Յարաբ մեր կառավարությունն ինչո՞ւ է այսքան բովանդակազուրկ

Յարաբ մեր կառավարությունն ինչո՞ւ է այսքան բովանդակազուրկ

Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունն այսքան բովանդակազուրկ: Ո՞ւր են, առհասարակ, այն մարդիկ, որոնց մասին սովորաբար ասում են՝ անհատականություններ: Շատ ենք լսել՝ բա Նիկոլի կառավարությունում հո միայն դուռակներ չեն, խելացի մարդիկ էլ կան: Ո՞ւր են այդ մարդիկ՝ հարցնում եմ: Լռո՞ւմ են, թաքնվո՞ւմ, չե՞ն ցանկանում առանձնանալ համատարած բովանդակազրկության ֆոնին: Շատ կներեք, այդ դեպքում նրանք ոչ թե խելացի, այլ ասելիք չունեցող, վախկոտ ու ամաչկոտ մարդիկ են: Հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ եթե եզակի խելացի մարդիկ էլ կային, հրաժարական են տվել՝ դուրս եկել, որից հետո կառավարության մեջ առաջացած վակուումը փորձ է արվել լցնել ՔՊ-ական թափոնով: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ընդամենը մեկ օրինակ բերեմ: Հիշենք նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականը:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին պետք է լինի երկրի ղեկավարը, որ արտգործնախարարը չուզենա աշխատել նրա հետ… Այս հարցի պատասխանն Արա Այվազյանը տվել է իր հրաժարականի չափազանց նուրբ բացատրության մեջ. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, եւ իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»: Այս բացատրության մեջ արտացոլված է նաեւ Արա Այվազյանի՝ պետական գործի հանդեպ ունեցած ակնածանքը, հայրենասիրությունը, Արա Այվազյան գործչի բովանդակությունը՝ եթե կուզեք:

Ո՞վ փոխարինեց Արա Այվազյանին: Դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու մեկը, մեկը նրանցից, որ պատրաստ է պաշտոն ստանձնել, եթե դա ուզում է Փաշինյանը: Եվ քանի՞ այդպիսի բարձրաստիճան պաշտոնյա կա այսօր Փաշինյանի կառավարությունում… Նրանք հարյուրներ են: Նրանք չեն էլ նկատում, որ իրականում Փաշինյանին ծառայում են որպես բուտաֆոր՝ բեմի աշխատողներ, որոնք ներկայացման ընթացքում բեմական առարկաներ են տեղաշարժում ու վերադասավորում: Փաշինյանը, եթե չվախենար աշխարհի աչքին խայտառակվելուց, կհրաժարվեր իր ունեցած բոլոր նախարարություններից ու նախարարներից: Նրան լիուլի կբավարարեր ընդամենը մեկ կառույց՝ գերոստիկանությունը՝ գերոստիկանապետով եւ տարբեր ոլորտներ համակարգող նրա գերտեղակալներով: Ո՞ւմ են պետք, առհասարակ, այնպիսի թիթիզություններ, ինչպիսիք են տարածքային կառավարման եւ զարգացման, առողջապահության, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիաների նախարարությունները: Մի՞թե ավելի հասկանալի չէ, օրինակ, առողջապահության գծով փոխոստիկանապետի պաշտոնը:

Միեւնույն է, մեր առողջապահության նախարարը, ինչ առողջապահություն, ինչ բան, համ իրավաբան է, համ էլ տուգանում է: Եվ այսպես՝ բոլոր ոլորտները: Մի որոշ ժամանակ անց կարելի է նաեւ այս գերոստիկանությունը մտցնել վարչապետի հրամանատարության ներքո գտնվող ՊՊԾ-ի մեջ եւ ստեղծել ԳՊՊԾ՝ գերՊՊԾ: Իսկ եթե Ալեն Սիմոնյանը համաձայնի, ՔՊ-շնիկների ԱԺ-ն էլ կարելի է մտցնել ՊՊԾ-ի մեջ, որովհետեւ ադապտացման բոլոր նախադրյալները պատրաստ են արդեն: Ի՞նչ տարբերություն, ՔՊ-շնիկ պատգամավո՞րն է քացի տալիս, թե՞ ԳՊՊԾ պետը: Չէ-չէ մի՝ քաղաքական առաջնային մանդատ: Ոստիկանի «ուդո» եւ վերջ, պարոն Սիմոնյան, դա էլ է ձեզ լրիվ բավական:

Վերադառնամ այսօրվա հարցադրմանը՝ ինչո՞ւ է ՀՀ կառավարությունն այսքան բովանդակազուրկ: Շատերը սխալմամբ կարծում են, որ դրա պատճառը Նիկոլ Փաշինյանն է: Ոչ, ոչ եւ եւս մեկ անգամ ոչ: Պատճառն անգրագետ Պողոսն է, որ 2021թ. հունիսի 20-ին ընտրեց Փաշինյանին: Պողոսն ընտրության լայն հնարավորություններ ուներ: Ընտրապայքարում, «նախկիններից» զատ, կային բավականին մեծ թվով այլընտրանքային ուժեր ու անհատներ, որոնց Պողոսը չընտրեց, այլ գնաց ու պաչեց Նիկոլի՝ կապիտուլացվածի, պարտվածի, խայտառակվածի, պետական գործերում երկու էշի գարի իրարից ջոկել չկարողացողի ճակատը: Պողոս ջան, վերջաբանդ սա էր լինելու: Իսկ, ինչ է, դու գիտեիր Նիկոլին ընտրելով վարչապե՞տ էիր դառնալո՞ւ, քե՞զ էին տանելու Սարյանի վրա գինի խմելու կամ Պեկին՝ բադ ուտելու:

Երեկվա տաքսիստը բողոքում էր, թե էս ի՞նչ ա, Ֆրանսիայի հրապարակը փակել են, իր կյանքը դժվարացել ա… Դե արի ու էս տաքսիստին բացատրի, որ Ֆրանսիայի հրապարակը փակ է Նիկոլի պատճառով:
- Ի՞նչ ես ասում, ե՞րբ կբացեն,- դիմում է ինձ:
- Չեն բացի:
- Յաաաա…
- Հա, չեն բացի, մինչեւ դու չհասկանաս, որ դա նաեւ քեզ համար է:
- Ինձ համա՞ր:
- Հա, քեզ համար, որովհետեւ, եթե Նիկոլը մնաց, վաղն ինչքան թուրք ու ադրբեջանցի տաքսիստ կա, լցվելու է Երեւան, գործիդ խփի, տուն չես կարողանալու պահել:
- Յաաա…
- Յա ու ջան, կանգնիր, խնդրում եմ, ես տեղ հասա:
- 800 դրամ:
- Առ քեզ 1000, շնորհակալ եմ:

Կարիք չկա, իհարկե, անգրագետ պողոսներին վերացնելու, որպեսզի վերանա նաեւ այս բովանդակազուրկ կառավարությունը: Կան բովանդակազուրկ կառավարություններից ազատվելու զանազան այլ ձեւեր: Մեր պարագայում դրանցից ամենանախընտրելին, թերեւս, Նիկոլին հեղաշրջելն է: Նկատի ունեմ՝ չոր, հիգիենիկ ձեւով: Իսկ դրանից հետո բովանդակազուրկ կառավարությունից ազատվելը զուտ տեխնիկական հարց է: