Բենզինի գինն ավելի է բարձրանալու

Բենզինի գինն ավելի է բարձրանալու

Բենզինը կրկին թանկացել է՝ 1 լիտր Ռեգուլյար տեսակի բենզինը հասել է 410 դրամի։ Եվ գնաճը զսպել չի լինում։ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն ասաց, որ իրենք չեն կարող գնաճի դեմն առնել, նման ֆունկցիա չունեն, բայց ուսումնասիրում են միտումները եւ հրապարակելու են արդյունքները՝ բենզինի ձեռքբերման սկզբնաղբյուրից սկսած։ «Ցույց կտանք դինամիկան, եթե շեղում եղավ, կսկսենք գործընթաց, բայց եթե բենզինի գինը ձեռքբերման երկրում բարձրացել է, չի կարա Հայաստանում դրանից էժան լինի։ Մենք ուսումնասիրել ենք, շեղում չկա, ընդ որում՝ կանխատեսում ենք, որ բենզինի գինն ավելի է բարձրանալու, որովհետեւ արտաքին աղբյուրներից նման ազդակ ստացել ենք»,-ասաց նա։

- Իսկ անցյալ տարի, երբ բենզինի գինը մոտ 100 դրամով իջել էր, նավթի գնի անկմա՞մբ էր պայմանավորված։

- Նավթի գնի անկումը միայն 10-15 տոկոս ազդեցություն ունի, բենզինն առանձին բորսայական շուկա է, քանի որ սպառում չկա, բենզինի գինն ահավոր իջել է, եւ այդ պատճառով Հայաստանում եւս իջել էր։ Բայց, ինչպես Դուք անկեղծ նշեցիք, էն ժամանակ էլ ես ասում էի, որ Հայաստանում բենզինի գնի տատանումը կապված է ձեռքբերման գնի տատանման հետ։ Էսօր էլ նույն ձեւի՝ բարձրացումը կապված է գների բարձրացման հետ։

- Այսօր Հայաստան է ներկրվում նաեւ Իրանից ձեռք բերված բենզին, որն էժան է, սա չի՞ ազդում գների վրա՝ զսպելով խոշոր ներկրողների բերած բենզինի գնաճը։

- Իհարկե, ինքը կատարում է էդ ֆունկցիան, որովհետեւ, եթե կա ավելի էժան աղբյուր, տնտեսվարողներն իրենց դիրքը փոխում են։ Բայց բենզինն ու դիզելն ունեն որոշակի սպեցիֆիկա։ Նախ՝ Ռուսաստանը մեզ տալիս է արտահանման տուրքից ազատված բենզին, դրա համար տարեկան գնման հայտ են ներկայացնում։ Դա՝ մեկ հանգամանք։ Երկրորդ․ այո, կարգավիճակը սկսում է փոխել։ Բայց դա չի նշանակում, որ եթե բենզին արտադրող մի երկրում բենզինն էժանանում է, մյուս երկրում․․․ Համաշխարհային շուկան ինքն իրեն սա կարգավորում է։ Այսինքն, եթե մի երկրում գինն իջնի, համաշխարհային շուկայի վրա իր ազդեցությունն ունենում է։

- Ժամանակին բենզինի ներկրման մաֆիոզ սխեմա էր գործում, որը գալիս էր դեռ նախկիններից, գրեթե մոնոպոլ իրավիճակ էր երկրում․ վրացական կողմը, որոշ հայ ներկրողների հետ պայմանավորված, խոչընդոտներ էին հարուցում, եւ որոշ սուբյեկտներ չէին կարողանում բենզին ներկրել։ Հիմա կա՞ն նման դրսեւորումներ։

- Մենք այդ հարցին 2019-ի վերջում կարծես անդրադարձել էինք, հրապարակել էինք, թե այդ գործընթացները ոնց են տեղի ունենում։ Փաստել էինք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ խոչընդոտ չկա։ Որեւէ մեկը ՀՀ տարածքում որեւէ արհեստական խոչընդոտի եւ մրցակցության սահմանափակման չի հանդիպել։ Ձեր հարցի մյուս մասը՝ արդյոք Վրաստանում կա՞ն խոչընդոտներ, թե ոչ, մենք դիմել էինք մեր վրաց գործընկերներին, պարզաբանումները ստացել ենք։ Ավելի խորը ուսումնասիրություն Հայաստանի ՏՄՊՊՀ-ն, բնականաբար, Վրաստանի տարածքում, չի կարող իրականացնել։

- Եվ ի՞նչ պարզաբանում են ներկայացրել ձեր վրաց գործընկերները։

- Կապված փոխադրման գնի կառուցվածքի հետ, այսինքն՝ ծավալ+գին։

- Իսկ տրամաբանակա՞ն էին այդ պարզաբանումները։

- Տրամաբանական են, որովհետեւ խոշոր ծավալի համար տրված է ավելի էժան գին, որովհետեւ բեռնափոխադրման գինը խոշոր ծավալի դեպքում իջնում է, բայց եթե լինի ինչ-որ տնտեսվարող սուբյեկտ, որը կգա եւ կասի՝ ինքն էսպիսի խնդրի է հանդիպել, մենք կդիմենք մեր վրաց գործընկերներին եւ կասենք, որ իրենց մոտ գործարք է իրականացվել։ Բայց կարծես թե այս խոսակցությունը վերջին ժամանակահատվածում բավականին թուլացել է, կարծես թե խնդիրը գնալով վերացել է։