Գյուղնախը հերքում է, իսկ ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցում

Գյուղնախը հերքում է, իսկ ՏՄՊՊՀ-ն  վարույթ է հարուցում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է տարածել 30.03.2019 թվականին հրապարակված «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵ՞Լ Է «ՀՐԱՇՔ ԱՅԳՈՒ» ԴԵՄ ԲՈՂՈՔԸ» մեր հոդվածի կապակցությամբ։ Մեզ բողոքել էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած մրցույթների ժամանակ պարտված կազմակերպությունների ներկայացուցիչները, հայտնելով, որ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախարարության կարիքների համար թունանյութերի  ձեռք բերման գործընթացում «հակամրցակցային» իրավիճակ է ստեղծել և հովանավորում է  «Հրաշք այգի» կազմակերպությանը։ Նախարարությունը պնդում է, որ սա իրականության հետ որևէ աղերս չունի։ Տեղեկացանք նաև, որ մեր հրապարակման հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այսօր վարույթ է հարուցել։ 


Նախարարության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև։ «Հայտում ենք, որ մկնասպան թունանյութերի ձեռքբերման համար հիմք է հանդիսացել 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1054-Ա որոշումը, որով թույլատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ձեռք բերել մկնասպան թունանյութեր։ Առաջին մրցույթը հայտարարվել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, որի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 22-ին։ Նշված մրցույթը իրականացվել է էլեկտրոնային «ARMEPS» համակարգի միջոցով, գնանշման հարցման ձևով, որի տևողությունը կազմել է շուրջ 30 օր։ Ստորև ներկայացվում են մրցույթի արդյունքները։

Մատակարարման պայմանագիրը կնքվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի հետ և կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 12-ը։ Սակայն վերջինս 2018 թվականի նոյեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` կողմերի միջև 2018 թվականի նոյեմբերի 19-ին կնքված «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման թիվ ՀՀ ԳՆ-ԳՀԱՊՁԲ-18/37-ԲԲՊՎ-56 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին»։ Գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում։ Այսինքն, պետության կողմից մկնասպան թունանյութերի փաստացի ձեռքբերում տեղի չի ունեցել և պետության կողմից այդ նպատակով որևէ վճարում չի իրականացվել։
2019 թվականին մկնասպան թունանյութերի ձեռքբերման նպատակով իրականացվել է նոր մրցույթ.
2019 թվականի փետրվարի 28-ին էլեկտրոնային գնումների «ARMEPS» համակարգի միջոցով հայտարարվել է մրցույթ, որի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 11-ին։ Ստորև ներկայավում են մրցույթի արդյունքները.


 

Այսինքն, մրցույթում հաղթող է ճանաչվել «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ն՝ մեկ միավորի համար առաջարկելով 5769.91 դրամ։ Հարկ է նշել, որ մրցույթներն իրականացվել են էլեկտրոնային համակարգի միջոցով և ընդհուպ մինչև հայտերի բացման օրը հնարավոր չէ տեսնել  թե՛ մասնակիցների հայտերը և թե՛ առաջարկված գները։
Ի հավելումն նշենք, որ 2017 թվականին նույն թունանյութը ձեռք է բերվել 1 կգ-ը՝ 8200 ՀՀ դրամով»։ ՏՄՊՊՀ-ից էլ հայտնում են, որ այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում  հարուցվել է  վարչական վարույթ՝ գյուղատնտեսության նախարարության կողմից պետական գնումների ոլորտում առկա հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Վարույթի ընթացքում հանգամանորեն կուսումնասիրվեն բարձրացված բոլոր խնդիրները, որից հետո ՏՄՊՊՀ-ը կհրապարակի իր որոշումը: