«Ազգային համաձայնության կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»․ ե՞րբ և ինչպե՞ս. մաս 2

«Ազգային համաձայնության կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»․ ե՞րբ և ինչպե՞ս. մաս 2

2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի, ԼՂՀ տարածքների մեծ մասի հանձման հայտարարության ստորագրումից հետո Հանրապետության ներսում բավականին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։ Անհրաժեշտ է ազգային համաձայնության կառավարություն՝ իրավիճակը մեղմելու, իսկ այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ նոր խորհրդարան, կառավորություն ձևավորելու համար։ 

Իսկ, թե ո՞ւմ օրոք պետք է լինեն ընտրությունները, հարցերի տեղիք է տալիս։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ չի կարող երկիրը տանել արտահերթ ընտրությունների, քանի որ նա Հանրապետությունում ապակայունացման գործոն է։ Բացի այդ, ըստ պատգամավորի՝ արտահերթ ընտրություններ հիմա չեն կարող լինել մի քանի պատճառներով։ 

«Վեց ամիսը նվազագույն ժամկետն է, որ կարող ենք մենք նպատակ դնել արտահերթ ընտրություններ իրականացնելու համար, բայց մինչև արտահերթ ընտրությունները մենք պետք է կարողանանք վերացնել պատերազմի հետևանքները, որպեսզի հասարակությունը կարողանա պատրաստ լինել ընտրություն կատարելու և ձևավորելու նոր իշխանություն։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, մենք ասել ենք, որ Փաշինյանը երկրում ապակայունացման գործոն է։ Մարդ է, ով տարածում է ատելություն, մարդ է, ում իշխանությունը հիմնված է անհանդուրժողականության հիման վրա։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որպես այդպիսին, չի կարող երկիրը տանել նոր արտահերթ ընտրությունների»,- նշեց Սամսոնյանը։ Պատգամավորի խոսքերով՝ ընտրությունները պետք է լինեն ազգային համաձայնության կառավարության օրոք, և «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է ճանապարհային քարտեզ։ 

«Պետք է լինի անցումային կառավարություն՝ անցումային վարչապետով, որը կկարողանա վերացնել պատերազմի հետևանքները, կայունացնել երկիրը, վերացնել անվտանգության սպառնալիքները․ խոսքը վերաբերում է և՛ արտաքին, և՛ ներքին անվտանգությանը, և երկիրը պատրաստել նոր արտահերթ ընտրությունների»,- եզրափակեց ԼՀԿ պատգամավորը։ 

Հարցին՝ արդյո՞ք կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանը դրական պատասխան տվեց։

«Պետք է սկզբում ազգային համաձայնության կառավարություն ձևավորվի։ Ազգային համաձայնության կառավարությունը պետք է լուծի կորոնավիրուսի, պետական սահմանների, պայմանագրով (հրադադարի և ԼՂՀ տարածքների մեծ մասի փոխանցման - ՀՐԱՊԱՐԱԿ) Արցախում ստեղծված անորոշությունները մեր օգտին իրացնելու, տնտեսական, անվտանգային, ընտրությունների կազմակերպման խնդիրները։ Պետք է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն, «Կուսակցությունների մասին» օրենքում պետք է փոփոխություններ կատարվեն։ Դրանք բոլորը պետք է լուծվեն ազգային համաձայնության կառավարության իշխանության ժամանակ»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Վերջինիս կարծիքով՝ այս ամեն ինչն անելուց հետո նոր պետք է ընտրությունները կազմակերպվեն։ «Այս պահին չի կարելի ընտրություններ կազմակերպել և երկիրը գցել ցնցումների մեջ․ առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ կան։ Վիճակը պետք է կայունացնել, նոր գնալ ընտրությունների »,- եզրափակեց քաղաքական գործիչը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի խոսքերով՝ վայրկյան առաջ Նիկոլ Փաշինյանի հեռացումը հայ ժողովրդի և հայոց պետականության փրկությունն է։ «Եվ բարոյական լեգիտիմություն չունեցող Նիկոլ Փաշինյանը չի կարող նախաձեռնել նոր ընտրություններ, որովհետև նա վաղուց սպառել է իր քաղաքական, իր բարոյական պատասխանատվությունը, իսկ իրավական պատասխանատվությունն էլ շուտով ընթացքի մեջ կդրվի։ Նա չունի այդ բարոյական հեղինակությունը, լեգիտիմությունը նոր ընտրություններ նախաձեռնելու համար»,- սա էր Լիլիթ Գալստյանի անձնական տեսակետը։ 

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե արդյո՞ք Փաշինյանի օրոք ընտրությունների կմասնակցեն, պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ, ժամ առաջ պետք է հրաժարական տա։ «Որովհետև պարտություն բերած, հողատու, կապիտուլյացիա ստորագրած, պատերազմի պատճառ դարձած, այսքան զոհերի պատասխանատու, հայրենատու, 12 հազար 5 հարյուր քառակուսի կիլոմետրից ընդամենը 2 հազար 5 հարյուր քառակուսի կիլոմետր թողած, 9 հարյուր 50 հազար հեկտար հանձնած մարդն իրավունք չունի լինել հայ ժողովրդի վարչապետ։ Երկրորդ, 44 օր խաբած, թաքուն ու ծածուկ նման կապիտուլյացիայի ակտ ստորագրած, ռազմական ու քաղաքական իրավիճակին չտիրապետող, միջազգային հանրության կողմից և սեփական երկրի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության կողմից մերժված քաղաքական գործիչը չի կարող լինել ազգի առաջնորդ։ Նիկոլ Փաշինյանը զրո է, զրո, մինուս անվերջություն։ Մինուս անվերջությունը քաղաքական դիակ է, ասել ենք դա։ Քաղաքական դիակին ու մինուս անվերջությանը պահում ենք այստեղ, որ ի՞նչ անի»,- շարունակեց քաղաքական գործիչը։

Շարմազանովի խոսքերով՝ Փաշինյանի ասածները որևէ մեկը բանի տեղ չի դնում։ «Պուտինն ասում է՝ «Փաշինյանն ու Ալիևն են իրար հետ ստորագրել (հրադադարի, ԼՂՀ տարածքների մեծ մասի հանձման նոյեմբերի 9-ի հայտարարությունը - ՀՐԱՊԱՐԱԿ)», բայց ես ինչպես հասկացա՝ Ալիևը հանձնարարել է, Փաշինյանն էլ ընդամենը ստորագրել է։ Կամ Ալիևը թելադրել է, Փաշինյանն էլ ստորագրել է։ Փաշինյանը և իշխանությունը տեղյակ չեն տարածքների հետ կապված հարցերից։ Մինչև այդ ասում էին՝ «Լաչինը մեզ է մնում», Լաչինն էլ տարան։ Մարտակերտի գյուղերի մասին խոսք չկար, Մարտակերտի գյուղերն էլ գնացին Ադրբեջանին։ Սոթքի մասին չէին խոսում, Սոթքի կեսն էլ տարան։ GPS-ով օրը մի քանի կիլոմետր տանում են երկրից»,- շարունակեց նա։

Ըստ ՀՀԿ գործչի՝ մամուլում արդեն տեղեկություն կա, որ Սյունիքի մարզից մի շարք գյուղեր, կարծես թե, անցնում են Ադրբեջանին։ Փաշինյանը, Շարմազանովի խոսքերով, բոլոր դժբախտությունների, ազգային ողբերգության թիվ 1 պատճառն է։ «Ու այսօր բոլոր ազգային ուժերը պետք է ունենան մի օրակարգ՝ օր առաջ ազատվել հողատու, հայրենատու Նիկոլից։ Ինքն այլևս չունի որևէ սատարում, որևէ մեկի մոտ չունի։ Ազգային մտավոր էլիտան այս մարդուն «Ոչ» է ասել։ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հրաժարական է պահանջել, Մայր բուհը հրաժարական է պահանջում, տեսնում ենք՝ արվեստագետներ կան, որ հրաժարական են պահանջում։ Բոլոր քաղաքական ուժերը, բացի իր «սորոսածին» ու «իմքայլական» խունտայից, հրաժարական են պահանջում։ Իր թիմակիցները մանդատ են դնում կամ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալիս։ Էս մարդու խոսքն արժեք չունի, ինքը քաղաքական իմպոտենտ է»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ գործիչն ասաց, որ մոտ մեկ ամիս է, ինչ զինադադար է, իսկ Փաշինյանը նույնիսկ 1 գերի չի կարողացել վերադարձնել։ «Երբ որ Հայաստանի քաղաքացիները հույսները կապել են Պուտինի հետ, այդ պետության ղեկավարի հետ։ Էս մարդը գալիս է գործի, որ ի՞նչ անի, ես չեմ հասկանում։ Ու Դուք ինձ ասում եք՝ «արտահերթ ընտրություններ Նիկոլի պարագայում»։ Նիկոլը պետք է հրաժարական տա, ինքը սպառված է։ Նիկոլն ինչքան մնա, ասե՞լ եմ, թե՞ չէ, ամեն օր մնալը, մեկ էլ տեսնում ենք, մի քանի կիլոմետր մեր տարածքից գնում է։ 2,5 տարի է, Ալիևին մի թթու խոսք չի ասել, 44-օրյա պատերազմի ընթացքում չի ասել, հիմա  էլ Ալիևը նվաստացնում է, էս մարդը ծպտուն չի հանում։ Էլ չեմ ասում, որ բոլոր նախկին նախագահներն էս մարդուն սուտ հանեցին։ Նույնիսկ իր քաղաքական հայր, հոգևոր հայր Տեր-Պետրոսյանն «ազգադավ» ասեց։ Էլ ի՞նչ եք ուզում, մնում է, որ ի՞նչ անի․ որ Սորոսի ծրագրերը կամ, չգիտեմ, Բոլթոնի կամ Էրդողանի ծրագրերն իրակացնի՞, մի օր էլ արթնանանք-տեսնենք՝ Սյունիքը մերը չէ՞»,- եզրափակեց ՀՀԿ-ական գործիչը։ 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նույնպես այն կարծիքին է, որ նոր ընտրություններից առաջ պետք է ընդունել համապատասխան օրենսդրություն։ «Հենց որ կընդունվի այդ օրենսդրությունը, ապա նոր կխոսենք նոր արտահերթ ընտրությունների, նաև մեր մասնակցության մասին։ Քանի դեռ այդ օրենսդրությունը չկա, այսինքն՝ հին կանոններով, հին, միգուցե այդ բառը չօգտագործեմ, ավտորիտար կանոններով ընտրություններ չեն կարող լինել։ Մենք միանշանակ այդ գիծը պետք է գծենք և ունենանք։ Հետևաբար, քանի դեռ մենք այդ որոշումը չունենք, ապա խոսել ընտրությունների մասին, կարծում եմ, ժամանակավրեպ է»,- շեշտեց Փոստանջյանը։

Հարցին՝ «Ձեզ համար կապ չունի՞, թե ում օրոք կլինեն ընտրությունները», ԵԾ կուսակցության նախագահը պատասխանեց, որ, միանշանակ, կապ ունի․ «Նիկոլ Փաշինյանն այլևս օրենքից դուրս է, այլևս Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի ունեցածը մենք պետք է դատապարտենք, այսինքն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց իրականացնել և նաև վերջնական դատավճիռ ունենալ։ Այդ ակնկալիքը բոլորիս մոտ է, բոլոր քաղաքական ուժերի օրակարգում է, ես այդպես եմ կարծում, այդ թվում՝ նաև հենց իրենց՝ «Իմ քայլի» օրակարգում է, որովհետև շատերն արդեն իրենից հրաժարվում են․ դա միանշանակ է»։

Փոստանջյանն ասաց, որ միանշանակ է ժամանակավոր կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, իսկ արտահերթ ընտրությունների մասին պետք է խոսել հասկանալուց հետո, թե ինչ կարգով պետք է դրանք տեղի ունենան։ «Առանց այդ կարգի ընդունման, առանց արդար կարգի ընդունման, առանց 30 տարվա ընթացքում մեր ապրածին գնահատական տալու՝ մենք չենք կարող ունենալ, ես այդպես եմ կարծում, արդար արտահերթ ընտրություններ ապագայում»,- եզրափակեց նա։

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը շատ կարճ մեկնաբանեց արտահերթ ընտրությունների հարցը։

Ըստ նրա՝ գոյություն ունի մեկ օրակարգ այս պահին։ «Եվ այդ օրակարգը սկսվում և ավարտվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականով։ Եվ նոր դրանից հետո հնարավոր կլինի քաղաքական որևէ գործընթացի մասին խոսել։ Այլ օրակարգ քաղաքական ողջ դաշտում ուղղակիորեն չկա և գոյություն ունենալ չի կարող։ Իմ մեկնաբանությունն այսքանով սահմանափակենք»,- եզրափակեց քաղաքական գործիչը։