Բաքուն եւ Անկարան նոր վտանգավոր խաղի մեջ են մտնում

Բաքուն եւ Անկարան նոր վտանգավոր խաղի մեջ են մտնում

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողությունների այս փուլում, երբ Եվրոպայում ավելի է սրվել վառելիքաէներգետիկ ճգնաժամը, Ադրբեջանը փորձում է օգուտներ քաղել։ Մասնավորապես, այդ երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է ավելացնել Թուրքիայի տարածքով գազի մատակարարումները դեպի Եվրոպա, եւ այդ հարցը քննարկում է Բրյուսելի եւ Անկարայի հետ։

Այս հայտարարությունը թուրքական մամուլում աննկատ չի մնացել։ Մասնավորապես, Milliyet-ն անդրադարձել է նախարար Շահբազովի այդ հայտարարությանը եւ գրել․ «Բաքուն մտադիր է ավելացնել գազի մատակարարումները դեպի Եվրոպա, քանի որ կարծում է, որ ունի բնական գազի այնքան պաշար, որը ներքին սպառման եւ Եվրոպա տարհանման համար 100 տարի բավարար կլինի»։

Թուրքական պարբերականը հղում է տվել ադրբեջանցի նախարարի հայտարարությանը, թե Ադրբեջանում 2,6 տրիլիոն խորանարդ մետր գազ կա՝ որպես արդեն հաստատված պաշար։ Այս ընթացքում վառելիքաէներգետիկ թեմայով բավական հետաքրքիր հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ Նա CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկայում մեկնելու է Իսրայել, որպեսզի բանակցություններ վարի Իսրայելի ափամերձ շրջաններից մինչեւ Թուրքիա գազատարի կառուցման շուրջ։ Եթե բանակցությունները հաջողվեն, ապա Միջերկրական ծովի հատակով հարկ կլինի կառուցել 500-600 կմ երկարությամբ խողովակաշար։ Խոսքն արեւելամիջերկրական կամ EastMed գազամուղի մասին է, որը, սկսվելով Իսրայելից, հասնելու է Հունաստան եւ Իտալիա, ունենալով, ընդհանուր առմամբ, 1900 կմ երկարություն։

Ընդ որում, այդ խողովակաշարն անցկացվելու է Միջերկրականի ամենախորջրյա հատվածով։ Գազամուղն ունենալու է 10 միլիարդ խորանարդ մետր թողունակություն եւ տարեկան արժենալու է 7,9 միլիարդ դոլար։ Եթե համադրենք Փարվիզ Շահբազովի եւ Ֆաթիհ Դոնմեզի հայտարարությունները, ապա կստացվի, որ Անկարան ու Բաքուն սկսել են միանալ Արեւմուտքի կողմից պլանավորված օպերացիային՝ Ռուսաստանին զրկել էներգետիկ լծակներից, լծակներ, որոնք ի զորու են կազմաքանդել Արեւմուտքի տնտեսությունը, քանի որ եթե, օրինակ, Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները Եվրոպային, ապա Գերմանիայի եւ ԵՄ մյուս երկրների արդյունաբերությունը պարզապես կարող է պարալիզացվել՝ դեռ չասած շեշտակի գնաճի, սղաճի կտրուկ աճի հեռանկարի ու ցուրտ սեզոնին ջեռուցման բացակայության մասին։

Թե ինչի են ուզում հասնել Անկարան եւ Բաքուն, դժվար է ասել։ Չենք կարող պնդել նաեւ, որ նրանց հաշվարկներն այն աստիճան ոսկերչական ճշգրտության են, որ սխալվելու հավանականությունը զրոյական մակարդակի է հասցված, սակայն, ամեն դեպքում, պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ կարեւոր հանգամանքի․ Ռուսաստանը, իհարկե, այս ամենը տեսնում է եւ վստահաբար ինչ-որ քայլեր կձեռնարկի։ Թե ինչպիսի քայլեր, դժվար է ասել, սակայն այն, որ ե՛ւ Սաուդյան Արաբիայի, ե՛ւ Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազներ Մուհամադ բին Սալման ալ-Սաուդը եւ շեյխ Մուհամեդ բին Զայեդ ալ-Նահյանը հրաժարվել էին ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից, բայց հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, շատ բան է ասում։

Մեծ հաշվով, հասկանալի է` այն, ինչ այժմ տեղի է ունենում աշխարհում, մեկ նախադասությամբ կարող են ձեւակերպել որպես «նոր աշխարհակարգի ձեւավորում», որտեղ կարծես թե ծանրության կենտրոնը տեղափոխվելու է դեպի Արեւելք, սակայն այդ Արեւելք ասվածն էլ միաբեւեռություն չի կարող ենթադրել, քանի որ այստեղ չափազանց լուրջ խաղացողներ կան՝ ի դեմս թե՛ Ռուսաստանի (իր ինտեգրացիոն միավորումներով հանդերձ), թե՛ Չինաստանի (չպետք է մոռանալ ռուս-չինական դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչնչով սահմանափակված չեն), թե՛ Հնդկաստանի, որը մտադիր է դառնալ ցորենի արտահանման ոլորտում աշխարհում առաջատարը, թե՛ արաբական արեւելքի, որտեղ կարծես թե հասկացել են, որ կարող են նաեւ լինել ինքնուրույն խաղացողներ՝ «ԱՄՆ-ի դրամապանակի» փոխարեն։ Ու այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Բաքուն եւ Անկարան կարծես թե մտել են բավական վտանգավոր մի խաղի մեջ, որտեղից անկորուստ դուրս գալը, եթե հաղթողների շարքում չես, քիչ հավանական է։