Սուպերվարչապետականը հենց Նիկոլ Փաշինյանի ձևավորած համակարգն է

Սուպերվարչապետականը հենց Նիկոլ Փաշինյանի ձևավորած համակարգն է

Սուպերվարչապետական համակարգը Հայաստանի Հանրապետությունում այլեւս վերացված է՝ երեկ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այն հարցին, թե սուպերվարչապետական ինստիտուտ պահելը կա՞ արդյոք իր օրակարգում, պատրաստվո՞ւմ է արդյոք ինքն այն վերացնել եւ ե՞րբ։ 

Ապա, որպեսզի հիմնավորի իր տեսակետը, որ կառավարման այս համակարգը սուպերվարչապետական համակարգ չէ, վարչապետն ասաց․ «Կարա՞ք բացատրեք, թե ինչու է սուպերվարչապետը լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում։ Սուպերվարչապետն ինչի՞ է 5 ասուլիս տալիս։ Ձեզ որեւէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է՝ ինչ հարց պետք է տաք։ Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, թեկուզ այս շփման ընթացքում, վերջին 30 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել։ Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքը եւ լծակները չեն։ Սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը՝ քեզ, բենզինինը՝ քեզ, ես էստեղ 50 տոկոս եմ փայ, ստեղ՝ էն մյուսը, ստեղ իմն ա լրիվ»։ Սուպերվարչապետը նա է, ով, ըստ Նիկոլ Փաշինյանի, որոշում է, թե ով որտեղ պետք է ընտրվի, ով մասնակցում է դատական վճիռների կայացմանը։ Նաեւ հարցրեց՝ ինչի՞ ենք վերադարձրել Բաղրամյան 26-ը նախագահի նստավայրին, ինչո՞ւ են ԱԺ դռները բացվել եւ այլն։ Կամ՝ սուպերվարչապետը գնում է, դատարանում վկայի կարգավիճակով ցուցմո՞ւնք է տալիս։ Այս թվարկումից էլ եզրակացրեց, որ սուպերվարչապետական համակարգ Հայաստանում չկա։
Միանգամայն ճիշտ է վարչապետը՝ վերը նշված երեւույթները կային անցյալում, եւ դրանք հենց մոնոպոլ իշխանության, սուպերվարչապետական համակարգի ապացույցներն են։ Բայց ոչ միայն դրանք։ Բազում ապացույցներ կան նաեւ հիմա, եւ հանրությունը հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու էր փոխել այս համակարգը եւ կամովին հրաժարվել ինչ-որ լիազորություններից՝ մեծացնելով այլ կառույցների եւ անձանց լիազորությունները, որ երկիրը դառնար իրական պառլամենտական երկիր։

Սուպերվարչապետական համակարգի եւ դատական համակարգը կառավարելու ապացույց չէ՞ արդյոք աշնանը արված Փաշինյանի այն հայտարարությունը, թե ով է այն դատավորը, որ իր ասածը կարող է չանել, եւ դատավորներին ուղղված հաթաթաները՝ խելքներդ գլուխներդ հավաքեք եւ այլն։ Նման հայտարարություններ անցյալում չէին արվում՝ գոնե հրապարակավ։ Այս շարքում են նաեւ հայտնի վարչական վարույթները Ռ․ Քոչարյանի գործի քննությունից հրաժարված դատավորների նկատմամբ։ 

Սուպերվարչապետի պահվածք չէ՞ր արդյոք դրոշի համար մաքսային աշխատողին աշխատանքից ազատելը։ Սա անգամ ոչ թե սուպերվարչապետի, այլ ավելին՝ արեւելյան փադիշահի պահվածք էր՝ մարդուն իր գործառույթների մեջ չմտնող արարքի համար, այն էլ՝ վարչապետի իրավասությունների մեջ չմտնող, վարչական ակտը։ 

Սուպերվարչապետական վարք ու բարք չե՞ն արդյոք ասֆալտին փռելու, պատերին ծեփելու կոչերն ու հրահանգները։ Սուպերվարչապետական համակարգի արդյունքը չէ՞ այն, որ ԱԱԾ-ն վարչապետի կողմից հրահանգ է ստանում գտնել եւ պատժել «ֆեյքերին», որոնք իշխանություններին անհաճո «ստատուսներ» են գրում։

Սուպերվարչապետական պահվածք չէ՞ ընտանյոք հանդերձ պետական ինքնաթիռով եւ ուղղաթիռով տարբեր տեղեր մեկնելը, ապա բացատրելը, թե վարչապետը շատ է աշխատում, ընտանիքը կարոտում է նրան եւ մեկնում է նրանից կարոտն առնելու կամ Արցախում ծառայող որդուն այցելելու համար։ Սուպերվարչապետական համակարգի մեջ արդյոք տեղ չի՞ զբաղեցնում քավորին՝ մարզպետ, աներորդուն ու զարմիկին՝ պատգամավոր, ընկերոջը քաղաքապետ դարձնելը։ Սուպերվարչապետ զգալու արդյունքը չէ՞ առհասարակ մեզանում ծավալվող կադրային քաղաքականությունը, երբ 73-ամյա Ոստանիկ Մարուխյանը հանգիստ, անվրդով աշխատում է պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում, իսկ 63-ամյա Արամ Սիմոնյանին «պերսոնա նոն գրատա» են հայտարարել եւ կյանքի գնով փորձում են պաշտոնից ազատել։ Իսկ ինչո՞վ բացատրել, որ Վատիկանից, Կանադայից, Ղազախստանից եւ այլ երկրներից մեր դեսպաններին հետ են կանչում՝ որպես հին համակարգի մնացուկներ, իսկ 67-ամյա Վլադիմիր Կարմիրշալյանը, ով նախկինների օրոք երկար ժամանակ անկարեւոր երկրներում դեսպան է աշխատել, հիմա Իսպանիայում է դեսպան նշանակվում, կամ՝ նախկին պաշտոնյա եւ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Քաթարում փոխարինում է Մանվել Բադեյանին։ Արդյոք սուպերվարչապետի որոշմամբ չէ՞, որ Արարատի մարզպետ է աշխատում մի մարդ, ով «հեկտարը» «կիլոմետրից» չի տարբերում, ումից բազում բողոքներ կան, եւ որի միակ արժանիքն ընտրություններում ստացած ձայներն են եւ հեղափոխության օրերին նախկին իշխանությունների դեմ ելնելը։

Իսկ սուպերվարչապետական որոշումների արդյունքում չէ՞ արդյոք, որ «Ալեքս հոլդինգը» մաքսային արտոնություններ է ստանում, իսկ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների նկատմամբ քաղաքական ճնշումներ են գործադրվում։ Սուպերվարչապետի որոշումների արդյունքում չե՞ն արդյոք, որ այդքան մեղադրյալներից գումարներ բռնագրավեցին եւ ազատ արձակեցին կամ թույլ տվեցին, որ անարգել սահմանն անցնեն, եւ նրանք այժմ արտերկրում հանգիստ վայելում են թալանածը։ Եվ առհասարակ՝ քրեական գործերի թիրախում հայտնված եւ չհայտնված անձանց ցուցակը բավական է հասկանալու համար, որ մեզանում ոչ թե արդարությունն է վերականգնվում, եւ օբյեկտիվորեն են քրգործեր հարուցվում, այլ ոմանց քմահաճույքով։ Ու քանի որ մենք վստահ ենք, որ ո՛չ ՀՔԾ, ո՛չ ԱԱԾ, ո՛չ ՔԿ պետերը, ո՛չ գլխավոր դատախազն իրենց գլխից ձեռք չեն քաշել, որ առանց վերադասի՝ քաղաքական ղեկավարության հետ համաձայնեցնելու նման որոշումներ կայացնեն, ուրեմն կարող ենք պնդել, որ սա եւս սուպերվարչապետական համակարգի հետեւանքն է։ 

Կառավարության նիստերն իրենք սուպերվարչապետական, գերկենտրոնացված համակարգի ակնառու ապացույցներ են, որոնց ժամանակ անգամ նախարարները զգուշանում են Փաշինյանին հակադրվելուց, եւ նա չի հանդուրժում որեւէ այլ կարծիք։

Սուպերվարչապետական համակարգի արդյունքում չէ՞ արդյոք, որ «Լիդիան Արմենիա»-ի, «Սանիթեք»-ի, «Վեոլիա ջրի», Թեղուտի հետ կապված փակուղային իրավիճակ է ձեւավորվել, քանի որ վարչապետն ուղղակի չի կողմնորոշվում՝ բացե՞լ, թե՞ փակել, արգելե՞լ, թե՞ թույլ տալ, որ այդ գործարաններն ու կազմակերպություններն աշխատեն։ 

Եվ այնպես չէ, որ սուպերվարչապետը չի միջամտում տարբեր ընտրություններին եւ այլ պրոցեսներին։ Ուրցաձորի եւ մի շարք այլ համայնքների ղեկավարների ընտրությունները չէին լինի, եթե նման քաղաքական որոշում կայացված չլիներ։ 

Կառավարության ներկա կառուցվածքն էլ սուպերվարչապետության արդյունքն է։ Միայն մեկ անձի կամքն առաջ մղելու արդյունքում կարող էր մշակույթի նախարարությունը վերանալ, սպորտի ու կրթության հետ ձուլվեր, կամ սփյուռքի նախարարության փոխարեն ինչ-որ հանձնակատարի ինստիտուտ ձեւավորվեր։ Սա մեկ անձի որոշումների հետեւանքն է, թերեւս նաեւ՝ այս ոլորտները ղեկավարող կադրերի բացակայության հետեւանքը։ 

Սուպերվարչապետության համակարգի դրսեւորումներից է նաեւ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը մեզանում վերածվել է հարսանեկան գեներալի կարգավիճակի, իսկ Արմեն Սարգսյանը կարող էր շատ ավելի մեծ դերակատարում ունենալ մեր երկրում, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար։ 
Այս թվարկումը՝ Նիկոլ Փաշինյանի «100 փաստի» օրինակով, կարելի էր շատ երկար շարունակել։ Բայց այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ սուպերվարչապետական մոդելը պահպանելու ջատագովն այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, եւ ակնհայտ է, որ նա շատ է սիրել Սերժ Սարգսյանի «հագով կարված այս հագուստը», ուստի այն կպահպանվի, քանի դեռ նա է իշխանության գլխին։

Սարգիս ԱՎԵՏԻՍՅԱՆ