Եթե նույնիսկ լինում են ճաքեր ՔՊ-ում, սվաղում ենք դրանք

Եթե նույնիսկ լինում են ճաքեր ՔՊ-ում, սվաղում ենք դրանք

Ազգային ժողովում վերջին վայրագությունների ֆոնին համացանցում կարծես խլացավ Վատիկանում նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությունների թեման, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է 2019-ի փետրվարին՝ այն ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել իրեն Հռոմում եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն էր՝ Մինասյանը պետք է վճարեր սիմվոլիկ գումար իքս հիմնադրամին, որից հետո կդադարեցվեին նրա եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ քրեական հետապնդումները, Մինասյանն էլ առժամանակ պետք է հեռանար քաղաքականությունից։ Միքայել Մինասյանը, սակայն, մերժել է առաջարկը։ Փաշինյանի կողմից այդպես էլ որեւէ արձագանք չեղավ նախկին դեսպանի հայտարարություններին, որ իմանայինք՝ իսկապես գործարքի առաջարկ եղե՞լ է նրան, թե՞ ոչ։ Փորձեցինք այս հարցի պատասխանը ստանալ Փաշինյանի թիմի առանցքային անդամներից մեկից՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից։

- Պարոն Հարությունյան, Ձեր թիմակիցները համառորեն չեն ուզում պատասխանել Միքայել Մինասյանի հայտարարություններին։ Կասե՞ք՝ ինչ գործարք եք առաջարկել նրան, եւ որքա՞ն պետք է լիներ այդ «սիմվոլիկ» գումարը։

- Ինձ թվում է՝ իր հայտարարություններով կզբաղվեն համապատասխան մարմինները, եւ դրանից հետո նոր կմեկնաբանենք։

- Իսկ կարո՞ղ է այնպես ստացվել, որ այդ մարմինները սկսեն զբաղվել, եւ դուք՝ ձեր թիմակիցները նույնպես հայտնվեք իրավապահների ուշադրության կենտրոնում։

 - Կարծում եմ՝ մենք մաքսիմալ բաց ենք եղել մեր գործունեության մեջ եւ գործել ենք օրենքի սահմաններում, միշտ։

- Հիմա Միքայել Մինասյանն իրավական առումով խնդիրներ հարուցող հայտարարություննե՞ր է արել, որ պետք է իրավապահները զբաղվեն։

- Կարծում եմ, որ էնտեղ կան որոշակի հանգամանքներ, որ պետք է ճշտել։

- Ինքն ասում է, որ Փաշինյանը Վանեցյանին գործուղել է իր մոտ, որ գործարք առաջարկի իրեն։ Ճի՞շտ է ասում։

- Թող ստուգեն։

- Ի՞նչը ստուգեն՝ ուղարկե՞լ է Վանեցյանին, թե՞ ոչ։

- Այո։

- Վանեցյանը դրա մասին մի որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, հիմա էլ Միքայել Մինասյանն է հայտարարում, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից որեւէ արձագանք չկա։

- Ես չեմ պատրաստվում իրենց մեկնաբանել, որովհետեւ իմ ժամանակը սուղ է իրենց մեկնաբանելու համար։

- Բայց կարելի է ժամանակ գտնել ու մեկնաբանել, քանզի դա նաեւ ձեր շահերից է բխում՝ մարդիկ ձեզ մեղադրում են իրենց գործարք առաջարկելու մեջ։

- Մեզ կարող են ամեն ինչում մեղադրել, պարզապես մենք ցույց ենք տվել, որ երկու տարում բաց ենք, թափանցիկ եւ օրենքի դաշտում։

- Հիմա Դուք վստահեցնում եք, որ Միքայել Մինասյանին Փաշինյանի կողմից որեւէ գործարքի առաջարկ չի՞ արվել։

- Իրավապահները թող ստուգեն եւ եզրակացություններ անեն։

 - Ձեր թիմակից Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, թե Վանեցյանն ու Մինասյանը վաղեմի ընկերներ են եղել։ Դուք է՞լ ունեք նման տեղեկություն։

- Չունեմ նման տեղեկություն, ես նրանց անձնական շփումներով չեմ զբաղվում։

- Պարզապես, եթե վաղեմի ընկերներ էին, ինչո՞ւ էիք Միքայել Մինասյանի վաղեմի ընկերոջը նշանակել ԱԱԾ տնօրեն։

- Գիտե՞ք, կան իրավիճակներ․․․ Նախ, Հայաստանը փոքր պետություն է, եւ շատերը շատերի հետ կարող է ժամանակին ընկերություն են արել, շփումներ են ունեցել։ Ես էլ նախորդ իշխանություններում ունեի ծանոթներ, ընկերներ, նույնիսկ՝ բարեկամներ, բայց դա որեւէ բան չի նշանակում։

- Հիմա ի՞նչ խնդիր ունեք նախորդ իշխանությունների հետ, որոնց մի մասը Ձեր ընկերներն ու բարեկամներն են եղել։

- Նախորդ իշխանության ընդհանուր տրամաբանության հետ ենք ունեցել խնդիրներ եւ էն մարդկանց հետ, ովքեր եղել են հանցագործ։

- Դե, այդ տրամաբանության դեմ էլ պայքարեք կամ հենց նրանց, որոնք հանցագործ են։

- Պայքարում ենք։

- Դուք գիտե՞ք մարդկանց նախորդ իշխանությունից, որոնք հանցագործ են։

- Կարծում եմ՝ արդեն բավականին բացահայտումներ կան։

- Չէ, խոսքը դատարանի վճռով հանցագործ ճանաչված անձանց մասին է, դուք այդպիսի հանցագործների ճանաչո՞ւմ եք։

- Կարծում եմ՝ շատ գործեր կան, որտեղ արդեն բացահայտումներ կան, դատարանն էլ թող որոշի՝ հանցագո՞րծ են, թե՞ ոչ։

- Օրինակ՝ Միքայել Մինասյանը հանցագո՞րծ է։

- Դատարանը կորոշի։

- Պարոն Հարությունյան, մի հարց եւս՝ ճաքեր չկա՞ն ձեր թիմում։

- Ճաքե՞ր։ Եթե նույնիսկ լինում են, սվաղում ենք էդ ճաքերը։

- Պարզապես մամուլը գրում է ՔՊ-ի ներսում առկա լարվածության, խնդիրների մասին, որ թեժ են անցնում ՔՊ-ի նիստերը, որոշ պատգամավորների պարտադրում են վայր դնել մանդատները։

- ՔՊ-ի նիստերը ստեղծման օրվանից շատ թեժ են անցել միշտ, եւ էդ թեժության պատճառով է, որ ՔՊ-ն հաջողել է եւ 2018 թվականին իրականացրել է հեղափոխություն։

- Կա՞ն պատգամավորներ, որոնք պետք է իրենց մանդատը վայր դնեն։

- Ըըըը․․․ չեմ անդրադարձել այդ հարցին։

- Ե՞րբ չեք անդրադարձել։

- Տենց չեմ մտածել էդ հարցի մասին։

- Իսկ գուցե մտածե՞ք, որովհետեւ մամուլը պարբերաբար գրում է, որ կան չենթարկվող պատգամավորներ։

- Եթե անընդհատ մամուլի հրապարակումներով գնանք, պետք է զբաղվենք բացառապես մամուլի հրապարակումներով։

- Բա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ինչո՞վ էին զբաղված այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը մամուլի ներկայացուցիչ էին ու թերթ էին խմբագրում։

- Պետության ողբալի վիճակը 2018 թվականի սկզբից ցույց էին տալիս, որ զբաղված էին բացառապես քաղաքական ընդդիմախոսներով եւ իրենց անձնական գործերով։

- Այսինքն, պե՞տք չէ մամուլի հրապարակումներին տեղ տալ, կարդալ, հետեւություն անել։

- Պետք է, անպայման, եւ անում ենք։ Ես պարտադիր առավոտյան գոնե մամուլն ընթերցում եմ, եւ եթե օգտակար բաներ կան, օգտակար քննարկումներ կան, անպայման հաշվի եմ առնում։