Նեոբոլշևիկյան իրականություն

Նեոբոլշևիկյան իրականություն

Վարդան Ղուկասյանին՝ «Դոգին», չեմ լսել չեմ լսում և չեմ էլ պատրաստվում լսել: Նրա նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը չի նպաստել նաև նրա «հերոսություններով» լի անցյալը նախկինների օրոք: Այն ժամանակ, երբ ինքը ոստիկանության կապիտան էր (եթե սպայական կոչումը ճիշտ եմ հիշում): Ինչպես նաև չեմ դառնալու նրա հիմնադրած կուսակցության համակրողը: Ու, բնականաբար, երբեք ձայն չեմ տալու և չեմ հորդորելու ուրիշներին ձայն տալ այդ կուսակցությանը: Կարծում եմ, որ ես միայնակ չեմ այդ հարցում: Բայց այդ ամենը չի նշանակում, թե մենք պետք է աչք փակենք նրա համախոհների առումով այսօր տեղի ունեցող՝ իրավապահների «բեսպրեդելի» վրա: Որովհետև մենք մեկուկես-երկու տասնամյակ կռիվ չենք տվել նախկինների դեմ, որպեսզի մեր շնորհիվ իշխանություն վերցնելով՝ Նիկոլը շարունակի նախկինների «բեսպրեդելը»: Հերիք չի, որ շարունակի՝ անունն էլ դնի «ժողովրդավարության բաստիոն»: Որտեղ իբրև թե ընթանում են իրավապահ համակարգի՝ ոստիկանության, քննչական մարմինների բարեփոխումներ:

Կենտրոնանալով ինձ վրա՝ ասեմ, որ նախկինում արևմտամետ հայացքներ ունենալով՝ երազում էի, որ գործող իշխանությանը հեռացնելով՝ ժողովրդավարության իմիտացիայի փոխարեն մեր երկրում կհաստատենք իրական ժողովրդավարություն: Այսինքն, քրիստոնեական քաղաքակրթությանն, որի մասն ենք մենք, արժանի կառավարում: Այն ներառելու էր, բնականաբար, իրավապահ համակարգի գործունեության համապատասխանեցումն արևմտյան չափանիշներին: Բայց դրա փոխարեն, Նիկոլի վարչապետության ընթացքում մեր երկրում ձևավորվեց «նեոբոլշևիկյան» իրականություն: Հենց այդ եզրույթը կարող է գալ մարդու ուղեղը, երբ վերջինս իմանում է, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խոշտանգումների մասին: Եվ ոչ միայն նրա, այլև «Դոգի գործով» անցնող երեք այլ անձի նկատմամբ: Իսկ հանցագործության մասին Առաքելյանի հաղորդումն էլ բնութագրվի որպես սուտ մատնություն:

Եթե ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն իր իշխանությունը ներկայացներ ոչ թե «գերժողովրդավարական», այլ արևելա-բռնակալական, ապա ես կհասկանայի «Դոգի» հիմնադրած կուսակցության նախագահին ու մնացած համակիրներին խոշտանգելու հանգամանքը: Եթե հեռավոր ամերիկաներից «Դոգն» անվանարկեր ու հայհոյեր ոչ թե (կամ ոչ միայն) գործող իշխանության ներկայացուցիչներին, այլ (այլև) պետական ինստիտուտները՝ կրկին դա կհասկանայի. բայց դա միայն այն դեպքում, եթե մեր երկիրը լիներ ոչ թե աշխարհիկ պետություն, այլ կրոնապետություն: Բայց քանի որ այդ ամենը բացակայում է, և քննչականի ղեկավարն է իջնում պատանեկան փողոցային «ռազբորկաների» մակարդակին, այն էլ՝ պաշտոնեական լիազորություններն օգտագործելով, ես դա ոչ մի ձևով չեմ հասկանում: Չեմ հասկանա, եթե, ինչպես ասվեց, չընդունեմ, որ մեզանում ոչ թե 21-րդ, այլ 20-րդ դարասկիզբն է: Եվ իշխանությունն էլ ոչ թե ժողովրդավարության գագաթնաժողովներին հրավիրյալ է, այլ նեոբոլշևիկյան:

Ես չեմ հասկանում նաև իմ նախկին գործընկերներին, որոնք նախկինների օրոք արևմտյան դրամաշնորհներով փորձում էին աջակցել ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում: 15-20 տարի առաջ, երբ ոստիկական բաժանմունքում խոշտանգումների էր ենթարկվում, օրինակ, նույն Առաքելյանը (եթե, իհարկե, անձի առումով չեմ սխալվում), իմ նախկին գործընկեր իրավապաշտպանները պաշարում էին ոստիկանական համապատասխան բաժանմունքը: Եվ չէին հանգստանում, մինչև չէին ազատում նրան կամ մեկ այլ ձերբակալվածին: Ընդ որում, դա անում էին՝ չսպասելով փաստաբանների ասուլիսներին: Այսօր նույնիսկ այդ ասուլիսները հիմք չեն դառնում, որպեսզի քննչականի շենքը պաշարվի ճիշտ այնպես, ինչպես նախկինում պաշարվում էին ոստիկանության շենքերը: Փաստորեն այսօր այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, հենց «բարձր կարգի» ժողովրդավարության դրսևորում է: Եվ եթե նույնիսկ տեսականորեն վերացարկվենք Արցախը կորցնելու և Հայաստանին սպառնացող վտանգներից, մեր երկրում հաստատված կարգերն այնպիսին են, ինչպիսին, փաստորեն, ցանկանում էին տեսնել նախկինում ակտիվորեն գործող իրավապաշտպաները: Ցավում եմ, որ մենք մեզ դրսևորեցինք ոչ թե մի քանի հազարամյա պատմություն ունեցող նստակյաց ժողովրդի, այլ տափաստանների քոչվորներին արժանի ձևով: