Հեռավոր գյուղի իշխանական դեղագործն ու բժշկականի դասախոսը

Հեռավոր գյուղի իշխանական դեղագործն ու բժշկականի դասախոսը

Հայտնի ՔՊ-ական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որը հանրությանը հայտնի է «Նավակ ճոճող» անունով, նշանակվել է «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն։ Նշանակումն արել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նախապես դեմ է եղել այդ նշանակմանը, սակայն վարչապետի կամքն անբեկանելի է։ Մի կողմ դնենք, որ Գաբրիելյանն իշխանական է, Փաշինյանի հետ անցած ճանապարհ ունի, սակայն նրա մասնագիտական հմտություններն ու փորձը բավականին աղքատիկ են այդ ոլորտում։ Նա ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան: 

«Հովանավորչությո՞ւն»՝ Գաբրիելյանի կասկած հարուցող նշանակումն այսպես որակեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ տեղեկացնելով, որ իր մորաքույրը՝ Իրինա Ղազարյանը, որը 1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը եւ 4 տարի եղել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի տեղակալը, հիմնել եւ 18 տարի ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի Դեղագործության ամբիոնը, դեղագործական գիտությունների թեկնածու է, դասավանդում է Բժշկական համալսարանում, մասնակցել է այդ մրցույթին, անցել է, սակայն չի նշանակվել Թորոսյանի կողմից։

Կապ հաստատեցինք տիկին Ղազարյանի հետ, որը չցանկացավ դիրքորոշում հայտնել Գաբրիելյանի նշանակման վերաբերյալ։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթացել մրցույթի բանավոր փուլը, ասաց՝ տեղեկություններ չունի․ «Բոլորս առանձին ենք պատասխանել հարցերին։ Ես չեմ կարող ոչ մի դիտարկումներ անել մնացածների պատասխանների վերաբերյալ։ Ես պաշտոնապես ոչ մի պատասխան առողջապահության նախարարից այս պահին գոնե չունեմ, ես չգիտեմ՝ ինչ կպատասխանեն, թե ինչ հիմունքներով է անցել։ Ես նշանակման մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից, այսինքն՝ ճիշտ չեմ գտնում այս պահին ինչ-որ քննարկումներ անել։ Այն, ինչ գրել է Դանիել Իոաննիսյանը, այդ ամեն ինչը ճիշտ է, այսինքն՝ ես բարձր որակի մասնագետ եմ համարում ինձ, գտնում եմ, որ ես ամբողջությամբ համապատասխանում եմ այդ պաշտոնին։ Գուցե կոնկրետ անձն ունի այլ առավելություններ, որոնց մասին ես կարող եմ տեղյակ չլինել։ Ես կարող եմ խոսել իմ մասին, կարող եմ վստահեցնել, որ ունեմ բոլոր գիտելիքները, որոնք պետք են։ Եթե պարոն Գաբրիելյանը, որը նշանակվել է, միգուցե ունի ավելի կարեւոր հմտություններ, չեմ կարող ասել»։

Հարցին՝ դիմե՞լ է նախարարությանը՝ նշանակման վերաբերյալ պատասխան ստանալու համար, նշեց․ «Երբ մրցույթը հայտարարվում է, մենք հանձնում ենք մեր գործերը, փաստաթղթերը, նշանակվել է մրցույթի օրը, մենք եկել ենք, մասնակցել ենք մրցույթին՝ ըստ կարգի։ Անցել ենք մրցույթը, 3 օր չի հայտարարվել մրցույթի հաղթող, որից հետո նախարարը պետք է որոշեր՝ 3-ից ով պետք է նշանակվի տնօրեն։ Մեզ չեն տվել ոչ ոքի տվյալներ, որ իմանամ՝ ով է ավելի լավ»։

Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ մրցույթին մասնակցելու 7 դիմում են ստացել, մասնակցել են 5-ը, որից 3-ն են անցել հաջորդ փուլ։ Հանձնաժողովը նախագահել է նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Նորանշանակ տնօրենն էլ արձանագրել է․ «Եթե ես շարժվեմ այն տրամաբանությամբ, որով տեղի են ունենում որոշ շահարկումներ, եւ որին իրականում որոշ մարդիկ սովոր են, ապա կարծում եմ՝ կասկած չունեք, որ եթե ուզենայի, ուզենայինք՝ կարող էի իսկապես նշանակվել այն պաշտոնին, որին նշանակվել եմ այսօր, բայց ես չեմ կարող եւ չեմ ուզում լինել արտոնյալ որեւէ իրավիճակում, քանզի ես միշտ առաջնորդվում եմ առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ, ես նախընտրել եմ մասնակցել տվյալ թափուր հաստիքի պաշտոնի թափուր մրցույթին եւ միայն այն հաղթահարելու պարագայում հավակնել այդ պաշտոնին:

Իհարկե, այնուամենայնիվ, կարող է հարց ծագել, թե ինչու ես, ինչը շատ բնական է եւ տեղին: Ըստ այդմ, տամ Ձեզ կարճ ու կոնկրետ պատասխան․ իմ կարծիքով, թե ինչու է նախարարի ընտրությունը կանգնել իմ վրա, որովհետեւ, կարծում եմ, կասկած չունեք՝ ունեմ բավականաչափ համարձակություն, իսկ ավելի կարեւոր է քաղաքական կամք տվյալ կարեւորագույն ոլորտն իրապես լիարժեք համակարգելու եւ կարգավորելու»։