Ինչո՞ւ Արթուր Հովհաննիսյանը ներողություն չի խնդրում «5-րդ ալիքից»
2020թ․ Հոկտեմբերի 6-ին ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող գրառում. «5-րդ ալիք/ 5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում»: 23.10.2020թ․ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի` վիրավորանք համարվող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջով։
Դատարանը (դատավոր` Դանիել Մխեյանի նախագահությամբ) քննել է գործը և 24․05․2021թ․ վճռով մերժել է հայցը։ 07․07․2021թ․ «5-րդ ալիք» հեռուստաընկերության ներկայացուցիչները վերաքննության կարգով բողոքարկել են վճիռը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18․10․2021թ․ որոշմամբ բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության։ Գործը վերստին քննվել է առաջին ատյանի դատարանում դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ եւ Դատարանը 04․08․2022թ․ վճռով հայցը բավարարել է մասնակի։
Սույն վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան Արթուր Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից, բողոքը մասնակի բավարարվել է։ Պատասխանողի ներկայացուցչը բողոքարկել է այդ որոշումը Վճռաբեկ դատարանը, սակայն վերջինս 03․05․2023թ․ որոշմամբ մերժել է բողոքը վարույթ ընդունելը, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։
Այսպիսով, դատարանը որոշել է Արթուր Հովհաննիսյանի կողմից 06.10.2020 թվականին ժամը 00:39-ին ֆեյսբուքյան էջում տեղադրված գրությունը համարել որպես Հայցվորի գործարար համբավն արատավորող (վիրավորական) հրապարակում եւ պարտավորեցրել է պատասխանող Արթուր Հովհաննիսյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում գրառում կատարել հետևյալ կերպ. «Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, ով հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում» վիրավորական գրառումը հրապարակելու համար»: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պարտավորվում է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել երեք հարյուր հազար դրամ գումար։
«Հրապարակը» «5-րդ ալիքից» փորձեց ճշտել, թե ի՞նչ ընթացքում է այս գործը` Արթուր Հովհաննիսյանը ներողություն խնդրե՞լ է հեռուստաընկերությունից, թե՞ ոչ, դրամական փոխհատուցումը վճարե՞լ է: «5-րդ ալիքի» լրատվական ծառայության ղեկավար Արտակ Հերիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ որևէ նորություն չկա. «Փաստաբանը դիմել է դատարան, որպեսզի դատական ակտն իրականացվի»,- նշեց նա: Իսկ թե ինչո՞ւ մինչ օրս իշխանական պատգամավորը չի կատարել դատարանի պահանջը, Հերիքյանը նշեց, որ ոչ մի նոր բան այդ մասով մեզ փոխանցել չի կարող:
Կարծիքներ