Մեր հաջողության գրավականը պացիենտների հանդեպ սրտացավ վերաբերմունքն է եւ ժամանակակից սարքավորումները

Մեր հաջողության գրավականը պացիենտների հանդեպ սրտացավ վերաբերմունքն է եւ ժամանակակից սարքավորումները

Հրազդանի բժշկական կենտրոնի ծննդատունը երկրորդ մակարդակի ծննդատուն է, ունի անհրաժեշտ հագեցվածություն՝ ինչպես սարքավորումների, այնպես էլ մասնագետների առումով: Մինչեւ 2023թ․ դեկտեմբերի 18-ը ծննդատունն ընդունել թ 673 ծնունդ, որից 324-ը՝ աղջիկ, 349-ը՝ տղա: Հրազդանի ԲԿ-ի 2023թ․ ձեռքբերումների, շտապօգնության ծառայության աշխատանքի, տրավմաների եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԲԿ-ի փոխտնօրեն, բժիշկ-վիրաբույժ Արա Սիմոնյանի հետ:

«Մենք տարվա սկզբից մեր առջեւ խնդիր դրեցինք՝ Հրազդանի ԲԿ-ում ունենալ դժվարամատչելի հետազոտություններ՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա եւ համակարգչային շերտագրություն, եւ համագործակցելով երկու հայտնի բժշկական ախտորոշիչ կազմակերպությունների հետ՝ Հրազդանի բժշկական կենտրոնում ստեղծվեց նորագույն սարքավորումներով հագեցված բաժանմունք, որն իր ծառայությունները լիարժեքորեն կիրականացնի 2024 թվականից: Բացի դրանից, ստեղծվել է նաեւ նոր ակնաբուժական բաժանմունք, որտեղ կիրականացվեն ակնաբուժական ծառայության գրեթե բոլոր տեսակները՝ արտահիվանդանոցային, հիվանդանոցային, կոնսերվատիվ եւ վիրաբուժական: 2023թ. ձեռքբերումներից է նաեւ լաբորատոր բաժանմունքի համալրումը նոր սարքավորումներով, որոնց շնորհիվ մեր հետազոտությունների ծավալը լրջորեն ավելացրել ենք, նախկինում այդ հետազոտությունները չէին իրականացվում: Ախտորոշիչ բաժանմունքը համալրվել է թվային ռենտգեն ապարատով, որն ունի նաեւ ռենտգենոսկոպիկ հետազոտություն իրականացնելու հնարավորություն, ինչի շնորհիվ բազմաթիվ անգամներով մեծանում է ախտորոշման ճշգրտությունը: 2024-ի ընթացքում կենտրոնը կհամալրվի մի շարք ավելի նոր սարքավորումներով, որոնք հիվանդանոցի աշխատանքը եւ ծառայություններն ավելի որակյալ կդարձնեն»:

- Ծնելիության աճ ունե՞նք, ինչպիսի՞ն էր տարին այդ առումով:

- 2021 թվին ծնունդների թիվը եղել է 707, իսկ 2022 թ.՝ 714: 2023-ին, դեկտեմբերի 18-ը՝ ներառյալ, ծնունդների թիվը կազմում է 673: 673 ծնված երեխաներից 324-ը եղել է աղջիկ, 349-ը՝ տղա: 5 մայրերի մոտ եղել են զույգեր: Հղիությանը սպառնացող ուղեկցող հիվանդություններով հղիների հսկողությունն ու ծննդօգնությունը կազմակերպվում են բազմապրոֆիլ բուժկենտրոններում՝ ավելի բարձր մակարդակի ծննդատներում: Սեպտեմբեր ամսից «Հրազդան» ԲԿ-ի ծննդատանն Արցախից տեղահանված 25 հղիներ են հաշվառվել, ունեցել ենք 15 ծննդաբերություն: 2023թ․ դեկտեմբերի 19-ի դրությամբ կանանց կոնսուլտացիայում հաշվառվել է 869 հղի: Ծննդատունը զուգահեռ ունի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ծննդաբերության ժամանակ ժամկետի հետ անհամատեղելի կամ բարդություններով ծնված նորածիններին անմիջապես վերցնում ենք հսկողության տակ: Բաժանմունքում 24-ժամյա հերթապահություն է իրականացվում: «Հրազդան» ԲԿ-ի ծննդատունը ֆրանսիական բարեգործական «Սանտա Արմենիա» ընկերության կողմից համալրվել է նորածնային CPAP եւ high flow շնչառության ապահովման համակարգերով, ուլտրաձայնային հետազոտության ապարատով, տրամադրվել է նաեւ հղիության եւ ծննդաբերության ընթացքում պտղի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար նախատեսված 2 ԿՏԳ ապարատ, որը թույլ է տալիս անվտանգ հետազոտման մեթոդով գնահատել պտղի ակտիվությունը (խաղը) եւ դիագնոզել սկսվող թթվածնաքաղցը։ Սա հղիության եւ ծննդաբերության ընթացքում կատարվող պարտադիր հետազոտություն է։

- Սովորաբար ձմռան այս ամիսներին սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվում: Ի՞նչ պատկեր ունենք Հրազդանի ԲԿ-ում:

- Սուր շնչառական հիվանդություններով մարդկանց դիմելիությունն ավելացել է, բնականաբար, պայմանավորված ցուրտ եղանակով: Տեղամասային բժիշկներն իրենց հիվանդներին առաջարկում եւ ներկայացնում են գրիպի դեմ պատվաստման հնարավորությունը: Քաղաքացիներին իրազեկում ենք, փորձում ենք հնարավորիս կանխարգելիչ եղանակով պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ: Պետք է նշեմ, որ ազգային պատվաստումների օրացույցում ավելացել է նոր պատվաստանյութ, որը նախկինում չի եղել, դա ջրծաղիկի պատվաստումն է, որը եւս օդակաթիլային վարակների շարքին է դասվում: Հիմնականում երեխաների շրջանում է տարածված, եւ երեխաների մոտ պատվաստանյութի կիրառումը կնպաստի հետագա տարիներին ջրծաղիկի բռնկումների դեպքերի նվազմանը: Տրավմաների հետ կապված․ տրավմաների առումով հիվանդանոցում դիմելիության ցուցանիշը բարձր է, հաշվի առնելով բժշկական կենտրոնի տեղակայման վայրը՝ Ծաղկաձոր, Սեւան-Երեւան մայրուղի... առհասարակ, մեծ թվով վնասվածքներով հիվանդներ ենք ընդունում, պայմանավորված վթարներով, ինչպես նաեւ ձմեռային սպորտաձեւերով զբաղվողների մոտ են գրանցվում նման տրավմաներ: Ձեռք բերված համակարգչային շերտագրության ապարատը եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը տրավմաների ժամանակ ախտորոշման ճշտման համար խիստ անհրաժեշտ հետազոտություններ իրականացնելու հնարավորություն կտան:

- Քանի՞ շտապօգնության բրիգադ է աշխատում՝ հաշվի առնելով, որ Հրազդանն իր հարակից գյուղերով մեծ տարածք ունի, բողոքներ լինո՞ւմ են:

- Ունենք շուրջօրյա հերթապահություն իրականացնող 3 շտապօգնության բրիգադ: Բացի այդ, 3 բրիգադներից ամռան եւ ձմռան սեզոններին, անհրաժեշտության դեպքում, առողջապահության նախարարության եւ մարզպետարանի համապատասխան ցուցումներով իրականացնում ենք հերթապահություն՝ Ծաղկաձոր համայնքում՝ ճոպանուղու տարածքում, եւ Սեւան-Երեւան մայրուղու Հրազդան համայնքի հատվածում: Հերթապահող բրիգադների քանակը որոշված է 50 հազար բնակչի հաշվարկով, որը համապատասխանում է 3 բրիգադի: Ամեն օր սպասարկվում է մինչեւ 35 կանչ: Մեր առջեւ դրված խնդիրները կարողանում ենք իրականացնել: Հիմնական բարդությունները կապված են հեռու բնակավայրերի հետ, որոնք հիվանդանոցից 50 կմ հեռավորության վրա են գտնվում, օրինակ, Հանքավանը, եւ այդտեղից թե՛ հիվանդին հասնելու, թե՛ հիվանդ տեղափոխելու խնդիրը միշտ առկա է, որպես տեղանքի առանձնահատկություն՝ հատկապես ձմռան ամիսներին: Բողոքներն ու դժգոհություններն անխուսափելի են, ինչը նորմալ երեւույթ եմ համարում: Բոլոր բողոքները վերլուծվում են: Բողոքներն ունենում են ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ բողոքները մեր հիվանդանոցի զարգացման շարժիչ ուժն են, այսինքն՝ մեր թույլ կողմերի ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս դրանք շտկել: Բողոքներ ավելի հաճախ լինում են դիսպանսեր հաշվառման հիվանդների մոտ, ովքեր հաճախակի հիվանդանոց են դիմում դեղորայքի ստացման եւ պարբերաբար հետազոտություն անցնելու համար: Հետագայում բողոքներով դիմած պացիենտները հաճախ հենց իրենք են տեղեկացնում իրենց խնդիրները լուծվելու մասին: Մեր կենտրոնում հաջողության հասել ենք պացիենտների հանդեպ սրտացավ վերաբերմունքի շնորհիվ: Մեր նպատակն է՝ Հրազդանի տարածաշրջանի ազգաբնակչությանը որակյալ եւ ժամանակակից բժշկական ծառայություններ տրամադրել, լինել մրցունակ եւ համագործակցել այլ բժշկական կենտրոնների հետ: Մեր հաջողությունները կարողացել ենք գրանցել թիմային աշխատանքի շնորհիվ, ժամանակին անհրաժեշտ խնդիրների լուծման ուղիներ գտնելով՝ օբյեկտիվ եւ օպերատիվ արձագանքների շնորհիվ ստացել ենք ցանկալի արդյունք: Համատեղ աշխատանքի արդյունքն է, որ կարողանում ենք ազգաբնակչությանը տրամադրել որակյալ եւ հասանելի բուժսպասարկում: