Սփյուռքի գլխավոր հանձնակատարը Մոսկվայում «թույն» հյուրանոցում է մնացել

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը Մոսկվայում «թույն» հյուրանոցում է մնացել

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստանի Դաշնություն երեկ ավարտվեց: Սինանյանը ՌԴ-ում է եղել փետրվարի 24-ից մինչեւ մարտի 7-ը: Մարտի 3-5-ը եղել է Մոսկվայում, ապա մեկնել է Տյումեն, Եկատերինբուրգ, Սարատով: Չելյաբինսկ, ինչպես նախօրոք հայտարարվել էր, չի այցելել: 

Հայտարարվում էր նաեւ, որ հանձնակատարը, իբր, հայ համայնքի հետ համագործակցության հարցեր է քննարկելու: Սակայն աշխարհի ամենամեծ հայ համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչներն ի սկզբանե հայտարարել էին, որ նրա հետ չեն պատրաստվում հանդիպել, քանի որ համոզված էին, որ Սինանյանն իրականում ձգտելու է ՌԴ-ում նիկոլական միավոր ձեւավորել, որը կհակադրվի Ռուսաստանի հայերի միությանը, որը վաղուց արդեն դուրս է եկել ՀՀ վարչակարգի ազդեցությունից: Սպասվում էր պատերազմ Սինանյանի եւ Ռուսաստանի հայերի միության միջեւ։ Միությունից՝ այցից առաջ, մեզ հետ զրույցում ասել էին, որ Սինանյանին հանդիպելու իմաստ չեն տեսնում եւ որ նրա հետ քննարկելու ոչինչ չունեն: Տարածաշրջանային հայկական կազմակերպությունների մեծ մասը նույնպես հրաժարվել էր Սինանյանի հետ հանդիպումներից:

Ականատեսների վկայությամբ, Սինանյանի հանդիպումները Ռուսաստանում անցել են կիսադատարկ լսարաններում եւ լի են եղել զավեշտալի դրվագներով: Սինանյանն ամենուրեք ներկայացրել է «Ի գործ» ծրագիրը՝ համարելով այն մեծագույն նվաճում: Նրան առարկել են, որ այդ ծրագիրը վերաբերում է ընդամենը 50 հոգու, մինչդեռ ՌԴ հայ համայնքը մոտ 10 մլն է: Մասնակիցները բազմաթիվ անհարմար, նույնիսկ հեգնական հարցեր են տվել, որոնց տակից Սինանյանը հաճախ չի կարողացել դուրս գալ:

Որպես օրինակ բերենք երկխոսությունը մոսկվացի գործարար Կարեն Գրիգորյանի հետ: Նա Սինանյանին հարցրել է, թե ինչ մեխանիզմ են Հայաստանում ձեռնարկում, որպեսզի Տաթեւիկ Ռեւազյանի նման «բարձր պրոֆեսիոնալները» Հայաստանում չկարողանան գործի տեղավորվել: «Դրա հետեւանքով, ինչպես տեսնում ենք, որոշ ոլորտներում կատաստրոֆիկ արդյունքներ ունենք»,- ասել է գործարարը, ինչին Սինանյանը պատասխանել է. «Դուք իմ ռեզյումեն տեսե՞լ եք, Դուք խոսում եք ինչ-որ Տաթեւիկ Ռեւազյանի մասին»: «Ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ Ռեւազյան, ձեր ռեզյումեն տեսնելը պարտադի՞ր է»,- կրկին հարցրել է Գրիգորյանը, ապա «սպառիչ» պատասխան է ստացել. «Մենք ունենք մասնագետներ ՄԳԻՄՕ-ից, Հարվարդ, Սորբոն ավարտած: Համալսարանների հետ կապված՝ մենք չունենք խնդիր, բոլորը նաեւ մագիստրատուրա են ավարտել»: «Այսինքն, իրենք ունեն տեսական փո՞րձ»,- փորձել է Սինանյանի տրամաբանությունը հասկանալ Գրիգորյանը: «Ինձ մի խանգարեք, պատասխանում եմ, մասնագետները «Ի գործի» օբյեկտիվ ստանդարտներին պետք է համապատասխանեին... իսկ Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ՝ ես չեմ նրան նշանակել ու չեմ կարող քննարկել, թե նրա օրոք կամ նրանից առաջ, ինչ վիճակ է տիրել ավիացիայում»,- ասել է Սինանյանը։

Գրիգորյանն արձագանքել է. «Ես խնդրեցի, որ չգնանք 19-րդ դար, այլ խոսենք ներկայի մասին»: Ահա այսպիսի փոխըմբռնման, բարի կատակների մթնոլորտում է անցել Սինանյան-շոուն՝ երբեմն վերածվելով «ժխորի»: 

«Մենք մեզ թույլ չենք տալիս սխալներ բռնել, խնդրում եմ ինձ չընդհատել: Ձեզնից կախված հարց չկա լուծելու»,- ասել է հանդիպմանը մասնակցած երիտասարդներից մեկը, որին Սինանյանն անընդհատ փորձել է ընդհատել: Հանդիպումների ժամանակ ռուսաստանցի հայերը նրան նաեւ հարցրել են, թե ուր է եղել «ծիրանային պատերազմի» ժամանակ, երբ մոսկովյան շուկաներից ադրբեջանցիները դուրս էին մղում հայկական ծիրանը։ Սինանյանը պատասխանել է, որ այն ժամանակ իր ընտանիքն ԱՄՆ-ում էր, եւ ինքը 6 ամիս չէր տեսել ընտանիքին, գնացել էր տեսնելու: 

«Նա ուզում էր, որ մենք իրեն սիրենք այն բանի համար, որ Գլենդելը թողել, եկել է Հայաստան: Դա ներկայացնում է որպես զոհաբերություն: Նրա՝ ընտանիքին տեսնելու մասին արտահայտությունը բոլորին ցնցեց: Այսինքն՝ մարդիկ այստեղ կյանքի հարց էին լուծում, իսկ ինքը գնացել էր ԱՄՆ: Շատերը հանդիպումներին լուրջ չէին վերաբերվում: Մեկը խոսում էր, մի 5 հոգի ծափ էին տալիս, անընդհատ լեզվակռիվներ էին լինում»,- պատմում է մոսկովյան հանդիպումներից մեկի մասնակիցը:
Մյուս մոսկվացի հայը՝ Աշոտ Թադեւոսյանը, իր ՖԲ էջում իմի է բերել. «Խոսեցինք, խոսեցինք, խոսեցինք, չգիտեմ...», մյուսներն էլ մեկնաբանել են. «Атмосфера ни о чем», կամ՝ «Դե, եթե ուզում եք հա՛մ մասնակցել, հա՛մ էլ ֆիլոսին չնեղացնել, ամեն ինչ դառնում է «ни о чем»»: 

Այս հանդիպումների մասին Սինանյանի գրասենյակը ոչ մի հաղորդագրություն չի տարածել: Միայն Հայ իրավաբանների ասոցիացիայում տեղի ունեցած համեմատաբար բազմամարդ քննարկումն է լուսաբանվել հանձնակատարի «սթաֆի» կողմից: «Ասոցիացիայի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ անկախ քաղաքացիությունից, ինչպես նաեւ համախմբել հայ իրավաբաններին սոցիալական եւ մասնագիտական հարթության մեջ: Ասոցիացիայի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի 65 սուբյեկտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է ասոցիացիայի եւ Հայաստանի պետական համակարգի միջեւ հնարավոր համագործակցությունը»,- հաղորդել է հանձնակատարի գրասենյակը: Հավանաբար, սա ՌԴ ամենանիկոլական կազմակերպությունն է: 

Ի դեպ, մենք պարզեցինք, որ սփյուռքի գլխավոր հանձնակատարը Մոսկվայում «Ի գործ» ծրագրի ղեկավար Լիանայի հետ մնացել է «թույն» հյուրանոցում՝ Նիկոլսկու փողոցում, որտեղ գիշերավարձը 25 հազար ռուբլի է: Այս եւ մյուս տեղեկությունները փորձեցինք ճշտել սփյուռքի հանձնակատարի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանից: «Ամփոփիչ հաղորդագրություն այցի վերաբերյալ լինելու է, որում կամփոփվեն բոլոր հանդիպումները, հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սոցցանցերում պարբերաբար տեղեկացրել ենք հանդիպումների մասին, սակայն ամփոփիչ հաղորդագրությունը կտարածենք արդեն երեքշաբթի»,- ասաց նա:

Հանդիպումներն անցել են վիճաբանության, լեզվակռվի մթնոլորտում, ի՞նչ տպավորություն ունի պարոն Սինանյանը՝ հարցրինք մենք: «Հանդիպումները հիմնականում անցել են ավելի կառուցողական միջավայրում: Իհարկե, եղել են նաեւ որոշակի հարցադրումներ, բանավեճեր, բայց վեճային իրադրություններ չեն եղել: Եղել են հարցեր, քննադատություն, որոնց վերաբերյալ պարոն Սինանյանը, բնականաբար, ներկայացրել է իր վերլուծությունն ու տեսակետը: Պարոն Սինանյանը Սարատովում մասնակցել է համառուսաստանյան երիտասարդական ֆորումին, որի կադրերն են տարածվել: Այնտեղ երիտասարդների կողմից արտահայտվել են որոշակի տեսակետներ, որոնց մենք վերաբերվում ենք նորմալ: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը»: Ճի՞շտ է, որ Սինանյանը մնացել է Նիկոլսկու փողոցի թանկարժեք հյուրանոցում, որտեղ գիշերելն արժե 25 հազար ռուբլի: Այս հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ ինքը տեղյակ չէ գներից: «Դրանք սահմանվում են կառավարության որոշմամբ: Թե մեկ գիշերակացի համար որքան է վճարվել, կարող եք ճշտել վարչապետի աշխատակազմի ֆինանսական բաժնից»: