Մարդիկ իրենց նետել են Թարթառ գետը, ինչպես 1915-ին նետվում էին Եփրատը

Մարդիկ իրենց նետել են Թարթառ գետը, ինչպես 1915-ին նետվում էին Եփրատը

Արցախից բռնագաղթած եւ Մասիսում իր հարազատի տանը ժամանակավորապես ապաստան գտած Լյուբա Մարտիրոսյանը HraparakTV.am-ին տված հարցազրույցում ասում է, որ գաղթի օրերին արցախցիներից շատերը, ովքեր տեսել են, որ ընկնելու են ադրբեջանցիների ձեռքը, իրենց նետել են Թարթառ գետը, որպեսզի գերի չընկնեն ու չենթարկվեն կտտանքների: Այդպես վարվել են հիմնականում զինվորականները:  Հավանաբար, դրանով է պայմանավորված շատ արցախցիների՝ անհետ կորչելու հանգամանքը: Այսօր էլ դեռեւս կան արցախցիներ, ովքեր փնտրում են իրենց անհայտ կորած հարազատներին: Թե որքան է բռնի տեղահանության ժամանակ անհայտ կորածների թիվը, դեռեւս ոչ մի պաշտոնական վիճակագրություն չկա: Հավանաբար, չի էլ լինի, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ չհրապարակվեցին զոհվածների, հաշմանդամ դարձածների, անհայտ կորածների թիվը:

Անգամ Եռաբլուր պանթեոնում արգելվում էր դրոնով նկարահանումները, որպեսզի շիրիմների թիվը չբացահայտվեր: 

Լյուբա Մարտիրոսյանի բացահայտումը հիշեցնում է 1915թ-ի ցեղասպանությունը, երբ հայերին սպանելուց հետո թուրքերը նետում էին Եփրատը, կամ նրանք իրենք էին իրենց նետում գետը, որպեսզի թուրքի ձեռքը չընկնեին:  Այս զուգահեռները եւս մեկ անգամ փաստում են, որ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, եւ հենց այդ սարսափից են մարդիկ լքել իրենց տներն ու մազապուրծ փախել մայր Հայաստան: Ըստ ականատես կնոջ, շատերը վախից մահացել են հենց ճանապարհին, այն պահին, երբ ադրբեջանցիները բացել են մեքենայի դուռը, որպեսզի տեսնեն եւ հաշվեն ներսի մարդկանց:

Լյուբա Մարտիրոսյանը, ով ականատես է եղել նաեւ 1992-ի թվականի արցախյան ազատագրման պատերազմին, միանշանակ պնդում է, որ թե այն ժամանակ, թե հիմա, տեղի է ունեցել ցեղասպանություն, որից էլ  իրենք սարսափած փախել են: Իրադարձությունները դեռեւս թարմ են, մարդիկ դեռեւս կեցության խնդիրներով են զբաղված, դեռեւս շոկային իրավիճակում են: Ժամանակի ընթացքում շատ սարսափելի իրողություններ դեռեւս կբացահայտվեն:

Լյուբա Մարտիրոսյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել այսօր, Hraparaktv.am-ի եթերում: