Երեք տաղանդավոր կանանց ստեղծագործական դաշինքը․ Կապուտիկյան-Պետրովիխ-Զվյագինցեւա
«1947 թվականին խորհրդային պոեզիայի կանանց ձայների շրջանակում հնչեց եւս մեկը, որը բացարձակապես տարբերվում էր իր յուրահատկությամբ, արեւաբույրությամբ, ջերմությամբ եւ կրծքայնությամբ։ Այդ ձայնի զգացականությունը, տեմբրը, ինտոնացիան՝ ամեն ինչ խոսում էր այլ պոետիկ «կլիմայի», այլ հողի մասին, որը բոլորովին նման չէր միջինռուսական հարթավայրերին։ Դա հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ձայնն էր։ Նրա բանաստեղծությունները, որ այդ թվականին առաջին անգամ թարգմանվեցին ռուսերեն։ Իր հայրենիքում նրան գիտեին ավելի վաղուց»,- Ահա այսպես է Սիլվա Կապուտիկյանի մասին գրել ռուս բանաստեղծուհի Վերա Ինբերը։ Հայ մեծանուն բանաստեղծուհին սերտորեն կապված էր Ռուսաստանի հետ։
Նրա ստեղծագործությունները փայլուն թարգմանություններով հրատարակվում էին ռուսերենով։ Բոլորին էր հայտնի նրա, Մարիա Պետրովիխի ու Վերա Զվյագինցեւայի ամուր երկարամյա բարեկամությունը։ Նրանց ստեղծագործական դաշինքը ձեւավորվել է 20-րդ դարի կեսերին։ Երեք տաղանդավոր բանաստեղծուհիները թարգմանում էին մեկմեկու գործերը, միմյանց հարգանքի եւ բարեկամության հավաստիացումների տողեր նվիրում։ Սիլվա Կապուտիկյանն ու Վերա Զվյագինցեւան առաջին անգամ հանդիպել են 1939 թվականին։
Ռուս բանաստեղծուհին սիրել է Հայաստանը, նրա հողը, մարդկանց, երգերն ու պոեզիան։ Նա թարգմանել է հայ բանաստեղծների գործերը ռուսերեն, բարեկամություն արել նրանց հետ։ Պատերազմի ավարտից հետո նրանք երկրորդ անգամ են հանդիպել։ Ռուս բանաստեղծների խումբը, որոնց թվում նաեւ Զվյագինցեւան եւ Պետրովիխը, ժամանում են Երեւան՝ թարգմանություններ կազմակերպելու համար։
«Ես հաճախ էի նրանց մոտ հյուր լինում,- հիշում է Սիլվա Կապուտիկյանը,- եւ մի անգամ էլ որոշեցի նրանց հրավիրել ինձ մոտ հյուր։ Մեր հին կավաշեն տունը, որում Վանից գաղթելուց հետո բնակություն էին հաստատել ծնողներս, առաջին անգամ պետք է նման հյուրեր ընդուներ։ Մեր «վանա ամբարներից» ինչ որ ունեինք հանեցինք եւ մեր այդ «հետպատերազմական» հյուրասիրությունը նրանց տպավորեց։ Հետո հաճախ էի հյուրընկալում Վերա Զվյագինցեւային եւ այլ հյուրերի մեր բնակարանում։ Սակայն որքան էլ ճոխ լիներ սեղանը, Վերկա Կլավիդեւնան իրեն հատուկ զվարթ հիացմունքով բացականչում էր․ «Ընկերներ, ոչինչ չի կարող համեմատվել Սիլվայի հյուրասիրության հետ՝ նրանց հին տանը։ Մենք ուտում էինք վեց ժամ շարունակ։ Ոչ միայն անցած պատերազմի տեղը հանեցինք, այլ նաեւ՝ գալիք ժամանակների էլ»։ Իմ հիշողություններում ամենավառն է պահպանվել այդ հանդիպումը մեր հին տանը։ Ու հատկապես նրանով է վառ մնացել հիշողությանս մեջ, որ այդ օրվանից մենք ամուր կերպով բարեկամացանք եւ այդ հիանալի երկու ռուս կանայք մտնելով իմ տուն, ասես մտան նաեւ իմ գալիք օրեր, սկիզբ դնելով իմ կյանքի ամենավառ մի հանգրվանի, որը պետք է ծավալվեր հանրապետության սահմաններից դուրս՝ անծայրածիր երկրի հեռաստաններում»։
1940-ական թվականների վերջերից Կապուտիկյանի համար հարազատ դարձավ Զվագինցեւայի մոսկովյան բնակարանը։ Եւ ոչ միայն նրա համար, այլ նաեւ շատ այլ հայ պոետների, որոնց գործերը թարգմանում էր Զվյագինցեւան։ «Զվյագինցեւայի տանը մենք զգում էինք մեզ ինչպես մեր տանը։ Վաղուց էին ջնջվել ազգային, տարիքային եւ կենցաղային պայմանականությունները։ Երկու փոքրիկ սենյակներ, գրքերով բեռնված գրապահարաններ, որոնցում նաեւ հայ գրականությանը վերաբերող գրքեր կային եւ Հայաստանից բերված հուշանվերներ, նայում էին մեզ պատաշար պահարանների դարակներից։ Բնակարանում նաեւ Զվյագինցեւայի դիմանկարն էր՝ վրձնված Մարտիրոս Սարյանի կողմից։ Այդ տունը մեզ համար դարձավ հարազատ մի վայր մեր հավաքների համար։
Վերա Կլավդիեւնային սիրում եւ հարգում էին բոլոր սերունդների հայ գրողները՝ սկսած Ավետիք Իսահակյանից։ Սովորաբար մեր հանդիպումներին ներկա էին լինում Իրինա Սնեգովան եւ Ելենա Նիկոլաեւսկայան եւ Զվյագինցեւան բացի թարգմանության նրբություններից, նրանց փոխանցում էր նաեւ սերն առ Հայաստան ու հայկական պոեզիա։ 1984թվականին Երեւանում լույս տեսած Կապուտիկյանի թարգմանությունների հատընտիր «Ծիածանի 107 գույները» գրքում ներկայացված էին Զվյագինցեւայի քնարերգությունից վեց թարգմանություններ, որոնցից չորսը «հայկական» բանաստեղծություններից էին։ «Զվյագինցեւան կախարդված էր հայկական երգերով եւ հայկական երգերը ներշնչել էին նրան ստեղծելու մի քանի բանաստեղծություններ, որոնց էլ ես ամենայն սիրով եմ թարգմանել»։ 1989 թվականին լույս է տեսնում Զվյագինցեւայի գործերի հատընտիրը, որի առաջին հատորում Կապուտիկյանի 32 բանաստեղծությունների ռուսերեն թարգմանություններն էին ներկայացված։
Սիլվա Կապուտիկյանը բարձր էր գնահատում նաեւ Պետրովիխի հետ իր ընկերությունն ու բանաստեղծական թարգմանությունները։ Սակայն Պետրովիխին ընթերցողը կարողացավ լայնորեն ճանաչել միայն նրա մահվանից հետո՝ շնորհիվ հետմահու հրատարակությունների։ Հայաստանի հետ նա առանձնահատուկ կապվածություն ուներ։ Նա Չարենցի անվան մրցանակի առաջին դափնեկիրն էր, նաեւ Հայկական ԽՍՀ վաստակավոր մշակութային գործիչ։ Մարիա Պետրովիխի մահը Կապուտիկյանը բավականին ծանր է տարել եւ անկեղծացել է, թե որքան թանկ էր իր համար Մարիա Պետրովիխի բարեկամությունը վայելելը, եւ նրա կորուստը չափազանց մեծ կորուստ էր բոլորի համար։
Նյութի աղբյուրը՝ armmuseum.ru
Արամ Յանին
Կարծիքներ