Կրակոցներ, ծեծկռտուք՝ Քարակերտ գյուղում

Կրակոցներ, ծեծկռտուք՝ Քարակերտ գյուղում

Մենք տեղեկություն ենք ստացել, որ այսօր Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակ են մուտք գործել ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Ծեծուջարդ է սկսվել, որին հաջորդել են կրակոցներ: 

Ըստ լուրերի՝ մինչև ոստիկանության ժամանելը, Սափեյանները փախել են: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից Սուրենի ուղղությամբ։

Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանն ասաց, որ վիճաբանություն է տեղի ունեցել․ «Ես այդ պահին մարզպետարանում դասընթացների էի մասնակցում,ինձ զանգել են ոստիկանությունից, հարցրել են, ասել եմ՝ չեմ իմանում, ես Արմավիրում եմ։ Ես հելել եմ, եկել եմ, գնացել եմ էդ հիմնարկությունն, էնտեղ ոստիկանությունն էր»։

Գյուղապետն ասաց, որ այնտեղ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ որոշ գյուղերի բնակիչներ դեմ են, որ Սափեյաններից մեկը նշանակվի տեղակալ․ «Ինչքանո՞վ է ճիշտ, ես չեմ կարող լսել։ Ես դա լսել եմ ժողովրդից, աշխատողներից»։

Նա նաեւ հայտնեց՝ դժվարանում է ասել՝ կրակոցներ եղե՞լ են, թե՞ ոչ։

Ոստիկանության լրատվականից էլ մեզ փոխանցեցին, որ ժամը 12։00-ին տեղեկություններ են ստացվել, որ Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕ-ի վարչական շենքում վիճաբանություն է, այս պահին տեղեկությունները ստուգվում են,  նախապատրաստվում են նյութեր։

Հարցին, թե կրակոցներ հնչե՞լ են, ոստիկանությունից փոխանցեցին, որ դրա վերաբերյալ ճշտում են։