Ի տարբերություն ուկրաինական դեպքի

Ի տարբերություն ուկրաինական դեպքի

Արդեն չորրորդ օրն է, ինչ Արցախն ամբողջովին շրջափակված է ադրբեջանցիների կողմից: Պատրվակը մերոնց կողմից Հակարիի կամրջի կողքը դրոշ բարձրացրած ադրբեջանցիների վրա կրակելն էր ու դրանցից մեկի վիրավորվելը: Ենթադրում եմ, որ վիրավոր չի էլ եղել, և ինչպես միշտ՝ այս անգամ ևս ադրբեջանցիները ստում են: Ի դեպ, այդ առումով Նիկոլն ու Իլհամը իրար շատ նման են: Տարբերությունը միայն այն է, որ Իլհամը կամ նրա ստորադասները ստում են հանուն Ադրբեջանի Հանրապետության: Իսկ Նիկոլն ու նրա խամաճիկները՝ հանուն սեփական իշխանության պահպանման: Այդ առումով նախանձում եմ ադրբեջանցիներին: Նրանք պետական մտածողության կրող լինելու մաստեր-կլաս են ցուցադրում: Նիկոլն ու իր կամակատարներն էլ՝ պետական մտածողության բացակայության մաստեր-կլաս: 

Ասվում է, որ Հակարիի մի կողմը մեր տարածքն է: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ՊՆ-ն ձայն չէր հանում, երբ Իլհամը կամուրջ էր կառուցում: Դա՝ մեկ, և երկրորդ՝ տեսանյութում պարզ երևում է, որ մեր կառուցած ճանապարհի ու կամրջի արանքում մնացել է մի քանի մետրանոց հողային շերտ: Ոնց որ թե դա երկկողմանի ընդունված՝ չեզոք գոտի է: Թշնամին էլ դրոշը տնկում էր չհասած այդ գոտին: Եթե այդպես չէ, ինչու էր ժամանակին լռում մեր ՊՆ-ն: Կարծում եմ, որ ադրբեջանցիներին ուղեկցող ռուս խաղապահներն էլ խաբվել են հենց այդ հանգամանքով: Նրանց աչքի առաջ ադրբեջանցիները կամուրջ են կառուցել, իսկ ՀՀ իշխանությունը ձայն չի հանել: Այդ տեսակետից ինչպես է հնարավոր գնահատել Նիկոլի վարքագիծն այդ հարցում: Ինքն իրեն «ամենահաս» Նիկոլը հաստատ չէր մտածել, որ կամուրջ կառուցելուց հետո ադրբեջանցիները կարող են նաև ադրբեջանական դրոշ տնկել իրենց կառուցած կամրջի կողքը: Ոնց չհիշես Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» ստեղծագործության տաս-տասներկուամյա հերոսին: Որն ինչ որ քայլ անելուց հետո իրեն տիրություն անող մորքարոջն ասում է, որ ինքը չէր մտածել, որ դրանից վատ բան կստացվի:  

Մի փոքր պատմական տեղեկանք, որը ցույց է տալիս թուրքերի՝ պետական մտածողություն ունենալու հանգամանքը: 1952 թվականին Թուրքիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Եվ ժամանակի ընթացքում վերածվել է ՆԱՏՕ-ական երկրների տարածքի հարավ-արևելյան մասի ֆորպոստը: Եվ երբ քաղաքական իշխանությունը շեղումներ է թույլ տվել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած աշխարհիկ (այդ թվում՝ արևմտյան) կարգերից՝ թուրքական զինվորականությունը կազմակերպել է ռազմական հեղաշրջումներ: Դրանք իրականացվել են 1960, 1971 և 1980 թվականներին: Ու շեղումները վերացվելուց հետո իշխանությունը վերադարձվել է քաղաքական ուժերին: Ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց նաև 2016 թվականին՝ երբ նախագահ Էրդողանը սկսել էր շեղվել աշխարհիկ կարգից: Ըստ ռուսական տելեգրամ ալիքներից մեկի՝ հեղաշրջման փորձը տապալվել է ռուսական հետախուզության կողմից ժամանակին Էրդողանին զգուշացնելու շնորհիվ:

Իսկ ՀՀ զինվորական ղեկավարությունը փոխանակ հետևեր թուրքերի օրինակին ու փակեր 2020 թվականի պատերազմի խայտառակ պարտության էջը՝ 2021 թ.-ի փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածում: Դե, Փաշինյան Նիկոլն էլ, բնականաբար, օգտվեց զինվորականների միամտությունից ու նրանց մեկ առ մեկ հեռացրեց պաշտոններից: Եվ խայտառակ պարտության էջն էլ մնաց բաց ու պատերազմի ավարտից շուրջ երեք տարի անց շարունակում է արնածորել: Իսկ երեք օր առաջ էլ ՀՀ իշխանություն կոչվածն Արցախին կանգնեցրեց ամբողջական շրջափակմամբ պայմանավորված մարտահրավերների առջև: Թե ինչպես է հաղթահարվելու դա՝ դժվարանում եմ պատկերացնել: Բայց միայն այն դեպքում, եթե վարչապետի պաշտոնին մնա Փաշինյան Նիկոլը: Որովհետև ինքը կրկին դիմելու է միջազգային հանրություն կոչված՝ մեզ համար անդեմ երևույթին, որը ոչինչ չի անելու ագրեսորին զսպելու համար: Ի տարբերություն ուկրաինական դեպքի: