Տեղորոշման արդյունքում է, որ՝ թու-թու-թու, այս իրավիճակն ունենք

Տեղորոշման արդյունքում է, որ՝ թու-թու-թու, այս իրավիճակն ունենք

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով առաջարկում է մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվելու էր ապրիլի 14-ին: Եթե ԱԺ-ն հավանություն տա նախագծին, ապա մինչեւ մայիսի 14-ը կպահպանվի արտակարգ ռեժիմը: Կառավարությունը, պարզվում է, իշխանական օրենսդիրների հետ չի քննարկել երկարաձգման անհրաժեշտության հարցը, այդուհանդերձ, իմքայլական Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ կա դրա անհրաժեշտությունը:

-Պարոն Աղազարյան, կա՞ արտակարգ ռեժիմը երկարացնելու անհրաժեշտություն, եթե վերջին օրերի դրական վիճակագրության մասին խոսում էր նույնիսկ վարչապետը, իսկ այսօր  առաջարկում են երկարացնել արտակարգ դրությունը:

-Դրական վիճակագրությունն արտակարգ դրության պարետատան եւ կառավարության աշխատանքի ճիշտ ուղի ունենալու մասին է, բայց դա չի նշանակում, որ վտանգն արդեն վերացել է:

-Վտանգը միգուցե ողջ կյանքում էլ չվերանա, առողջապահության նախարարն էլ այսօր հայտարարեց, որ այդ վիրուսը դեռ երկար է ուղեկցելու մեզ, մենք ողջ կյանքներս արտակարգ դրության մե՞ջ ենք ապրելու:

-Մենք միջոցառումները կանենք, կհասկանանք՝ ինչ քայլեր են հարկավոր հավանական օջախները սառեցնելու համար, այն ժամանակ ուրիշ ձեւ կշարունակենք:

-Իսկ բացառո՞ւմ եք, որ պատկան մարմինները թաքցրած լինեն իրական վիճակագրությունը, եւ իրականում վիճակն ավելի վատ է, քան մեզ հաղորդում են:

-Այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ է տիրում, որ որեւէ մեկի մոտ նման կասկած չի առաջանա: Մենք ունենք խոսքի ազատության այնպիսի աստիճան, ընդդիմադիրների այնպիսի ակտիվ գործունեություն, որ որեւէ մեկի մոտ չի կարող նման կասկած լինել, թե իշխանությունը բան է թաքցնում: Միգուցե, մենք հաջողությամբ վիրուսի դեմն առնում ենք, բայց աշխարհում դեռ այն եռում է կաթսայի նման, ճիշտ կլինի, որ միառժամանակ այս ռեժիմը պահպանվի:

-Բայց պարետատան որոշմամբ շուրջ մեկ ամիս է՝ ԶԼՄ-ները զրկված են համավարակի թեմայի մասին գրելուց՝ բացառությամբ պաշտոնական լրահոսը նրկայացնելուց: Ի՞նչ խոսքի ազատության մասին է խոսքը:

-Բայց դա չի նշանակում, որ ԶԼՄ-ի ներկայացուցիչները, եթե մի տեղ հայտնաբերեն, որ վարակված մարդ կա, ու իշխանությունը թաքցնում է, կարող են հրապարակել:

-Անգամ ամենաանմեղ լուրերի համար են մեզ տուգանում, ուր մնաց վարակվածների մասին գրենք:

-Ոչ, ԶԼՄ-ն կարող է գրել, որ այսինչ գյուղում այսինչ մարդը վարակված է:

-Փաստորեն, հեռախոսներով տեղորոշման օրենքն էլ արդյունավետ չէր, ու իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ:

-Ես հակառակ կարծիքն ունեմ, դա շատ կարեւոր օրենք էր, նախեւառաջ զգոնացնող փաստ է, երկրորդ էլ՝ հստակեցնում է վիրուսակիրների հետ հավանական շփումները:

-Օրինակ Դուք գիտե՞ք, թե քանի մարդ է մեկուսացվել տեղորոշման շնորհիվ:

-Ես չեմ կարող ասել, ես ինֆորմացիայի չեմ տիրապետում:

-Փաստեր չունեք, բայց համոզված եք, որ տվել է իր արդյունքը:

-Իհարկե, քանի որ այդ քայլերի արդյունքում է, որ՝ թու-թու-թու, մենք այս իրավիճակն ունենք: Փառք Աստծո: Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո պարետատունն այդ մասին հաշվետվություն կտա:

-Եթե մենք լավ իրավիճակ ունենք, ինչո՞ւ ենք շարունակելու  արտակարգ դրությունը:

-Դե, որպես երեւույթ՝ աշխարհի մասշտաբով դեռ այն նահանջած չէ: