«Հրապարակ». Վախենո՞ւմ են ոստիկաններին մեղադրանք առաջադրել

«Հրապարակ». Վախենո՞ւմ են ոստիկաններին մեղադրանք առաջադրել

Եռաբլուր պանթեոնում պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնության դեպքով տուժածներ կան, ցուցմունքներ ու ապացույցներ կան, սակայն մեղադրյալները չկան ու չկան։ Հիշեցնենք, որ ՀՀ անկախության տոնի օրը զոհված զինծառայողների ծնողները գիշերել էին Եռաբլուրում, որպեսզի Նիկոլ Փաշինյանին թույլ չտային մուտք գործել Եռաբլուր, սակայն ոստիկանությունը նրանց, բառի բուն իմաստով, ծեծելով՝ բերման էր ենթարկել, որ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը բացի։ Ծնողներից մի քանիսը նույնիսկ մարմնական վնասվածքներ էին ստացել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչ փուլում է քրեական վարույթը, արդյոք վարույթով արդեն մեղադրյալներ կա՞ն, չէ՞ որ արդեն 6 ամսից ավելի ժամանակ է անցել դեպքից։ Քննչական կոմիտեից փոխանցեցին․ «Այս պահին նախաքննությունը շարունակվում է, քննչական գործողություններ են իրականացվում, քրեական հետապնդում որեւէ անձի նկատմամբ դեռեւս հարուցված չէ»։

Զոհված զինծառայողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչով է ինքը բացատրում այն, որ բռնություն գործադրած բոլոր ոստիկանները նույնականացվել են, սակայն մինչ այժմ մեղադրանք առաջադրված չէ նրանց։ «Ծնողների վերջին բողոքի ակցիան, երբ գիշերեցին Քննչական կոմիտեի դիմաց, ուղղված էր հենց դրան, որ մինչ այժմ որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ։ Իմ կարծիքով, պատճառն այն է, որ իշխանության միակ հենարանը մնացել է ոստիկանությունը եւ մի քանի ուժային կառույցներ, իսկ ոստիկանության անգամ շարքային կազմից որեւէ մեկին իրենց կողմից տրված հրամանը կատարելու համար մեղադրանք առաջադրելու դեպքում ոստիկանության աշխատակիցները հնարավոր է, որ նույնատիպ իրավիճակներում չկատարեն այդպիսի հրամանը, եւ գուցե նաեւ դժգոհություն հասունանա իշխանության դեմ, եւ հենց այս դժգոհությունից, այդ անցանկալի հետեւանքից խուսափելու նպատակով անգամ մեկ անձի մեղադրանք չի ներկայացվում, այլապես ապացույցները վաղուց արդեն բավարար են, որպեսզի նրանց այդ մեղադրանքները ներկայացվեն»։

Պաշտպանին հարցրինք՝ եթե չպիտի մեղադրանք առաջադրեն, ապա ինչո՞ւ քրեական վարույթը չեն կարճում։ «Բողոքի հերթական ակցիայից խուսափելու նպատակով»,- պատասխանեց փատաբանը։ Այսինքն՝ նախաքննությունը կարող են անվերջ շարունակել ու որեւէ մեկին մեղադրանք չառաջադրե՞լ։ «Նախաքննության հստակ ժամկետներ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, երբ գործով չկան մեղադրյալներ, բայց, ամեն դեպքում, խոսվում է ողջամիտ ժամկետի մասին, ինչի մեկնաբանումը եւս խիստ առաձգական է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ շուրջ 30 ծնող վարույթում ներգրավված է որպես տուժող, բոլորը հարցաքննվել են, ցուցմունքներ են տվել, ոստիկանների հետ առերեսումներ եւս իրականացվել են։