Սա ճանապարհ է դեպի բռնապետություն

Սա ճանապարհ է դեպի բռնապետություն

Օրեր առաջ լրագրող Անի Գևորգյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել: Լրագրողը փորձել էր նկարահանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սև բերետավորները քաշքշել էին նրան` թույլ չտալով լրագրողին կատարել իր մասնագիտական աշխատանքը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադառնալով միջադեպին հայտարարել էր, որ երկու կողմն էլ կոմպրոմիսի պատրաստ չեն: Դրանով, ըստ էության, մեղադրելով նաև լրագրողին:

Թեմայի մասին մենք զրուցել ենք իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:

- Ինչու է Աշոտ Մելիքյանը նման հայտարարություններ անում, նման հայտարարություն անողներն իսկապե՞ս խոսքի ազատության համար մտահոգ անձինք կարող են կոչվել: 

- Համեմայնդեպս,  մինչև 2018թ․, ինձ թվում էր, որ նա իսկապես խոսքի ազատության համար ոչ միայն մտահոգ, այլև պայաքարող գործիչ է։ Ավելին, նրան վստահելով, մենք, նկատի ունեմ՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն», մարդու իրավունքները Հայաստանում, տարեկան զեկույցում, խոսքի ազատության բաժինը կազմելիս, նրան և նրա կազմակերպությանը վստահելով, օգտվում էինք «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» (ԽԱՊԿ) զեկույցներից։ 2018թվականից հետո նա արդեն, հանդես է գալիս ոչ այնքան որպես խոսքի ազատության ջատագով, այլ քաղաքագետ, հոգով և մարմնով պաշտպանելով պատերազմը տանուլ տված, Արցախն ուրացած, հազարավոր զոհերի պատասխանատու՝ վարչապետ կոչեցյալին։ Ինչ վերաբերում է 2018թ․ հետո խոսքի ազատության խախտումներին, ապա ԽԱՊԿ-ը շատ մեղմորեն է դրանց արձագանքում, իսկ երբեմն՝ լռում։ Հիշում եմ, երբ համաճարակի ժամանակ ԱԱԾ շենքի մոտակայքում ոստիկաններն ինչպիսի դաժանությամբ վարվեցին ոչ միայն ցուցարարների, այլև լրագրողների նկատմամբ, ԽԱՊԿ-ն իր գործընկերների հետ հերթապահ հայտարություն տարածեց, հորդորելով լրատվամիջոցների ղեկավարներին, լրագրողներ չուղարկել վտանգավոր վայրեր։ Նման հորդորը նոր խոսք էր լրատվության ոլորտում։ Այդ նշանակում է, որ պետք է բացառել ռազմական լրատվությունը, վստահել իրավապահ մարմիններին և չլուսաբանել հանրահավաքները, երթերը և այլն։ Նաև ինչ-որ չեմ հիշում, ԽԱՊԿ-ը և նրա գործընկերները քննադատեին Հեռուտատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովին (ՀՌԱՀ), որ «ՎԻՎԱՌՈ» -ն «հաղթեց» «Երկիր մեդիային»։ Հիշեցնեմ, թե նրանք ինչպես էին քննադատում նույն ՀՌԱՀ-ին, որ Ա1+ հեռուստաալիքը փոխարինվեց «ԿԵնտրոն»-ով։

- Մելիքյանը նշում է, որ երկու կողմն էլ սխալ են: Խոսքի ազատության ջատագովը մի՞թե լրագրողին պաշտպանելու փոխարեն, անընդհատ թերացումների մասին կբարձրաձայնի, այն էլ ոչ իրական:

-Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Ուշադրությամբ նայեցի լրագրող  Անի Գևորգյանի հաղորդումը, ինչպես ասում են՝ դեպքի վայրից։ Նախ, հերթական անգամ ապշեցրեց, թե ինչպես են հարյուրավոր, ոչինչ չասող դեմքերով ոստիկանները ուղեկցում վարչապետ կոչեցյալին։ Կարծես գտնվում ես մի ինչ-որ աֆրիկյան, կամ հարավամերիկյան  հետամնաց, բռնապետական երկրում։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի ներքին վախերի մեջ է «դուխով» վարչապետ կոչեցյալը։ Կարծում եմ, որ նա հիմնավոր պատճառներ ունի բոլորից և ամեն ինչից վախենալու համար։ Նրա այդ բոլոր վախերի պատասխանը կունենանք մենք, կամ մեր սերունդները մոտակա, կամ ավելի հեռավոր ապագայում։ Եվ այդ ամենը լուսաբանում է լրագրողը, որը հենց նրա մասնագիտական պարտականությունն է։ Ի՞նչ է նշանակում, թե երկու կողմերն էլ սխալ են․ միայն մեկ բան, այն է՝ մեղավորը լրագրողն է։ Փաստորեն, խոսքի ազատության համար պայքարող մարտիկի կարծիքով, վարչապետի տեղաշարժի լուսաբանումը, ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, կարող է սահմանափակվել ․ «Ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։ Գուցե, խոսքի ազատության համար պայքարող աննկուն մարտիկը օրինակներ բերի, թե այլ ժողովրդավարական երկրներում ինչպես են ոստիկանները խոչընդոտում երկրի ղեկավարի տեղաշարժը լուսաբանող լրագրողներին։ Եթե ամփոփենք ԽԱՊԿ ՀԿ-մարդ-նախագահի խոսքերը, ապա այն նշանակում է համերաշխություն Արցախն ուրացած, հայաթափած, նոր տարածքային զիջումների պատրաստ վարչապետ կոչեցյալի հետ։ Թե չէ, ի՜նչ խոսքի ազատություն, ի՜նչ լրագրողների իրավունքներ․․․

- Ինչո՞ւ է նախկին քաղհասարակությունը լրագրողների դեմ արշավ սկսել: Ինչո՞ւ նրանք լրագրողներին և լրատվամիջոցներին խոշորացույցի տակ վերցրին 2018-ի իշխանափոխությունից հետո եւ նրանց պաշտպանելու փոխարեն, թիրախավորում են:

-Լրագրողների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունքը հատուկ է բոլոր իշխանություններին, իհարկե չհաշված իշխանամերձ լրատվամիջոցների լրագրողներին։
Սակայն իրական ժողովրդավարական երկրներում իշխանությունները հանդուրժում են ինչպես ազատ, այնպես էլ ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է ասել, որ բոլոր երեք նախագահների կառավարման ժամանակ, պարբերաբար տեղի են ունեցել բռնություններ, սահմանափակումներ լրագրողների նկատմամբ։ Սակայն այն, ինչ սկսվեց 2018 թվականից սկսած և սաստկացավ հետագա տարիներին, գերազանցեց նախորդ ավելի քան 30 տարիների բռնությունները։ Հիշեցնեմ, ոչ մի ոստիկան, պաշտոնյա, ինչպես օրինակ՝ ԱԺ փոխխոսնակը, պատասխանատվության չի ենթարկվել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու և բռնության դիմելու համար։ Սա ճանապարհ է դեպի բռնապետություն։