Հայրենասիրության բացառիկ օրինակ` ճանապարհը հանձնեցին, որ միջանցք չտան

Հայրենասիրության բացառիկ օրինակ` ճանապարհը հանձնեցին, որ միջանցք չտան

Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհը հանձնել է, որպեսզի Հայաստանի տարածքով միջանցք չտրամադրի Ադրբեջանին՝ դեպի Նախիջեւան։ Երեկ կառավարության նիստում նա այսպես արդարացրեց թշնամու հայտնվելը։ Սա, փաստորեն, «հայրենասիրության» բացառիկ դրսեւորում է, որը պետք է անպայման տեղ գտնի պատմության էջերում։ Մեզ էլ թվում էր՝ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնողները չեն կարող հայրենասեր կոչվել։

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածում ադրբեջանական անձնագրային հսկողություն իրականացնելու մասին հայտարարած ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էլ ասում է, որ այդ տարածքում Հայաստանն էլ կտեղադրի մաքսակետեր, որ հանկարծ եթե ադրբեջանցիներն էլ որոշեն մեր տարածքով անցնել, իրենք էլ մեր մաքսային հսկողության տակով անցնեն։ «Շահարկումներից խուսափելու համար պիտի հիշեցնեմ, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում։ Խոսքն Էյվազլիի մասին է։

Հիմա կարող է այլ հարց ծագել․ իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների եւ բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»,-  պատմեց վարչապետի աթոռը 3 տարի զբաղեցնող Փաշինյանը։ Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ այդ «միջանցքային տրամաբանությունը» վաղը կյանքի չի կոչվելու, եւ մեկ այլ «տրամաբանությամբ» այն չեն արդարացնելու։ Այստեղ բանալի բառը «տրամաբանությունն է», որից զուրկ են այս իշխանությունները, բայց բառն օգտագործում են՝ մեղմելու համար երեւույթի ողբերգականությունը։

Նույնկերպ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեր հարցերին պատասխանելիս օգտագործում էր «հնարավոր» բառը՝ փորձելով կասկածի տեղ թողնել մաքսակետերի տեղադրման կամ ճանապարհով անցնելիս վճարելու մասով։ «Գորիս-Կապան մայրուղին յուրահատուկ կարգավիճակ ունի, եւ այդ կարգավիճակի պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում, այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգերի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ որոշակի վճարի դիմաց քաղաքացիները կարող են անցնել։ Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ արդեն կառուցված է, այսինքն՝ Տաթեւ-Կապան ճանապարհն ամբողջովին վերանորոգված է, եւ երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որ օգտագործեն այդ ճանապարհը»,-  հայտարարեց Արմեն Գրիգորյանը։ Սա շատ նման է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի արդարացումներին` Արցախի մեծ մասը տվել ենք, որ 25 հազար մարդու կյանք փրկենք։

Երբ Գրիգորյանին հարցրինք՝ մեր մաքսակետն ի՞նչ հակակշիռ է լինելու Ադրբեջանի մաքսակետերին, ԱԽՔ-ն ասաց․ «Դա հակակշռի համար չի, դա ընդհանուր տրամաբանությունն է․ քաղաքականությունը, որն Ադրբեջանը վարում է, այսինքն՝ մաքսակետեր տեղադրելով եւ գանձումներ կատարելով, հնարավոր այդ ճանապարհները նաեւ Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում մենք նույնպես համապատասխան քաղաքականություն ենք իրականացնելու»։ Կառավարության նիստի ընթացքում բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Աննա Գրիգորյանը, որը ծնունդով Կապանից է, ասաց, որ ճանապարհների հանձնման եւ մաքսակետերի տեղադրման հետեւանքով շրջափակման եւ շատ բարդ դրության մեջ են հայտնվում Սյունիքի երեք գյուղեր՝ Բարձրավանը, Որոտանը եւ Շուռնուխը։ Քիչ անց Արմեն Գրիգորյանն ասաց, որ որեւէ համայնք շրջափակման մեջ չէ, կան այլընտրանքային ճանապարհներ, պարզապես այդ ճանապարհների որակը «շատ բարձր մակարդակի չէ»։