Քաղաքապետարանը որոշել է «Սանիթեքին» դուրս մղել Երեւանից

Քաղաքապետարանը որոշել է «Սանիթեքին» դուրս մղել Երեւանից

Մարտի 25-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «կամ-կամ» հայտարարեց աղբահանման օպերատոր «Սանիթեք» ընկերությանը։ «Սանմաքրումն անում եք պատշաճ որակով, կամ «Սանմաքրումը» քաղաքը վերցնում է հետ եւ որպես օպերատոր՝ ներգրավվում է եւ անում է ինքը։ Այլեւս այսպես հնարավոր չէ, աղետ է ուղղակի»,- հայտարարեց Հայկ Մարությանը։ Սակայն պարզվում է՝ Երեւանի քաղաքապետարանի եւ լիբանանյան «Սանիթեք» ընկերության միջեւ սառը պատերազմն ապրիլին չի սկսվել, այն ավելի վաղ պատմություն ունի։ Իրականում քաղաքապետը գրեթե իր ընտրվելուց անմիջապես հետո, իսկ անցյալ տարվա դեկտեմբերից արդեն բացահայտորեն հայտարարում էր, որ պատրաստվում է խզել ընկերության հետ պայմանագիրը։ Երեւանի զարգացման 5-ամյա ծրագրով նախատեսված է աղբահանության նոր օպերատորի ներգրավել։ 

Իսկ հունվարի 19-ին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը գրություն է ուղարկել վարչական շրջանների բոլոր ղեկավարներին, որում ասված է․ «Հաշվի առնելով այն, որ Երեւան քաղաքում սանիտարական մաքրման աշխատանքները համակարգվելու են Երեւանի վարչական շրջանների կողմից՝ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, խնդրում եմ, եռօրյա ժամկետում ներկայացնել․․․ պահանջվող ֆինանսական միջոցների եւ աշխատանքային ռեսուրսների քանակական գնահատականների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը»։ 

Այլ կերպ ասած՝ սանմաքրման աշխատանքների օպերատոր է ուզում դառնալ Երեւանի քաղաքապետարանը։ Մեր տեղեկություններով, վարչական շրջանների ղեկավարները դեռ չեն պատասխանել այս գրությանը։ Աջափնյակի թաղապետ Գեւորգ Բաբայանն ընդհանրապես չէր հիշում, որ նման գրություն է ստացել։ «Երեւանում նախկինում սանմաքրումն իրականացնում էր վարչական շրջանը։ ՓԲԸ-ներ էին գործում, հիմա «Սանիթեքն» է իրականացնում։ Պարոն Մարությանը դիսպետչերականի ժամանակ ասաց, որ քննարկումներ են գնում «Սանիթեքի» հետ, որ սանմաքրման աշխատանքները վերցնենք մեզ վրա։ Դիսպետչերականից հետո ես տեղյակ չեմ, թե ինչ արդյունքի են հանգել այդ բանակցությունները։ Դեռ հստակ ինֆորմացիա ես չունեմ։ Երբ որ վերջնական արդյունքը լինի եւ պարզվի, որ Երեւան քաղաքի սանմաքրումը վերցնում ենք մեզ վրա, քաղաքապետը մեզ կլիազորի ու կասի»,- ասաց նա։ Դուք ունե՞ք հաշվարկ, թե որքան ռեսուրս է պահանջվելու Աջափնյակի սանմաքրման համար։ «Մենք մեր հաշվարկներն արել ենք, թե գումարային մասով ինչքան կնստի ծախսը, քանի աշխատող պետք կլինի, այդ հաշվարկը մենք ունենք»։ Այսինքն, կկարողանա՞ք «Սանիթեքի» չափ մաքրություն անել։ Աջափնյակի թաղապետը հարցին պատասխանեց․ «Եթե զուտ իմ գնահատականն եք ուզում, ապա Աջափնյակ վարչական շրջանում «Սանիթեքը» շատ-շատ վատ է մաքրում։ Իհարկե, գումարի չափով մենք չենք կարող իդեալական մաքրություն ապահովել, բայց «Սանիթեքի» մաքրածից կրկնակի եւ եռակի կմաքրենք, եթե ոչ ավելի շատ»։ 

Արաբկիր համայնքը դեռ չի ավարտել սանմաքրման աշխատանքները։ Ինչո՞ւ։ Ըստ թաղապետ Արամ Դանիելյանի, դրա համար պետք է ուսումնասիրել շուկան, համեմատականներ անցկացնել, ինչը հեշտ չէ։ «Նախկինում թաղապետարաններում կային սանսեկտորներ։ Դրանց մի մասը լուծարվել է, մի մասն էլ փոշիացրել են։ Սանսեկտորը կայացած կառույց է եղել ժամանակին, որն ունեցել է իր գույքը՝ անշարժ եւ շարժական, եւ աշխատուժը, որը փոշիացվել է։ Հիմա, որպեսզի մենք դա գնահատենք, պետք է 2014 թվականից էլ հետ գնանք, բայց այն ժամանակ 1 քառակուսու մաքրման գինն այսօրվա գներից շատ էր տարբերվում»։ 

Սակայն մասնագետները նշում են, որ հընթացս՝ տարվա կեսից սանմաքրումը հնարավոր չի լինի տեղափոխել վարչական շրջանների տիրույթ՝ 2019-ի բյուջեն կազմված եւ հաստատված է, եւ նոր միջոցներ գտնելը հեշտ չի լինի։ «Սանիթեքն» էլ հեշտ ու հանգիստ չի զիջի իր գործառույթների մի մասը, եւ շատ հնարավոր է, որ մենք երկրորդ «Լիդիանի» պատմությունը ստանանք՝ միջազգային արբիտրաժ դիմելու փաստով։