Лицо карабахской национальности. Թե ինչպես Հայաստանի տակ դրվեց դանդաղ գործողության ռումբ

Лицо карабахской национальности. Թե ինչպես Հայաստանի տակ դրվեց դանդաղ գործողության ռումբ

1990-ականների սկիզբ, «Կովկաս» մայրուղով (նախկինում՝ Բաքու-Դոնի Ռոստով) բարձր արագությամբ շարժվում եմ Դոնի Ռոստովի ուղղությամբ: Կուշչովսկայա քաղաքի մոտ տեղակայված պետավտոտեսչության կետում ավտո­տեսուչը կանգնեցրեց: 147 կմ արագություն: Կարծեմ մի 5 հազար ռուբլու տուգանք էր հասնում: Առաջարկեցի 20 հազար, երբ վարորդական իրավունքը տեսավ, որից պարզ էր, որ Երևանից եմ, հրաժարվեց տուգանքը գանձելուց և ասաց, թե համա­կարգիչ է մուտքագրելու իմ խախտումը:

Խնդրեցի չանել, որովհետև մի երկու խախտում էլ անելու դեպքում կզրկվեի վարորդական իրավունքից: Ասացի, դե լավ էլի, երի­տասարդ գործարար եմ, կարծես, գործերս էլ հաջող են, մի բանով պետք կգամ, օֆիսս Տիխորեցկում է, հեռու չէ: Մնաց անդրդվելի, ասելով. «Դուք էիք ուզում, չէ, մե­զանից ան­ջատվել»: Ասացի. Не понял. Объясните, пожалуйста. Իհարկե, հասկա­ցել էի, թե ինչի մասին է խոսքը: Ու, ինչպես ասում են, «շներին կապեցին, ինձ բաց թո­ղեցին» (թեպետ, «ըստ սահմանման», օտարերկրացի էի. ՀՀ քաղաքացի):

Իմ առաջին հարցը հետևայլն էր. Իսկ 1980-ականներին որ հեռուստա­ալիք­ներով ու ինչ լեզվով էր ասվում лица кавказской национальности…, երբ խոսքը վե­րա­բերում էր քրեական խրոնիկային, կարծես քրեածին տարրերը միայն կով­կասցիներն են: «Какие-то спецслжубы подкинули вам это выражение и вы сразу же клюнули»: Հետո ասացի, թե գիտի՞, արդյոք, թե Կովկասի որ մասն է ՌԴ-ի մեջ: Մեծ մասը: Հե­տևաբար, այդ արտահայտությամբ ռուսներն իրենք սրեցին հարաբե­րությունները Կովկասի ժողովուրդների հետ: Եզրակացրի՝ դուք ինքներդ, ձեր սխալ գործո­ղություններով, Ռուսաստանից կօտարեք Կովկասը:

Բանը նրանում էր, որը ըստ մեկ այլ վարկածի, «лицо кавказской нацио­нальности» -ն կլիշե էր, Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդ­ների ներկայացուցիչների մասին, ընդհանրացված, ստերոտիպային պատկերացում, որը ձևավորվեց ռուսական գիտակցության մեջ 1990-ական թվական­ներին: 1920-ական թվականներին ԽՍՀՄ - ում գոյություն է ունեցել «лицо еврейской национальности» կամ «жидовская морда». 1980-ականների վեր­ջե­րից և արդեն 1990-ականների սկզբների «лицо кавказской нацио­нальности» ար­տահայտությունը լայնորեն օգտագործվում էր ԶԼՄ-ներում, ոստիկանական արձանագրություններում, ամփոփագրերում:

Ահա, թե ինչու տեսուչը դիմացավ գայթակղությանը. նրա մեջ գերիշխեց ազ­գային արժանապատվությունը, եթե կուզեք, շովինիզմը, որի մասին գրել էր դեռ Լենինը: Ռուսական կայսրությունում մերթընդմերթ գլուխ բարձրացնող շովինիզմը կարող էր հանգեցնել դրա փլուզմանը: Խորհրդային տարիներին այն բթացել էր; Հավանաբար, օտարերկրյա հատուկ ծառայություններն այն արթնացնելու համար շրջանառության մեջ դրեցին այդ արտահայտությունը՝ պերեստրոյկայի մեկնարկին:

Հյուսիսային Կովկասից, ավելի շուտ, «Կովկաս» մայրուղուց վերադառնանք Հարավային Կովկաս, Հայաստան: Այժմ, գուցե, դժվար է վերհիշել, թե երբ շրջանա­ռության մեջ դրվեց («лицо карабахской национальности» կամ ուղղակի «ղարա­բաղցի» արտահայտությունը): «Ղարա­բաղցին» որոշ էվոլյուցիա անցավ. «ղարաբաղ­յան կլան», «տականք ղարաբաղցիներ»: Դրան զուգահեռ, Արցախում շրջանառվում էր «հայաստանցի» արտահայտությունը:

Հայաստանում գավառականացման մեծ բում տեղի ունեցավ, երբ ստեղծ­վեցին այսպես կոչված հայրենակցական միությունները: Առաջին հայացքից դրանք հասարակական կազմակերպություններ էին, բայց դրանք յուրօրինակ փակ սոցիա­լական կապիտալի նման մի բան էին. «ապարանցին» ապարանցուն է գործի տեղա­վորում, ստեղծում բարենպաստ պայմաններ, լենինականցին լեննականցու համար: Երևանցին…երևանցիները չէին էլ կարող այդպիսի կապերի հիման վրա ստեղծել ինչ-որ կառույցներ, որովհետև, որպես այդպիսին, գրեթե երևանցի էլ չէր մնացել, իսկ մնացածները, որպես քիչ թե շատ զարգացած, մայրաքաղաքցու հպարտության զգացողությամբ չէին մտածում, որ պետք է միավորվել «փոքր հայրե­նիքի» շահերը պաշտ­պանելու համար և ումից. դա չէին հասկանում «հե­տամնաց» երևան­ցիները:  

Կարծես, «տականք ղարաբաղցիների» հարցը լուծվեց. «հողով, բանով տվինք ու պրծանք»: Ապրեն «շովինիստ հայաստանցիները»: Բայց դե գիտեք, դեռ կիսատ մնացած գործեր կան. սյունեցիներին հողով- բանով պիտի տանք ու պրծնենք էդ բունտովշչիկ­ներից (հատկապես Շուռնուխի մնացած մասից, բացի հայտնի երեք ընտանիքները)…Հարցը պետք է «փաթեթային» լուծվի: «Տականք ղարաբաղցիներ»,  «տականք հայաստան­ցիներ»․․․ահա թե ինչից ուր հասանք․․․

Գագիկ Վարդանյան