«Հրապարակ». Սինանյանը չգիտի սփյուռքի խնդիրները եւ չի էլ ջանում իմանալ

«Հրապարակ». Սինանյանը չգիտի սփյուռքի խնդիրները եւ չի էլ ջանում իմանալ

Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում ընթանում է Հայաստան-Սփյուռք համաժողովը, որը նոր անվանում ունի` Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Ակնառու է, որ սփյուռքը երբեք այսքան բաժան-բաժան չի եղել: Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը Հանրայինին տված հարցազրույցում հայտարարում էր, թե երկու կաթողիկոսներն ու ՀՅԴ-ն, տարբեր պատճառաբանություններով, մերժել են համաժողովին մասնակցելու հրավերը։ Ի վերջո, տարիներ շարունակ, երբ Հայաստանն ուներ սփյուռքի նախարարություն, ինչպե՞ս են համախմբել սփյուռքը, կազմակերպել դրամահավաքներ, համազգային համատեղ միջոցառումներ անցկացրել, ամեն տարի նույն`Հայաստան-Սփյուռք համաժողովներ արել, երբեմն՝ նաեւ Արցախում։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ նախկին սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, «Կայունություն» կուսակցության նախագահ, 2018-ից հետո ՀՀԿ-ից դուրս եկած եւ Փաշինյանին ողջունած Ֆիրդուս Զաքարյանից:

- Հայաստանը, նաեւ՝ սփյուռքը հայտնվել են խիստ պառակտված իրականությունում: Քաղաքական անհաշտություններ, վեճեր, տարաձայնություններ մշտապես եղել են, սակայն սփյուռքի նախարարությունը վճռական պահերին տարբեր շերտերի, տարբեր հայացքներ ունեցող գործիչների կարողացել է համախմբել մեկ վայրում, մեկ գաղափարի շուրջ…. այսօր իրավիճակ է փոխվել: Կպատմե՞ք` ինչպե՞ս էիք համակարգում այդ ամենը, եւ ինչո՞ւ սփյուռքի հարցերի հանձնակատարն ի վիճակի չէ պատշաճ կատարել իր աշխատանքը:

- Կարծում եմ, որ մեծ ցանկության դեպքում այսօր եւս հնարավոր էր համախմբել բոլորին: Ցավում եմ խորապես` տեսնելով այդ ամենը: Լսեցի Զարեհ Սինանյանի այն հայտարարությունները, երբ նշում էր, թե որոշ օղակներ չեն մասնակցելու համաժողովին, սակայն ապահովվել է միասնականությունը: Իմ կարծիքով` սա շատ սխալ մոտեցում է, քանի որ միասնականությունը ենթադրում է բոլորի ներգրավվածությունն ու գործունեությունը: Կարող են մշտապես տարբեր կարծիքներ հնչել, սակայն գոնե այս օրերին կարելի էր համախմբվել եւ մտքեր փոխանակել: Իմ կարծիքը հետեւյալն է` անհրաժեշտ ջանքեր չեն ներդրվել:

- Անհրաժեշտ ջանքեր չներդնելն անփորձությա՞ն, թե՞ գիտակցված խառնակչության արդյունք է….

- Անհաշտություններ միշտ են եղել: Սրանից շատ տարիներ առաջ էլ եղել են օղակներ, որոնք այս կամ այն պատճառով մերժել են համաժողովին մասնակցելու հրավերը, սակայն նախարարը դրանք լրիվ հարթել է, անգամ գնացել, հանդիպել է մարդկանց հետ, եւ միասնական մթնոլորտն իսկապես կայացել է: Հայաստան-Սփյուռք համաժողովները մշտապես անցկացվել են բարձր մակարդակով: Հակված չեմ մտածել, որ այսօր հատուկ, միտումնավոր փորձում են պառակտում մտցնել: Սա ավելի շատ անփորձության արդյունք է: Գուցե խորությամբ չեն ընկալում միասնականության կարեւորությունը: Մի տեսակ մատների արանքով են նայում. դե կգան` կգան, չեն գա` ոչինչ…. սա եւս սխալ մոտեցում է:

- Սխալ մոտեցում` Զարեհ Սինանյանի՞ կողմից․ օրինակ, եթե նրան մեկ ուրիշը փոխարինի, կփոխվի՞ իրավիճակը, թե՞ խնդիրն առավել խորքային է:

- Շատ կարեւոր է, թե խնդիրն ինչպես է վերադասին մատուցվում: Այո, գուցե Զարեհ Սինանյանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, իրավիճակն այլ լիներ` խոսեր վարչապետի հետ, խնդրեր, որպեսզի խոսեին Մայր Աթոռի հետ, եւ նրանք էլ իրենց հերթին դիմեին Ամենայն հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին: Հարկ եղած դեպքում խնդրեին, որպեսզի նրանք ներկա գտնվեին համաժողովին: Ի վերջո, դրանից միայն Հայաստանի իշխանությունների հեղինակությունը կբարձրանար: Դեռ ոչ մեկի պագոնները խնդրելուց չեն ընկել: Պետք է հայացքներն ու ջանքերն ուղղել: Այսօր բարձիթողի վիճակ է: Մատների արանքով պետք չէ այս հարցին նայել:

- «Նոր Հայաստանին» սփյուռքի նախարարություն պետք չէր` այն լուծարվեց, վերածվեց հանձնակատարի գրասենյակի: Գուցե այս հանգամանքը ե՞ւս իր ազդեցությունն ունի:

- Զարեհ Սինանյանն ասաց, որ հավաքվում են միմյանց խնդիրներին ծանոթանալու համար, որ սփյուռքը չգիտի մեր խնդիրները, մենք էլ չգիտենք նրանց խնդիրները եւ այլն, եւ այլն: Այո, Զարեհ Սինանյանը չգիտի սփյուռքի խնդիրները եւ չի էլ ջանում իմանալ դրանք: Իսկ սփյուռքի նախարարությունը հրաշալի գիտեր բոլոր այդ խնդիրները: Սփյուռքի նախարարությունը հայության նախամուտքն էր, սփյուռքի եւ Հայաստանի միակ կապող օղակն էր: Այսօր դա չկա, փոխարենը հնչում են ինչ-որ մեղադրանքներ: Սփյուռքի նախարարությունը բոլոր հայկական համայնքները տեսակավորել էր․ կային համապատասխան վարչություններ` Եվրոպայի վարչություն, հետխորհրդային պետությունների վարչություն եւ այլն: Հիմա այս ամենը չկա: Էլ ի՞նչ աշխատանք են փորձում անել: Նախարարությունում կար մի աշխատակից, ով անուն առ անուն գիտեր, թե Եվրոպայի որ երկրում, որ քաղաքում քանի հայ է ապրում: Այժմ հարցրեք Զարեհ Սինանյանին՝ կա՞ մեկը, որ տիրապետում է այդ տեղեկություններին: Եթե անգամ լինի էլ, ուրեմն հին աշխատող է…. Զարեհ Սինանյան, եղբայր, եթե դու սփյուռքի խնդիրներին չես տիրապետում, դա դեռ չի նշանակում, որ տիրապետողներ չկան ու չեն եղել: