուշին դժբախտ ու դժգույն է, ամայի տարածքներ․․․ ու նմանատիպ հազարավոր արտահայտություններով փորձում էր այն ինչ մերն է՝ նսեմացնել, ստորացնել, ցածրացնել, հետո հանձնել։ Դրանով չբավարարվեց։ Մի ողջ ազգի նսեմացրեց՝ 11 հազար դասալիք և ի վերջո այնքան ստորացրեց, որ աշխարհով մեկ հայտարարեց, որ հայ ժողովուրդը իրեն նորից ընտրել է, որովհետև կողմ է իր քաղաքականությանը։ Այսինքն ժողովուրդը համամիտ է, որ ինքը Արցախը հանձնում, սեփական երկրի տարածքները հանձնում է։ 

Երբեմն մտածում եմ, թե ինչու հրաժարական չի տալիս Նիկոլ Փաշինյանը; Չնայած կա ընդհանրական կարծիք, որ նա ծրագիր է իրականացնում, թույլ չեն տալիս, բայց ես դա շատ փոքր բան եմ համարում այն ամենի հանդեպ, ինչ պիտի ասեմ։  Նա հրաժարական չի տալիս, որպեսզի ողջ աշխարհը ատի Հայաստանը։ Այն կարծիքը ստեղծվի, որ հայը դավաճան է, հայը թույլ է, հայը չի սիրում իր երկիրը։ Եթե սիրեր, պատերազմը խայտառակ ձևով տանուլ տվածին ու կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրողին  նորից չէր ընտրի։ Ու հիմա ես նախկինի խոսքն եմ հիշում՝ ես ոչնչից չեմ վախենում, իմ վախը միայն այն է, որ  մի ողջ կյանքի ընթացքում անունս չեմ կարողանալու Նիկոլի թափած կեղտից մաքրել։ Հիմա նույն վիճակում Հայաստանը, հայ ժողովուրդն է։ Քանի՜ դար է մեզ պետք, որ այն պիտակները, որ  տվել է մեր ժողովրդին, մեզ, որ կեղտից  մաքրվեն․․․ Լվացումը,կեղտազերծումը Արցախն է անում՝ չնայած իր վիրավոր վիճակին։ Չնայած բոլոր այն արհավիրքների, փորձություններից, որի մեջ գցում են նրան։ Հայաստանը Արցախով է լվացվելու։ Դա լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը ու Արցախը ժամ առաջ ծնկի բերել է ուզում։ Ժամ առաջ։ Արցախը մեզ պարզերես է անում՝ իր ուժով, հաստատակամությամբ, կամքով ու սթափությամբ։ Նման դեպքում անսահման է Նիկոլի խարդավանքը։ Պետք է կարողանալ դիմակայել։ Անսպասելի սցենարներից չպետք է ոգևորվել, որովհետև դրանց հետևում կարող է Նիկոլ Փաշինյանը լինել։