Մի աղմկեք, պարոնայք

Մի աղմկեք, պարոնայք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կասկած չունի, որ «a la Լավրով» հայտարարություններ շուտով կլսենք նաեւ Արեւմուտքից:Նման կանխատեսում անելու համար պետք չէ պայծառատես լինել, քանի որ դեռեւս 2009թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներն են մասնակիորեն գաղտնազերծել կարգավորման հայեցակարգը, որը ենթադրում է ԼՂ շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանին, ԼՂ-Հայաստան ցամաքային միջանցք, կոմունիկացիաների բացում, փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձ բնակության նախկին վայրեր, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում եւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշարկում իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Հիմա սա կարգավորման փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակ է:

Արմեն Աշոտյանն ասում է, որ նախկին իշխանությունը երբեք չի բացառել փոխզիջումները, եթե արդյունքում խոսքը գնացել է Արցախի վերջնական կարգավիճակը ազատ կամարտահայտությամբ որոշելու մասին, որն ունի իրավական պարտադիր ուժ եւ որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէ: Եթե բացենք փակագծերը, ապա կստացվի, որ նախկին իշխանությունը բանակցել է «տարածքներ՝ հետաձգված հանրաքվեի դիմաց» սկզբունքով, բայց երբեք այդ մասին հրապարակային հայտարարություն չի արել: Գործընթացը վարվել է այն տրամաբանությամբ, որ Ադրբեջանը չի համաձայնի ԼՂ կարգավիճակը նրա բնակչության ազատ կամարտահայտությամբ որոշելու սկզբունքին, եւ վերջնական համաձայնություն չի կայանա: Դիվանագիտորեն դա ձեւակերպվում էր այսպես՝ «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»: Ի՞նչ են կողմերը քննարկում այսօր՝ դարձյալ գաղտնիք է: Կարող ենք միայն ենթադրություն անել՝ դատելով ադրբեջանական կողմի արձագանքներից: Դրանցում գերիշխում են «տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության» մասին  պնդումները: Փաստացի պաշտոնական Բաքուն եւս մեկ անգամ հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց իր համար գոյություն չունի: Այս մոտեցումը բացարձակապես արժեզրկում է ՌԴ արտգործնախարարի եւ «a la Լավրով» հայտարարությունները: Դիվանագիտական փակուղին տեսանելի է նույնիսկ ոչ այնքան իրազեկ մարդուն: Այս իրավիճակում ի՞նչ կարգավորման մասին կարող է խոսք լինել: Այնպես որ, պարոնայք, աղմկելու հարկ չկա: Ի՞նչ է հետեւելու դիվանագիտական եւս մեկ ձախողմանը: Կա՞ փակուղուց ելք: Առհասարակ արժե՞ էներգիա եւ ռեսուրսներ ծախսել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի վրա, եթե ակնհայտ է, որ խնդրի խաղաղ-քաղական լուծում այս փուլում չկա: Գուցե արժե համայկական ներուժը նպատակաուղղել այլ նպատակի իրագործմա՞նը: