Նոր օրենքը քննիչների հետ մութ պայմանավորվածությունների հնարավորություն է տալիս

Նոր օրենքը քննիչների հետ մութ պայմանավորվածությունների հնարավորություն է տալիս

Ապրիլի 16-ին խորհրդարանը 99 կողմ՝ 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը: Այս օրենքով իրավապահ մարմիններն իրավունք են ստանում գույքի բռնագանձման պահանջով դիմել դատարան այն դեպքերում, եթե կոռուպցիոն բնույթի քրեական գործով անցնող որեւէ քաղաքացու պատկանող գույքի եւ նրա ստացած եկամուտների միջեւ 50 միլիոն դրամից ավելի տարբերություն արձանագրվի: 

Օրենքը ներկայացվում է որպես հանցավոր ակտիվների շրջանառության, փողերի լվացման դեմ գործիք, որը նաեւ նպաստելու է արդարադատության վերականգնմանը, որպես միջազգային կոնվենցիաներից ու այլ փաստաթղթերից բխող իրավական ակտ: Այն մշակվել է մոտ մեկ տարի: Դրա մի շարք կետեր արդեն սուր քննադատության են ենթարկվել: 

Նոր օրենքը կարող է կիրառվել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքի նկատմամբ, այն դեպքում, երբ հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի եւ եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում: Սրա վրա ուշադրություն է հրավիրել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունն օրինական եկամուտների եւ ձեռք բերված գույքի արժեքի միջեւ, ինչի դեպքում էլ ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Հակառակ դեպքում, այդ մարդիկ իրենցից վերցրած գույքն էլ հետ կկարողանան ստանալ, հատուցումն էլ՝ հետը»,- գրել է նա հայտնի սոցցանցում: 

Թերեւս ամենավիճահարույցը նոր օրենքի այն դրույթն է, որի համաձայն, քաղհայցով դատարան դիմելու հիմք կարող է դառնալ օպերատիվ տվյալը, եւ եթե քաղաքացին չկարողանա օրինական եկամտի աղբյուրներով հիմնավորել գույքի ձեռքբերումը, ապա  գույքը կարող է բռնագանձվել: Այլ կերպ ասած, դեռեւս չունենալով մեղադրական դատավճիռ, դատախազությունը կարող է դիմել դատարան, գույքի բռնագանձում պահանջելով: 

Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի, այս դրույթն ինքնին կոռուպցիա է: «Եթե այս օրենքն ընդունվեր այն նպատակով, որ չարաշահման հետեւանքով կոռուպցիոներների և թալանչիների գույքը բռնագանձվեր՝ առանց քրեական հետապնդման միջոցի դիմելու, քաղաքացիական իրավունքի շրջանակում, ես ոչ մի խնդիր չէի տեսնի, որովհետեւ պետությունն այնքան ռեսուրս չունի, որ բոլոր կոռուպցիոն գործերը քննի, մեղավորությունը դատարանով հաստատի, նոր դրանից հետո իրավունք ձեռք բերի նաեւ ապօրինի ճանապարհով գույքը բռնագանձելու: Բայց վստահ եմ, որ որեւէ բան այդ օրենքի միջոցով չի արվելու: Ընթացակարգերի, կառուցակարգերի անհստակությունը չարաշահումների լայն հնարավորություն է ստեղծում: Սա կարող է միջոց ծառայել, որ իրենք նման բռնագանձման հեռանկարով տարբեր մարդկանց ահաբեկեն ու ստիպեն իրենց հետ ստվերային պայմանավորվածությունների գնալ՝ էսքան մուծի, որ էս բանին չգնանք»: Շուշանյանը հիշեցրեց, որ հիմա էլ նման մուծումներ կատարվում են, ինչ-որ անհասկանալի հիմնադրամների միլիոններ են նվիրաբերում, իսկ այդ հիմնադրամները հրաժարվում են հրապարակել խոշոր նվիրատուների անունները: «Իրական կոռուպցիան հենց դա է, որտեղ թափանցիկությունը բացակայում է»,- պնդում է փաստաբանը:  

«Ապօրինի գույք» հասկացություն մեր օրենսդրության մեջ չկա, եւ եթե նույնիսկ օրենքն ինչ-ինչ հարցեր չի կարգավորում, օրենսդրական բացի խնդիր կա, ապա, ըստ Շուշանյանի, կարելի էր օրենքում փոփոխություն կատարելով, այդ հարցը լուծել: «Բայց վստահ եմ, որեւէ բան չի արվելու, որովհետեւ այս նույն նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչները, որոնք տասնամյակներ շարունակ թալանով են զբաղված եղել, պատասխանատվության չենթարկվեցին, նրանց ապօրինի ստացած եկամուտներն էլ չբռնագանձեցին: Ինչ-որ անհասկանալի, մութ գործընթացներ էին տեղի ունենում, մարդիկ հայտարարում էին, որ իրենք այսինչ կամ այնինչ գույքը տվել են, պատրաստ են ինչ-որ օբյեկտ կամ գումար բյուջե վերադարձնել, ու գործերը դրա դիմաց կարճվում էին»: 

Հարցին, թե արդյոք այս օրենքն առաջադեմ քայլ չէ՞ հանցավոր գումարների շրջանառության դեմ, նա պատասխանեց. «Անցյալ տարի, երբ սկսեցին շրջանառել այս գաղափարը, որ նման օրենքի անհրաժեշտություն կա, ես որոշ չափով ուսումնասիրեցի ու տեսա, որ պոստավտորիտար մի շարք երկրներում, որտեղ իշխանության չարաշահումներ են եղել, ու կոռուպցիան լայնածավալ բնույթ է կրել, բռնատիրական կարգերից հետո նման օրենքներ ընդունվել են: Բայց ասել, որ այս օրենքն առաջադեմ քայլ է, չեմ կարող»: 

Փաստաբան Հակոբ Ճարոյանը հարց է տալիս. «Ինչպե՞ս պետք է ապացուցեն, որ գույքն ապօրինի ծագում ունի: Փողերը ես ժառանգել եմ պապիս տատից, ի՞նչ են անելու»: Իսկ իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, որը հայտնի է օրենքների իրավական վերլուծություններով, այս օրենքի դեպքում վերլուծություն չցանկացավ անել: Նա բնորոշեց կարճ. «Աբսուրդ, բացառապես քաղաքական հետապնդումների գործիք»: