Պետականության լուծարման հետհաշվարկն սկսված է

Պետականության լուծարման հետհաշվարկն սկսված է

Արցախի փաստաթղթավորված հանձնման մասին ԱԺ ամբիոնից Փաշինյանի բացեիբաց խոսելուց հետո անգամ ընդդիմությունը դեռեւս զբաղված է իշխանափոխության սահմանադրական ճանապարհների քննարկմամբ։ Թշնամական զորքը, հավանաբար, պիտի արդեն Կապանում կամ Գորիսում տեղակայվի, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր լինեն, նոր արյունահեղություն բռնկվի, որ հենց Սահմանադրությունը եւ Անկախության հռչակագիրը պաշտպանելու համար տիտղոսային ընդդիմությունն արագորեն, ընդամենը մի քանի օրում համաժողովրդական կոնսոլիդացման ճանապարհով խաղաղ հեռացնի թշամու կամակատար վարչակարգը։

Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատություններն արձանագրող Սահմանադրության 2-րդ գլխի առաջին երկու հոդվածներով երաշխավորվում է նախ մարդու արժանապատվության, ապա եւ կյանքի իրավունքը։ Այս երկու կարեւորագույն, հիմնարար իրավունքներն էլ արդեն առնվազն մեկուկես տարի է՝ ոչնչացված են, զրոյացված։ Իրավական պետությունն անգո է, մինչդեռ պետք է պաշտպաներ նախեւառաջ իր քաղաքացիների անվտանգ եւ ապահով գոյության իրավունքը։ Ո՞վ կամ ի՞նչն է, ուրեմն, իրենով փոխարինում պետությանը, ինչո՞ւ է հապաղում ընդդիմությունը՝ լցնելու պետական պաշտոնեության բացը։

Փաշինյանն Արցախի ամբողջական եւ Հայաստանից տարածքային զիջումներն արդարացնելու համար մի ձեռքով նոր պատերազմի անոնս է անում, մյուս կողմից՝ գովերգում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման իրենց մղումը։ Պարզ է, որ նոր պատերազմը սանձազերծվելու է արդեն Հայաստանի դեմ եւ նրա տարածքում՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի ուղղությամբ, եւ որքան Հայաստանը մոտենում է խաղաղության անարժանապատիվ պայմանագրի կնքմանը, այնքան մեծանում է այդ պատերազմի հավանականությունը, որքան էլ դա կարող է պարադոքսալ թվալ։ Երեւանը Բաքվին կամովին եւ առանց դիմադրության տալիս է ամեն հնարավորը, եւ դա ոչ թե սահմանափակում, այլ հակառակը՝ ավելի է գրգռում Ալիեւի ախորժակը՝ ընդմիշտ մտնելու սեփական եւ անգամ համաթյուրքական պատմության մեջ եւ ոսկե դափնիներով պսակելու իր անունը։

Այսօր քչերն են հիշում, որ Հայաստանում ռազմական դրության իրավական ռեժիմը վերացվեց պատերազմի ավարտից մոտ չորսուկես ամիս անց, այն դեպքում, երբ դրա երկարաձգումը որեւէ իրավաչափ նպատակ չէր հետապնդում, ավելին՝ մինչ այդ մի քանի սահմանափակումներ արդեն իսկ հանվել էին։ Պարզ է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ խորհրդարանի ամբիոնից ազդարարված հնարավոր նոր պատերազմի կանխարգելման պատրվակով, ժողովրդական ցասումը զսպելու եւ սեփական անվտանգությունն ապահովելու նկատառումներով, այս վարչախումբը չի խորշի դարձյալ կամայականորեն ռազմական դրություն սահմանել՝ անխոչընդոտ ավարտին հասցնելու սկսած սեւ գործը։

Արցախն ուղիղ երեսուն տարի է՝ ապրում է շարունակաբար երկարաձգվող ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում։ Հայաստանում, չնայած արտաքուստ հանդարտ քաղաքացիական կյանքին, եւս տասնամյակներ շարունակ եղել է այդ գիտակցումը, հետեւաբար՝ ռազմական դրության կամ որեւէ այլ սահմանափակող իրավական ռեժիմի սահմանման նպատակը բացառապես մեկն է լինելու՝ արտաքին վտանգի անմիջական սպառնալիքի պատրվակով կասեցնել ժողովրդի ընդվզման ալիքը։ Երեկ ԱԱԾ-ն էր արգելել լրագրողների մուտքը Սյունիք, այսօր ռուս խաղաղապահներն են փակում ԱԺ պատգամավորների ճանապարհը դեպի Արցախ:

Վաղը կարող է, օրինակ, Երեւանից Վարդենիս հասնելու համար ստիպված լինենք մի քանի հսկիչ կետ անցնել (չի բացառվում՝ ոչ հայ զինվորականներով), ինչպես, ասենք, Իսրայելում է։ Սա արդեն ոչ թե ինքնիշխանության կամ անվտանգության նվազեցում, այլ պետության գոյության լուծարում եւ աշխարհի քաղաքական քարտեզից նրա անհետացում է նշանակում։

Դավիթ Սարգսյան