Քաղաքացին դժգոհում է՝ մարտի 18-ից ՊԵԿ-ն իր ապրանքը պահել է` չի մաքսազերծում

Քաղաքացին դժգոհում է՝ մարտի 18-ից ՊԵԿ-ն իր ապրանքը պահել է` չի մաքսազերծում

«Մովսեսյան» ՍՊԸ-ն մարտի 18-ին դրսից ապրանք է ներմուծել Հայաստան, որը մինչ այժմ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատանը, մաքսային տեսուչները չեն ցանկանում այն մաքսազերծել։ Ընկերության փոխտնօրեն Աշոտ Մովսեսյանը ճարահատյալ դիմել է մեզ՝ նշելով, որ մաքսային մարմիններն ապօրինի փաստաթղթեր են իրենցից պահանջում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելով իրենց համար։

«Ուրեմն, «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինում կա Մինասյան Մելքոն անունով մաքսային տեսուչ, որի հետ միայն մենք չէ, էլի շատ գործընկերներ ունեմ, որ բազմիցս պրոբլեմներ են ունեցել։ Իմ կարծիքով՝ խնդիրը կոնկրետ էդ մաքսային տեսուչի ստեղծած իրավիճակի մեջ է։ Չնայած մենք դիմել ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, դիմել ենք վարչապետի վերահսկողական ծառայությանը, բայց մինչ օրս արձագանք չկա։ ՊԵԿ-ից ստացել ենք ընդամենը ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի պատասխանը, որը որեւէ հարց չի լուծում»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ներմուծված ապրանքն էլ լազերային փորագրիչ մեքենա է՝ պոլիտեխնիկական ինստիտուտի համար, բարեգործական ծրագրի շրջանակներում։ Բայց մաքսային մարմինները, նայելով ապրանքի կոդին, որոշել են, որ այն պետք է ռազմական նշանակության համար փորձաքննության ենթարկվի, որն էլ տեւում է 5 օր եւ արժե 50 հազար դրամ։ «Մենք իրեն ցույց տվեցինք էդ որոշումը, որին ինքը հղում էր կատարում՝ ասելով, որ այս որոշման մեջ միայն էդ կոդը չէ, էնտեղ տեխնիկական բնութագիր կա գրված, դուք պետք է հիմնվեք էդ տեխբնութագրի վրա։ Եթե տեսնում ես, որ էս ապրանքն էդ որոշման տեխբնութագրով չի համապատասխանում, դու ի՞նչ հիմքով ես մեզ ուղարկում փորձաքննության։ Ինչեւէ, ստիպված եղանք գնալ՝ այդ գումարը վճարել, փորձաքննությունն անցկացնել, փաստաթղթերը բերեցինք ներկայացրինք, որ ռազմական նշանակության չէ ապրանքը, ու հայտարարագիր ներկայացրինք։ Սակայն դրանից հետո էլ իրենք պահանջեցին, որ ներկայացնենք եվրոպական հանձնաժողովի նամակ-հավաստագիրը։ Մենք մաքսային տեսուչին ասացինք, որ էդ հավաստագիրը մենք չենք ներկայացնում, դա էկոնոմիկայի նախարարությունն է ներկայացնում ՊԵԿ-ին, էնտեղից ձեր մաքսատանն են ներկայացնում, դա մեզնից իրավունք չունեք պահանջելու։ Իրենք ասացին, թե «գիտե՞ք ինչ, ես չգիտեմ՝ ով ՊԵԿ-ին ինչ է ներկայացնում, ես ՊԵԿ-ը չեմ, ես մաքսայինն եմ»։ Մի խոսքով՝ էնպես ստացվեց, որ մեր հայտարարագիրը չեղյալ հայտարարեցին ու դրա հիման վրա հիմա մեզ ուզում են տուգանել 50 հազար դրամով»,- ասաց Աշոտ Մովսեսյանը։

Մենք դիմեցինք նաեւ ՊԵԿ-ին՝ ստանալու նրանց պարզաբանումը։ ՊԵԿ-ից պատասխանեցին, որ ապրանքն ուղարկել են փորձաքննության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված եւ փորձագիտական ծառայություն մատուցող կազմակերպությունը հայտնել է, որ խնդրո առարկա սարքի համար անհրաժեշտ է փորձագետի կարծիք։

Մովսեսյանը մեզ ասաց, որ փորձաքննություն անցել է, եւ հաստատվել է, որ տվյալ սարքը ռազմական նշանակություն չունի, թեպետ այդ մասին ՊԵԿ-ի պատասխանում հիշատակված չէ։ ՊԵԿ-ից այնուհետեւ հայտնում են, որ «Մովսեսյան» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Օհանյանի կողմից վերոնշյալ սարքի վերաբերյալ 14․04․2020թ․ ներկայացվել է թիվ 05100011/140420/0008921 ապրանքների հայտարարագիրը, ընտրվել է մաքսային հսկողության իրականացման «կանաչ ուղի» ընթացակարգը, որի համաձայն՝ ապրանքները կարող էին բաց թողնվել առանց փաստաթղթային հսկողության իրականացման եւ ապրանքների զննման։

««Մովսեսյան» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Աշոտ Մովսեսյանը վարչության պետին 20.04.2020թ․ հասցեագրված դիմումով (մուտք՝ 1564) հայտնել է, որ նշված բեռը հայտարարագրելու ժամանակ հայտարարագրի 6-րդ, 29-րդ, 31-րդ, 36-րդ, 37-րդ, 43-րդ եւ 47-րդ դաշտերը թերի են լրացվել, կամ չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, եւ խնդրել է թույլատրել հայտարարագրում սահմանված կարգով ճշգրտում կատարել։ Օրենքով սահմանված կարգով «Մովսեսյան» ՍՊԸ-ին տրվել է թիվ 05100011/140420/0008921 ապրանքների հայտարարագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու թույլտվություն, սակայն 04.05.2020թ․ դրությամբ «Մովսեսյան» ՍՊԸ-ի կողմից հայտարարագրում համապատասխան փոփոխություններ եւ (կամ) լրացումներ չեն կատարվել»,- ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ։ 

Աշոտ Մովսեսյանն այլ բան ասաց, որ այս պահին հայտարարագիրը ՊԵԿ-ի պահանջով փոխել են եւ խնդրում են, որ մինչեւ ներկայացնելը նայեն, որ հետո չասեն՝ էլի պետք է փոխել, բայց չեն նայում։ «Երեւի սպասում են՝ ժամկետն անցնի, որ էլի տուգանք գրեն 50-100 հազար դրամի չափով»,- կարծում է Աշոտ Մովսեսյանը։