«Հրապարակ». Ով ինչպես է բոյկոտել Փաշինյանի ասուլիսը

«Հրապարակ». Ով ինչպես է բոյկոտել Փաշինյանի ասուլիսը

Լրատվամիջոցները երեկ միասնականության բացառիկ օրինակ ցուցաբերեցին՝ հավաքվեցին ու միասնաբար բոյկոտեցին Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որն արդեն չորրորդ անգամ անցկացվում է առցանց ձեւաչափով։ Բոյկոտի պատճառն այն է, որ նախորդ երեք ասուլիսների ժամանակ մի շարք լրատվամիջոցների ուղարկած հարցեր կա՛մ չեն հնչել ասուլիսի ժամանակ, կա՛մ միտումնավոր կերպով խմբագրվել ու խեղաթյուրվել են։ Ուստի հայաստանյան լրատվադաշտի առաջատար լրատվամիջոցները որոշեցին այս անգամ բոյկոտել ու ո՛չ հարց ուղարկել, ո՛չ էլ լուսաբանել Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Խոսքն ավելի քան 5 տասնյակ լրատվամիջոցի մասին է, որոնք միացել են բոյկոտին եւ ստորագրել համապատասխան հայտարարության տեքստը։ Սրանից զատ՝  եղան նաեւ հինգ-վեց այլ ԶԼՄ-ներ, որոնք առանձին հայտարարություն տարածեցին՝ հորդորելով «վարչապետ Փաշինյանին՝ վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային»։ 

Բոյկոտին չեն միացել հիմնականում իշխանական ԶԼՄ-ները՝ Հ1-ը, ՀԺ-ն, «Սիվիկը», «Արարատնյուզը», «Ֆրինյուզը», «Ֆակտորը» եւ էլի մի քանի այսօրինակ անհայտ կամ կիսահայտնի իշխանական քարոզչամիջոցներ։ 

Առանձին հայտարարությամբ են հանդես եկել «Առավոտ» օրաթերթը, «Ա1+» հեռուստաընկերությունը, «Ինֆոքոմ» կայքը, «Մեդիալաբը», «Սիվիլնեթը», «Փաստերի ստուգման հարթակը» եւ «Ազատություն» ռադիոկայանը։ Այս լրատվամիջոցների անունից տարածված հայտարարության բովանդակությունից լավ չի հասկացվում՝ իրենք միայն հորդորում են «վարչապետ Փաշինյանին»` վերադառնալ նախկին ձեւաչափի՞ն, թե՞ նաեւ բոյկոտում են նրա ասուլիսը։ Օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումներից մեկից տեղեկացանք, որ «Ազատությունն» ասուլիսի համար հարց ուղարկել է Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք իր համար ընտրված «կոմֆորտ» ասուլիսի ֆորմատը չի՞ համարում հակաժողովրդավարական եւ արդյոք պատրաստվո՞ւմ է վերադառնալ ազատ շփման տարբերակին։ Իսկ «Առավոտ» օրաթերթը, որը միացել է երկու հայտարարությանն էլ, որոշել է հարց չուղարկել, սակայն լուսաբանել ասուլիսը։ Մինչդեռ բոյկոտին միացած ԶԼՄ-ների մեծ մասի մոտ կա միասնական դիրքորոշում՝ առհասարակ չլուսաբանել ասուլիսը։ 

«Առավոտի» առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք հարց չենք ուղարկել, բայց «Առավոտը» լուսաբանելու է, որովհետեւ այն հայտարարությունները՝ երկուսն էլ, որին միացել ենք, վերաբերել են բացառապես այդ ձեւաչափի անընդունելիությանը եւ հարց չուղարկելուն։ Բայց մենք լուսաբանելու ենք։ Այնպես չէ, որ անխտիր բոլոր ՀԿ-ների եւ լրատվամիջոցների հարցերը կգրենք, բայց եթե կարեւոր բան ասվի, կլուսաբանենք»։

Երկու հայտարարությունների մեջ չգտանք, սակայն, Նիկոլ Փաշինյանին անդադար ծաղրող ու սարկազմով նրան ու թիմին քննադատող «Չորրորդ իշխանության» առցանց տարբերակի՝ 4rd.am կայքի (թերթը վերջին տարիներին չի տպագրվում) անունը։ «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանը մեզ ասաց, որ իրենք վաղուց են բոյկոտել Նիկոլ Փաշինյանի ասուլիսները եւ չեն լուսաբանում առհասարակ։ «Ահագին ժամանակ է՝ մենք իրենց հարցեր չենք տալիս, մենք ավելի վաղուց ենք բոյկոտել իր ասուլիսը, եւ կարծում եմ՝ շուտ էր պետք բոյկոտել»,- ասաց տիկին Մաթեւոսյանը։ 

Նա նշեց, որ իրենք փաստերն են մեկնաբանում, այդ ձեւաչափն իրենց ավելի հարմար է, քան հարցեր ուղղելը, որովհետեւ անիմաստ են համարում։ «Ու մենք վաղուց ենք այդ գործելաոճն իրենց նկատմամբ որդեգրել՝ պատերազմից հետո էլ, մինչեւ պատերազմն էլ մենք կոնկրետ իր ասուլիսներին չենք մասնակցել։ Այսինքն՝ իր վարքը, պահվածքը, պատասխանները մեզ համար կանխատեսելի են եղել»,- ասաց «ՉԻ»-ի խմբագիրը՝ հավելելով, որ ասուլիսն էլ եթե կայանա, իրենք դասական իմաստով այն չեն լուսաբանի։

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը եւս միացել է բոյկոտին` ամբողջ «փաթեթով», այսինքն՝ հարցեր չի ուղարկել, ասուլիսն էլ լայվով կամ դասական իմաստով՝ հարցուպատասխանը սղագրելու ձեւաչափով չի լուսաբանել։ Մենք այդ ասուլիսին ու դրանում հնչած մտքերին, ըստ կարեւորության, կանդրադառնանք ավելի ուշ՝ մեր տարբերակով։