Կարմիր ներկ ցփնեք հենց նիկոլական պաստառների վրա

Կարմիր ներկ ցփնեք հենց նիկոլական պաստառների վրա

Արդեն սովորական է դառնում փողոցներում կախված քոչարյանական պաստառներ փչացնելը. նիկոլական առաջին «հերոսը» (չակերտավոր, քանի որ իրականում այդ անձը նույնիսկ հակահերոս չէր) փորձում էր ձու նետել, հետո անցան կարմիր ներկին: Հասկանալի է, կարմիր ներկը խորհրդանշում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները: Բայց, նախ, դրանց կապակցությամբ դատարանի վերջնական մեղադրական վճիռ կա հենց Նիկոլի նկատմամբ, իսկ ինքը 3 տարի է, ինչ վարչապետ է, և ոչինչ չի արել վճիռը գանգատարկելու առումով: Ենթադրում եմ, որ խուսափում է դրանից, քանի որ դա իրեն ոչինչ չի տա վնասից բացի: Երկրորդ, «գերագույն գլխավոր» կոչված Նիկոլի պատճառով 2020-ի աշնանային պատերազմում մեր զոհերն առնվազն 40 անգամ գերազանցում են մարտի 1-ի զոհերին: 

Երրորդ, կորոնավիրուսի դեմ նիկոլական իշխանության ապաշնորհ պայքարի պատճառով զոհերի թվի գերազանցումն այս պահին կազմում է ավելի քան 43 անգամ: Այնպես որ, եթե ոմանք ցանկանում են արյան գույնը խորհրդանշող կարմիր ներկ ցփնել պաստառների վրա, ապա շատ ավելի արդար կլիներ, եթե դա արվեր նիկոլական պաստառների նկատմամբ: Հասկանալի է, իհարկե, որ նիկոլական լինելը բացարձակ անհարիր է արդար լինելուն. դրանք իրարից հեռու են այնքան, որքան «խոզը տուռնիկից»: Չմոռանանք, խոսքն այն Նիկոլի համախոհների մասին է, որին 3 տարի առաջ մենք իշխանության բերեցինք որպես, ի թիվս այլ այլոց, արդարության խորհրդանիշի: 

Նույն տրամաբանությամբ նույնքան «արդար» (կրկին չակերտավոր) կլինեն նիկոլական ընտրությունները: Եթե պատերազմում խայտառակ պարտությունից հետո Նիկոլն ամեն ինչ արեց իշխանությունը պահպանելու համար՝ թքելով Հայաստանի հետագա ճակատագրի և պարզ մարդկային արժանապատվության վրա, ապա ինչո՞ւ պիտի նա անարյուն հանձնի իշխանությունը թեկուզ ընտրությունների միջոցով: Իսկ որ վարչապետի պաշտոնին Նիկոլի կառչած մնալը վտանգ է ներկայացնում մեր հայրենիքի ճակատագրի առումով՝ վկայում են այս պահին տեղի ունեցող սյունիքյան ու գեղարքունիքյան իրադարձությունները: Ինչ մնում է մարդկային արժանապատվությանը, ապա դա և Նիկոլը հեռու են իրարից այնքան, որքան «խոզը տուռնիկից» (ներողություն կրկնության համար): Եվ եթե որևէ մեկը կասկածում է ասված խոսքերի, կարող եմ առաջարկել պրոդյուսեր և ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանի ֆիլմերը:

Նորություն չեմ հայտնի, եթե ասեմ, որ պետք է պատրաստ լինել իշխանությունից Նիկոլին հեռացնելու նախքան հունիսի 20-ի ընտրությունները: Իսկ եթե դրանք, այնուամենայնիվ կայանան, ապա պետք է հաղթահարել ընտրությունները կեղծելու իշխանության գործողությունները և որպես դրա հետևանք՝ նախաձեռնել հետընտրական զարգացումներ: Արդար և օրինական ընտրություններ կազմակերպելու՝ վարչապետի աթոռին կառչած Նիկոլի խոսքերին վստահելու փոխարեն առանձին-առանձին ընտրությունների գնացող ընդդիմադիր դաշինքները պետք է միասնական գործողությունների պլան մշակեն նախքան ընտրությունները: