Ժողովրդի անտարբեր լռությունը

Ժողովրդի անտարբեր լռությունը

Հայաստանում իշխանությունը (ավելի ճիշտ՝ Նիկոլը) վկայակոչում է ժողովրդին՝ ազգակործան իր գործողություններին լեգիտիմություն հաղորդելու նպատակով: Ընդդիմությունը ևս հղում է անում սահմանադրական նորմին՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Իսկ ժողովուրդը ցավալիորեն, ինչպես ռուս մեծ պոետն է ասել «Բորիս Գոդունով» ստեղծագործության մեջ, անտարբեր լռում է: Խոսքն, իհարկե, ժողովրդի մեծամասնության անտարբերության մասին է: Թե ինչո՞ւ է այդ մեծամասնությունն անտարբեր՝ դրա մասին բազմիցս է գրվել: Նշեմ հիմնականները՝ ներկաների և նախկինների միջև՝ նիկոլական կեղծ երկընտրանքի արանքում գերու վերածվելը, 44 օրում մի քանի հազար զոհի առկայությունից առաջացած շոկի և դրանով պայմանավորված՝ պատերամը մերժելն ու նիկոլական կեղծ խաղաղասիրությանն ապավինելը, խայտառակ պարտությունից հետո ծագած փողոցային շարժումների անհաջողությունը, «Դանկոյի սիրտը» լեգենդի համանուն հերոսի նման անձնազոհ առաջնորդի չհայտնվելը և այլն, և այլն...

Սակայն ողջ խնդիրը նրանում է, որ երկակի հղումների իրավիճակում հայտնված ժողովրդի անտարբերությունից շահում է Նիկոլը: Եվ շարունակում է, ինչպես ժամանակին իր հոգևոր հայրն էր բնորոշել, «ազգակործան պատուհասի» իր գործունեությունը: Հանուն իշխանության պահպանման՝ հնարել է խաղաղության օրակարգ կոչված անհեթեթությունը, և շարունակում է դրանով կերակրել հասարակությանը: Իսկ հասարակությունն էլ արտաքնապես համաձայնում է թե՛ Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու և թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գաղափարներին: Չնայած սոցհարցումների ժամանակ հարցվածների գերակշիռ մեծամասնությունն (86.4%) անհամաձայնություն է հայտնում Արցախը թշնամուն հանձնելու ազգադավ գաղափարին: Բայց դա այն պոտենցիալն է, որը չի մարմնավորվում իրական գործողությունների մեջ: Վախենամ, որ եթե վաղն արտահերթ ընտրություններ կազմակերպվեն, սոցհարումներում Նիկոլին մերժող ժողովուրդը կրկին ձայն տա նրան:

Թե ինչու է ժողովուրդը հայտնվել նման իրավիճակում՝ կարող է բացատրվել նաև մեկ այլ հանգամանքով, որ այսօր երևի շատերն են մոռացել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին ընդդիմադիր մամուլին մեղադրում էր երկրում գաղջ մթնոլորտ ձևավորելու մեջ: Հետաքրքիր է, նա հասկացա՞վ, որ գաղջ մթնոլորտն օբյեկտիվ պատճառների հետ մեկտեղ ուներ նաև սուբյեկտիվ լուրջ գործոն: Եվ դա, որքան էլ զարմանալի թվար (կամ այժմ թվա) իրեն՝ հենց ինքն էր: Եվ այդ գործոնի կամ «ճարտարապետի» գործերից մեկն, օրինակ, ՀՀ 10-րդ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի թաղումն էր Կոմիտասի անվան պանթեոնում: Եվ որպես նման վայրում թաղում կատարելու հիմնավորում՝ մայրաքաղաքի փողոցները զարդարող՝ «Հայոց մեծերը» անվանումով գովազդային պաստառների շարքում նրա դիմանկարի տեղադրումը: Այս դեպքի մասին հիշելու պատճառը հունիսի 12-ին (Ա. Մարգարյանի ծննդյան օրը) Սերժ Սարգսյանի այցն էր հայոց մեծերի պանթեոն: Այնինչ, որքանով էլ անսովոր մարդ լիներ Անդրանիկ Մարգարյանը թե՛ որպես անձ և թե՛ որպես վարչապետ, բայց նա, համենայն դեպս, այն անձը չէր, որ կարող էր տեղ գրավել հայ մշակութային կամ ականավոր պետական գործիչների շարքում:

Ի դեպ, այդ հարցում Մարգարյանը միակը չէ, քանի որ պաշտոնին գտնվելու պահին մահանալու դեպքում Կոմիտասի անվան պանթեոնում թաղված լինելու պատվին առաջին անգամ արժանացել է ՀՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ Գրիգոր Արզումանյանը (1919-1976), որ պաշտոնավարել է 1972-1976 թվականներին: Իսկ այդ տարիներին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը Կարեն Սերոբի Դեմիրճյանն էր: Ում աճյունը ևս, Ազգային ժողովում իրականացված ոճրագործությունից հետո, ամփոփվեց նույն վայրում: Բայց եթե ես լինեի Սարգսյանի տեղը՝ հաստատ կխախտեի Կարեն Սերոբիչի ստեղծած ավանդույթը: Եվ Անդրանիկ Մարգարյանի աճյունը կամփոփվեր, օրինակ, Արագածոտն մարզի Իրինդ գյուղի եկեղեցու բակում: Այդ գյուղի բարեկամներից մեկի տանը նա թաքնվել էր նախորդ դարի 60-ականներին ՀԽՍՀ անվտանգային մարմիններից: Գյուղի 7-րդ դարի եկեղեցին էլ վերականգնվել էր վարչապետ Մարգարյանի գործուն մասնակցությամբ: Իրինդում կատարված հուղարկավորությունն, ի դեպ, կարող էր ապահովել այդ գյուղի՝ զբոսաշրջության կենտրոնի վերածվելուն:

Ներկայացվածն ընդամենը գաղջ մթնոլորտի դրսևորման մեկ դրվագ էր, այն էլ՝ ոչ առանցքայիններից, որ ապահովեց Նիկոլի վարչապետ կարգվելը: Բայց նույնիսկ մանր հարցերում նախկինները չունեցան չափի զգացողություն: Այն, ինչ չէր վանի ժողովրդին նրանցից նախկինում ու այսօր Նիկոլի կողմից չէր օգտագործվի նախկինների վերադարձով ժողովրդին հիմարացնելու համար: