Կարեւոր «մեսիջ» Ռուսաստանից

Կարեւոր «մեսիջ» Ռուսաստանից

Փաշինյան-Միշել-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից հետո կարծես ավելի ու ավելի է նյութականանում Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, որը կարելի է անվանել նաեւ «խաղաղ գոյակցության շրջան»։ Սա նշանակելու է, որ «կառուցման» գործընթացն ավարտվելուց հետո՝ առաջիկա տարիներին, գուցեեւ տասնամյակներին, կյանքը մեր տարածաշրջանում զարգանալու է այդ ճարտարապետության կոնտուրների ներսում։ Այդ նոր ճարտարապետության մեջ Հայաստանն ու Ադրբեջանն ապրելու են խաղաղ գոյակցության պայմաններում։ 

Գոնե այդպես է նախատեսված տարածաշրջանի հիմնական «ճարտարապետների» կողմից, որքան որ դա կարելի է հասկանալ ընդհանուր գործընթացների տրամաբանությունից։ Իհարկե, այնպես չէ, որ արդեն վաղն ամեն ինչ փոխվելու է, եւ հայերն ու ադրբեջանցիները եղբայրություն են անելու, սակայն փետրվարի 23-ին էլ մարդկության մեծ մասը չէր պատկերացնում, որ ընդամենը մեկ օր անց աշխարհը լրջագույն փոփոխությունների փուլ է թեւակոխելու, որն ազդարարվելու է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ։ Խաղաղ գոյակցության հասնելու համար պահանջվելու են գուցեեւ տարիներ, ու առաջին հերթին ժողովուրդների միջեւ փոխվստահության մթնոլորտ պետք է հաստատվի եւ ժողովուրդների հաշտեցում։ Ինչու այս ամենի մասին հիշեցինք։ 

Բանն այն է, որ օրեր առաջ ռուսական մամուլում հետաքրքիր հրապարակում եղավ, որը հայաստանյան մամուլում աննկատ մնաց։ Այսպես, օրեր առաջ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւին` իր հեղինակային «Եկեղեցին եւ աշխարհը» հեռուստահաղորդաշարի ժամանակ, հարց էին ուղղել, թե ինչպիսին են Ռուս ուղղափառ եկեղեցու հարաբերությունները Կովկասում գործող քրիստոնեական՝ Վրաց ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների հետ։ Ռուսական եկեղեցու «ԱԳ նախարարի» պատասխանը բավական հետաքրքիր էր, հատկապես Հայ առաքելական եկեղեցու առնչությամբ։

Միտրոպոլիտ Ալֆեեւն ասել է (նշենք, որ Ռուս ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիներն ունեն դոգմատիկ տարբերություններ․ ՌՈՒԵ-ն պատկանում է Ուղղափառ եկեղեցական ընտանիքին, իսկ ՀԱԵ-ն՝ Հին արեւելյան եկեղեցական ընտանիքին)․ «Մենք Հայ առաքելական եկեղեցու հետ խորհուրդների հաղորդակցություն չունենք, սակայն, այնուամենայնիվ, առկա է երկխոսություն մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ աստվածաբանական եւ պրակտիկ բնույթի հարցերի։ Մասնավորապես, Ռուս ուղղափառ եկեղեցին ցուցաբերել է եւ շարունակում է ցուցաբերել մեծ օգնություն Հայ առաքելական եկեղեցուն մահմեդական Ադրբեջանի հետ երկխոսության հարցում»։ Միտրոպոլիտ Իլարիոնը նաեւ ասել է, որ արդեն 30 տարի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքն իր մոտ է հրավիրում Հայ առաքելական եկեղեցու հովվապետին եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահին՝ Ադրբեջանից, որպեսզի քննարկի նրանց հետ այն բոլոր հարցերը, որոնք առաջանում են։ 

Միտրոպոլիտ Ալֆեեւի պատասխանը երկու մասից է բաղկացած, որի առաջին մասը կրոնական-աստվածաբանական բնույթի է, երկրորդը՝ քաղաքական։ Նրա պատասխանում հիմնական մեսիջը հենց երկրորդ մասում է։ Այլ կերպ ասած՝ կարծես թե միտրոպոլիտ Ալֆեեւը խոսում է այն ներգրավվածության մասին, որը Ռուս ուղղափառ եկեղեցին ունի ղարաբաղյան կարգավորման եւ, առհասարակ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Եվ սա հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ ղարաբաղյան գործընթացներում տեղի ունեցող ներկա զարգացումների ֆոնին պատահական չէ, ինչպես որ պատահական չէր այն, որ Մոսկվայում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ադրբեջանի շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը մի քանի հայ ռազմագերիների վերադարձրեց հայրենիք։ Նկատենք, որ Ռուսաստանի գործող վարչակարգը կարեւորում է ավանդական կրոնական կառույցների դերակատարումը Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության ապահովման գործում, ինչի մասին մի քանի անգամ արտահայտվել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Թերեւս միտրոպոլիտի խոսքերը նախանշում են, թե հայ-ադրբեջանական հաշտեցման վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացում ինչ անելիքներ են ունենալու Ռուս ուղղափառ, Հայ առաքելական եկեղեցինները ու Կովկասի մուսուլմանների վարչությունը։ Այս ֆոնին հատկապես կարեւորություն է ձեռք բերում Հայ առաքելական եկեղեցու ճիշտ դիրքավորումը։ Տեղին է անդրադառնալ այն բանին, որ շարունակում է թափուր մնալ ՀԱԵ Ադրբեջանի Հայոց թեմը, եւ Մայր Աթոռը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որոշակի մի փուլում պետք է բարձրացնի նաեւ այդ հարցը` իր բոլոր ածանցյալ հարցերով հանդերձ, որոնք ինչպես զուտ հոգեւոր կրոնական բնույթի են, այնպես էլ՝ նյութական։ 

ՀԳ․ Գուցե ասվածը շատերը համարեն դավադրապաշտական տեսություն կամ իրականությունից կտրված, սակայն հաշվի առնելով նախ Ռուսաստանում առկա դրվածքը, ռուսական պետական համակարգի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու հարաբերությունների բնույթը՝ կարծում ենք, որ առնվազն միամտություն կլինի կարծել, որ «Եկեղեցին եւ աշխարհը» հեռուստահաղորդաշարով այդ հարցը պատահական է հնչեցվել, եւ պատասխանն էլ միայն միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւի անձնական կարծիքն է: