Երեւանի ընտրություննե՞ր՝ տենց հաստատ մի ասեք 

Երեւանի ընտրություննե՞ր՝ տենց հաստատ մի ասեք 

Երեւանցիներին, արդյոք, բավարարո՞ւմ է քաղաքապետի հավանական թեկնածուների այն ցանկը, որն առաջարկել են քաղաքական ուժերը: Անձամբ ես ուզում եմ արտասվել, երբ անցնում եմ այդ անունների վրայով ու մտածում, թե ում խնամակալության տակ կարող է հայտնվել հայոց հինավուրց մայրաքաղաքը: Մինչեւ 2018 թվականը Երեւանը բազմաթիվ լուրջ քաղաքապետեր է ունեցել, վերջապես՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է եղել Երեւանի քաղաքապետ: Իսկ ի՞նչ է մեզ սպասվում այսօր, ավելի ճիշտ՝ ի՞նչ են մեզ առաջարկում այսօր:

13 կուսակցություն ու մեկ դաշինք են առաջադրվել: 13 կուսակցություններից առնվազն 11-ը Նիկոլ են կամ ՔՊ: Դեռ չեմ խոսում այն անլրջության մասին, որով հայտնի են այդ կուսակցություններն ու, բնականաբար, նրանց առաջին համարները: 10-ից ավելի կուսակցություն, փաստորեն, ափաշկարա աշխատում է ՔՊ-ի համար՝ չունենալով ավագանի անցնելու որեւէ շանս: ՔՊ-ն, հաղթանակի դեպքում, չեմ կասկածում, նրանց որոշակի թուլաբաժին կհատկացնի: Ավինյանը կարող է նրանց ընդհուպ հավաքել իր շուրջն ու, ինչպես Նիկոլը, խորհրդակցություններ անցկացնել, թե՝ տեսեք-տեսեք, ընդդիմությունն էլ է մասնակցում քաղաքի կառավարման հարցերին: Բայց ո՞ւր է այնտեղ ընդդիմություն:
Իսկական ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել այս խայտառակությանը, որովհետեւ դա կնշանակեր մեկ բան՝ ՀՀ իշխանությունների օրակարգի սպասարկում: Այսօր պայքարի մեջ չեն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ-ն: Հայտ չի ներկայացրել նաեւ ՀԱԿ-ը, որ Երեւանի ընտրությունների պատմության մեջ բավականին լավ արդյունքներ է գրանցել: 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունները, կարծում եմ, շատերի աչքերն են բացել, եւ դերակատար քաղաքական ուժերը, ելնելով այն հաշվարկներից, թե ինչ է Նիկոլով ընտրությունն առհասարակ, որոշեցին ձեռնպահ մնալ հերթական խեղկատակությունից:

ՀՅԴ-ն հայտարարեց, որ ընդդիմադիր դաշտը քննարկել է միասնական թեկնածուով ընտրությունների գնալու գաղափարը, բայց այդպես էլ չի հաջողվել համախմբվել մեկ քաղաքական ուժի կամ մեկ թեկնածուի շուրջ: Ինչո՞ւ: Որովհետեւ նույնիսկ այդ դեպքում Փաշինյանի վարչակազմն անելու էր ամեն ինչ՝ Երեւանում միանձնյա իշխանություն ունենալու համար. պետական լծակների գործադրումից մինչեւ պետական ֆինանսական միջոցների մսխում, իրավապահ համակարգի 24-ժամյա ռեժիմով «աշխատանք», քաղաքական հետապնդումներ, նիկոլական մանիպուլյացիաներ եւ այլն, եւ այլն: Այսուհանդերձ, ընդդիմությունը կփորձի հնարավորինս քաղաքականացնել այս ՏԻՄ ընտրությունները եւ առաջադրված ուժերից 2-3-ի հետ որոշակի համագործակցություն ձեւավորել՝ հույսով, որ այդկերպ հնարավոր կլինի կոտրել ՔՊ-ի մենիշխանությունը:

Մյուս կողմից էլ՝ այսօր ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Երեւանում սեպտեմբերի 17-ին տեղի կունենան ընտրություններ: Սեպտեմբերի առաջին օրերը, կարծում եմ, շատ բուռն են լինելու՝ կապված Արցախի շրջափակման եւ հայկական երկրորդ հանրապետության քաղաքական կարգավիճակի ու արցախահայության իրավունքների քննարկման հետ: Ի՞նչ քարոզարշավի, ի՞նչ բակային հանդիպումների մասին կարող է խոսք լինել, եթե Երեւանում ծայր առնեն բողոքի ցույցերն ու հանրահավաքները: ՀՀ իշխանություններն առնվազն գիտեն, թե Երեւանում ինչ իրավիճակներ կարող է ստեղծել ընդդիմությունն ու ինչ կարգախոսներով փողոց հանել իր համակիրներին: Չգիտեմ, քանի՞ ՔՊ-ական կհամարձակվի փողոց իջնել այդ ժամանակ, որ մի բան էլ Ավինյանի հետ քարոզարշավ անցկացնեն: Մյուսների մասին էլ չեմ խոսում՝ Խզմալյան Տիկո, Արզաքանցյան Տիկո, Վազգենի ախպեր, եւ այսպես շարունակ:
Երեւանցիները կարող են շատ չանհանգստանալ: Ընտրությունները տեղի ունենան սեպտեմբերի 17-ին, թե մեկ-երկու ամիս ուշ՝ ի՞նչ տարբերություն: Փոխարենը դրանք կարող են տեղի ունենալ առանց Նիկոլի եւ նրա ազգակործան թիմի, երբ Հայաստանում ձեւավորված կլինի նոր իշխանություն՝ նոր ԱԺ, նոր կառավարություն, նոր ՍԴ, նոր ԿԸՀ եւ այլն: