Ոնց որ հանրակացարանում, հնարավոր չէ հեռավորություն պահպանել․ Ռոբերտ Քոչարյան

Ոնց որ հանրակացարանում, հնարավոր չէ հեռավորություն պահպանել․ Ռոբերտ Քոչարյան

«Ընդհանրապես աշխատողներն աշխատում են մեկ օր, երեք օր ազատ են։ Ոչ ոք չի կարող ասել՝ աշխատանքային օրերից դուրս ինչով են զբաղվում։ 90 տոկոսն երիտասարդ են, սա նշանակում  է, որ հիսուն տոկոսը վարակվելու դեպքում ասիմպտոմիկ են, եւ մարդ կարող է աշխատել, լինել եւ վարակակիր, տարիքը մոտ 22-35 տարեկան։ Հիմա ես խցում մենակ եմ՝  իմ ցանկությամբ, բայց շփում ունեմ անձնակազմի կա, ուղղակի հնարավոր չէ այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել»։ Այս մասին այսօր իր եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստին հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով համավարակի պարագայում իր պահման պայմաններին։

Նա նաեւ ավելացրեց․ «Ոնց որ հանրակացարանում, պարբերաբար փոխվում է, իմ շփման մակերեսը մոտավորապես 70 մարդ է շաբաթվա ընթացքում, եթե սա նորմալ է, ուրեմն թող այսպես լինի»։

Այնուհետեւ պաշտպան Հայկ Ալումյանը դիմելով դատարանին՝ շարունակեց Քոչարյանի խոսքը․ «Պարոն Քոչարյանը որոշ ժամանակ է, ինչ գտնվում  է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, խնդիրներին ավելանում է,  նաեւ հետեւյալ խնդիրը․ քանի որ պարոն Քոչարյանի նկատմամբ կիրառված է կալանավորումը, ապա հիվանդասենյակում իր հետ միասին պետք է գտնվի քրեակատարողական ծառայող, այսինքն՝ ամեն հերթափոխին հինգ կամ վեց հոգի իրար փոխելով գալիս են, այդ սենյակում նստում են, այդ անձնակազմը երեք օրը մեկ փոխվում է»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին մի քանի միջնորդություններ եղան՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Այսօրվա դատական նիստին էին ներկայացել նաեւ ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետները՝ անձնական երաշխավորություն ներկայացնելու, պաշտպաններն էլ իրենց հերթին միջնորդել են խափանման միջոցը վերացնել կամ կիրառել գրավ։