Ով կլինի Թեղուտի նոր օպերատորը

Ով կլինի Թեղուտի նոր օպերատորը

Փետրվարի 17-ի երեկոյան Ալավերդու բնակիչները որոշեցին դադարեցնել իրենց բողոքի ակցիան և բացեցին  Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին հաջողվեց վերջապես նրանց համոզել գնալ տուն: Բնակիչների պահանջը պղնձաձույլարանի վերագործարկումն է:  Մարզպետը խոստացավ Ալավերդու պղնձաձուլարանի նախկին աշխատակիցներին, որ վաղը՝ փետրվարի 22-ին, իրենց հետ հանդիպման են գալու կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում Ալավերդուց ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Նրանց թվում լինելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը դեռևս նախընտրական շրջանում հանդիպումներ էր ունեցել լոռեցիների հետ և խոստացել էր, որ իրենց պահանջը կկատարվի՝ Ալավերդու գործարանը կրկին կաշխատի: Նա հանդիպել էր գործարանի աշխատողների հետ նոյեմբերին, և սպասվում է, որ Արեն Մկրտչյանը ուրբաթ օրը պետք է հաշվետու լինի ժողովրդի առաջ և ներկայացնի, թե ինչ է արել անցած 4 ամիսների ընթացքում: 
Երեկ էլ «Վալլեքս» խումբը հայտարարեց, որ ևս երկու ամսով երկարացնում է պղնձաձուլարանի պարապուրդի մատնված աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը: «Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով»: Խումբը նաև հայտնեց, որ շարունակելու է կառավարության հետ բանակցությունները ձուլարանի վերաբացման ուղղությամբ։

Ալավերդիում սակայն տարբեր՝ միմյանց հետ կապ չունեցող խմբեր են պայքարում իրենց աշխատանքային իրավունքների համար: Խոսակցություններ են տարածվում, որ ձուլարանի նախկին աշխատողների մեջքին Վալերի Մեջլումյանն է, «Վալեքս գրուպի» մարդիկ, որ նրանք են հրահրում ակցիաները: «Ի՞նչ ասել է «Վալլեքսի» մարդիկ: Բա իրենց աշխատատեղն է կրճատվում, ո՞վ պիտի ակցիա աներ: Դրան գումարած կան տաքսիիստներ, տնային տնտեսուհիներ, բանկի աշխատողներ, բայց իհարկե հիմնականը բանվորներն էին», - ասում է Ալավերդու բնակիչներից մեկը, ով նախկինում աշխատել է «Վալեքս» գրուպում: 

Բացի ձուլարանի ակտիվից, կա նաև «Թեղուտի վերաբացում» նախաձեռնություն, որը չի մասնակցել երկաթգծի փակմանը, որը դեմ է, որ «Վալլեքս գրուպը» շահագործի Թեղուտի հանքավայրը: ««Վալլեքսի» շնորհիվ է,որ  մենք մեկ տարուց ավելի է գործազուրկ ենք և պայքարում ենք աշխատանքի համար: 800 մարդ կորցրեցին աշխատանքը իրենց պատճառով: մեր պահանջներն ու իրենց պահանջները տարբեր են, թեև լավ կլինի, եթե գործարանը նույնպես աշխատի: Էլի մեր բարեկամներն ու ընկերներն են այնտեղ աշխատում», - ասում է խմբի անդամ Կարեն Մելիքյանը: Եւ Թեղուտի պղնձի հանքի, և պղնձաձուլարանի շահագործողը եղել է «Վալեքս» գրուպը, բայց հանքը 380 մլն դոլար պարտքի դիմաց անցել է ՎՏԲ բանկին, և այն չի աշխատում արդեն մեկ տարուց ավելի, իսկ պղնձաձուլարանը դեռ «Վալլեքս» գրուպի սեփականությունն է, սակայն այն որպես գրավ դրված է նույն ՎՏԲ բանկում: Ձուլարանը վերամշակում էր հանքավայրի արտադրանքի մի չնչին մասը: 

Այժմ ՎՏԲ բանկը օպերատորներ է ընտրում հանքը աշխատացնելու համար: Մեր տեղեկություններով, մի քանի նոր օպերատորներ կան, որոնք կյարող են դառնալ հանքի շահագործող, սակայն  «Վալեքս» խումբը, ըստ տարածված գնահատականների, դատական պրոցեսների մեջ է ներքաշում բանկին, ամեն ինչ անելով, որպեսզի խոչընդոտվի հանքի վերագործարկումը: Հայցերից մեկը վերաբերում է «Թեղուտ» ՓԲԸ-ի 4000 դոլլար պարտքին «Վալլեքս» ընկերությանը, որի դիմաց 380 միլիոն դոլլար արժողությամբ ընկերության հաշիվների վրա կալանք էր դրված: Մյուսը վերաբերում է սնանկացմանը: «Վալլեքսի» փոխտնօրենը 4 դատական հայց է ներկայացրել բանկի դեմ: Թեղուտի հանքի վերաբացման համար պայքարողները սպասում  են նոր օպերատորի ընտրությանը: