Արվեստագետի համար թատրոնը հետաքրքիր է միշտ, իսկ այդ փարթին ինձ համար թատրոն էր

Արվեստագետի համար թատրոնը հետաքրքիր է միշտ, իսկ այդ փարթին ինձ համար թատրոն էր

Տարեվերջին Մոսկվայում ռուս բլոգեր Նաստյա Իվլեեւայի կազմակերպած երեկույթը, որի մասնակիցները եղել են գրեթե մերկ վիճակում, Ռուսաստանում մեծ սկանդալ առաջացրեց: Երեկույթին մասնակցած ռուս հայտնիները` Ֆիլիպ Կիրկորովը, Լոլիտան, Քսենյա Սոբչակը, Դիմա Բիլանը, ռեփեր Ջիգանը, Գլյուկոզան ու էլի շատերը հայտնվեցին ռուսական հասարակության եւ իշխանությունների «սեւ ցուցակում»: Փակ երեկույթին կիսամերկ մասնակցելը մեծ զայրույթ առաջացրեց պատերազմող երկրում, թեեւ նման երեկույթներ անցյալում էլ են միշտ կազմակերպվել: Նրանցից մի քանիսին զրկեցին պետական հեռուստաալիքներով հեռարձակվող ամանորյա նախագծերին մասնակցելուց, պայմանագրեր խզվեցին, լուրեր տարածվեցին, որ նրանցից մի քանիսի բնակարաններն են խուզարկել, գործեր հարուցել, մասնավորապես` ԼԳԲՏ քարոզի համար: Նրանց մի մասը հանդես եկավ տեսաուղերձներով, երեկոյի կազմակերպիչ Իվլեեւան ներողություն խնդրեց ռուս ժողովրդից եւ այլն: Մենք զրուցել ենք հայկական շոու բիզնեսի ամենահամարձակ եւ բաց երգչուհիներից մեկի` Ջուսի հետ, ով, ի դեպ, 2020-ի պատերազմից հետո հանդես չի գալիս բաց կերպարով:

- Կարծես թե ռուս արտիստները ոչ մի հանցանք չէին գործել, բայց, մյուս կողմից, երկիրը պատերազմում է, մեծ թվով զոհեր ունեն: Ի՞նչ գնահատական կտաք կատարվածին: Եվ եթե Հայաստանում նման մի երեկույթ լինի, Դուք կմասնակցե՞ք:

- Այս պահին Ռուսաստանը, այո,  պատերազմական շրջանում է, եւ այդ տիպի փարթիներ չարժեր անել, դա՝ հաստատ: Պատերազմից առաջ կամ պատերազմից հետո կարելի էր անել նման բան, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց պատերազմի ընթացքում ամեն ինչ այլ է դառնում: Ի դեպ, այդ երգիչներից շատերն այն կերպարով, որով մասնակցել էին մերկ երեկույթին, դուրս են գալիս նաեւ բեմ, ու նրանց ոչ ոք այսքան ժամանակ չէր ասում` չի կարելի: Այդ երեկույթի ընթացքում միայն DJ-ն էր առնանդամը ծածկել գուլպայով, որն ինձ համար «պերեբոր» էր, բայց դե՝ դա էլ եսիմինչ չէր, կարելի էր ուղղակի տուգանել նրան ու անցնել առաջ` մի մեծ հանցանք չէր: Նաստյա Իվլեեւայի դեմ արշավն ինձ համար անընդունելի է: Ինձ թվում է՝ նրանց հետեւից վաղուց էին ընկել` «վերեւներից»: Ես այս ամենը կապում եմ «Պեսնյա գոդա» մրցանակաբաշխության հետ, որից հետո դուրս եկավ բեմ երգիչ Շամանը, եւ ոչ մեկը նրան ուշադրություն չդարձրեց, երգիչներից ոմանք էլ անգամ լքեցին բեմը: Դրանից հետո, փաստորեն, տեղի ունեցավ այս «վեչերինկան», ու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

- Բայց Կիրկորովը, Դիմա Բիլանը ու էլի շատերը պուտինյան ռեժիմի ջերմ ջատագովներն են:

- Կիրկորովը հիմա շատ է սկսել բաց կերպարներով, տրիկոներով հանդես գալ, իսկ Ռուսաստանում, ինչպես գիտեք, ԼԳԲՏ համայնքի համար սարսափելի պայմաններ են ստեղծվել, հավանաբար՝ Կիրկորովի կերպարը «համը հանել» է: Բայց չենք կարող չասել, որ Ֆիլիպ Կիրկորովը հիանալի արտիստ է: Ինձ համար տարօրինակ է հիմա նրա կերպարը, բայց կար մի շրջան, որ նա ինձ շատ էր դուր գալիս: Ինչ վերաբերում է Լոլիտային, ապա նրան լրիվ անիմաստ վարկաբեկեցին, որովհետեւ նույն Լոլիտան, որը տարիներ առաջ ավելի լիքոտ մարմին ուներ, կիսամերկ բեմ էր դուրս եկել, եւ ոչ մի արձագանք չեղավ.... իսկ հիմա նրանց հետեւից ընկած են: Ես երկու կողմի արարքներն էլ անընդունելի եմ համարում: Մի կողմից, Ռուսաստանում պատերազմ է, ինձ թվում է՝ ռուս երգիչները չպետք է նման խրախճանքի գնային, մյուս կողմից, էլ ի վերջո, ոչ ոք հանցանք չի գործել: Օրինակ` ես երբեք չէի մասնակցի նման միջոցառման այդ շրջանում, բայց եթե այլ շրջան լիներ, անպայման կգնայի:

- Այսինքն` ամեն բան կախված է երկրի վիճակից: 

- Բնականաբար: Ես պատերազմից հետո ոչ մի սկանդալային պրոյեկտի չեմ մասնակցել: Ախր չի էլ նայվի հիմա: Մարդիկ ի՞նչ հոգեվիճակում են` նման բաների ո՛չ հավես ունեն, ո՛չ տրամադրություն:

- Ռուսական շոու բիզնեսը մշտապես ամենաազատն է եղել: Ռուս արտիստները միշտ ավելի բաց են եղել, անգամ մի շրջան ինչքան արատավոր երեւույթ կար, ասում էին` հայերն ընդօրինակում են ռուսներից: Հիմա ի՞նչ է փոխվել:

- Օրինակ, ռուսական հայտնի «T.A.T.U.» խումբը լրիվ ԼԳԲՏ շոու էր, ի դեպ, նրանք իրականում այդպիսին չէին, բայց իրենց փիարը լեսբի սիրո պատմության վրա էր կառուցվել, ու դրանից հետո դարձան շատ հայտնի, եւ նույն Ռուսաստանում դա լրիվ նորմալ երեւույթ էր, բայց այսօր պատերազմ է Ռուսաստանում, Պուտինը դեմ է նման երեւույթներին, դարձել է պահպանողական, կողմ է ավանդական ընտանիքի մոդելին: Իրենք կարծում են, որ ազատամտությունը մարդկանց փչացնում է, դա արդեն սեւեռում է դարձել իրենց համար, այդ պատճառով էլ առաջ այլ էր, հիմա այլ է:

- Այսինքն` կարծում եք, որ մի կողմից չի կարելի ոտնահարել մարդու իրավունքները, մյուս կողմից էլ մարդը պետք է բարոյականություն ունենա, եւ եթե երկրում պատերազմ է, նման խրախճանքների չդիմի:

- Այո: Երկու կողմն էլ սխալ են: Չէր կարելի պատերազմի մեջ նման բան անել, բայց, մյուս կողմից էլ` կարելի է տուգանել ու վերջ: Ի՞նչ է նշանակում՝ երգիչներից փողեր բռնագանձել, միլիարդներ խլել: Բա այն ժամանակ ինչո՞ւ չէիք նման բաներ անում: Ռուս երգիչներն իրականում նորմալ մարդիկ են ու լավ արտիստներ: Մի բան պետք է հաշվի առնել` արվեստագետի համար թատրոնը հետաքրքիր է միշտ, իսկ այդ փարթին ինձ համար կոնկրետ թատրոն էր: «Հելոուինը», որ այդքան քննադատում են, ինձ համար պարզապես թատրոնի մի տեսակ է, ուղղակի մարդիկ ինչ-որ դերի մեջ են մտնում այդ օրը, ես լուրջ չեմ ընդունում, որ ասում են՝ սատանիստ են, էս են, էն են` չէ, ուղղակի հավես բան է: Պետք է թեթեւ ապրել, ամեն ինչ չի կարելի այդպես ծայրահեղացնել: